Հրեաների մասին բազմաթիվ անեկդոտներ ու թևավոր խոսքեր կան. ես յուրաքանչյուրից մեկական եմ շատ լավ հիշում։ Անեկդոտի դեպքում այն այսպես է հնչում. Մեծահարուստ (չնայած այլ կերպ չի էլ լինում) հրեաներից մեկին հարցնում են՝ քանի՞ ժամ ես օրական աշխատում։ Պատասխանում է՝ 24։ Հարցնում են՝ իսկ ի՞նչ ես անում, երբ ժամանակը չի հերիքում։ Պատասխանում է՝ մի ժամ շուտ եմ արթնանում։) Առաջին հայացքից ասբուրդային է, որի վրա էլ կառուցված է հումորը։ Նույնքան աբսուրդային ու հումորային են նաև մի շարք երևույթների մեր շրջապատում. ահա մեկը...
Հիշում եմ, երբ առաջին անգամ հայտնվեցի Գերմանիայում, ինչն ինձ շատ զարմացրեց՝ դա կյանքի տեմպն էր։ Այն չեմ ասի արագ կամ դանդաղ էր, պարզապես ուրիշ էր այնտեղ։ Նույն զգացումն ունեի 1995-ին, երբ հայտնվեցի Երևանում, հետո 1998-ին Կահիրեում, հետո 2000-ականներին էլի Երևանում, երբ թվում էր թե մարդիկ չգիտես ինչու, չգիտես ինչի համար շտապում են, շատ են շտապում։ Ոչ ոք չի նայում շրջապատին, բոլորն ինչ որ մի տեղ են գնում, կամ ավելի շուտ վազում։ Ու անկեղծ զարմանում էի, թե ուր են վազում։ Վազողների շարքում, ցավոք, հիմա նաև ես եմ։ Ափսոս, բայց դրա մասին հետո։
Հիշում եմ, մի քանի տարի առաջ մի հոդված էի կարդում, որ շրջապատի փոփոխության ու մարդու էվոլյուցիայի մասին էր, որտեղ պնդում էին, որ մարդն այժմ ինքն է որոշում իր էվոլյուցիոն ուղին, քանի որ իրեն է հարմարեցնում շրջապատը։ Պնդումը հասարակ է, ուղղակի դարվինյան հայտնի տեսությունում փոխվել են գումարելիների տեղերը։
Հոդվածում ինչ որ հոգաբանական հատված կար, որտեղ պնդում էին, թե ժամանակն այնքան է արագանալու, խոսքը հոգեբանական ժամանակի մասին է, որ հանգստանալ կամ դադար տալ հնարավոր էլ լինելու միայն այն պահերին, երբ դու սպասողական վիճակում ես. սպասում ես կանգառում, սպասում ես մինչև բրաուզերը կբացի քո հարցված էջը, սպասում ես մինչև դուռը կբացեն, սպասում ես որ քնես ու այսպես շարունակ։
Սպասման մի փոքր բարդացված տեսակն էլ կա (սա արդեն տեսության իմ տարբերակն է։). կյանքի ինչ որ միջնաժամկետ կամ կարճաժամկետ էտապ ես ծրագրում ու սպասում ես, մինչև քեզ կպատասխանեն, կամ իրավիճակն այնպես կդասավորվի, որ կսկսվի այդ էտապը կամ չի սկսվի։ Դա մոտավորապես այն է, երբ դեսպանատուն Կանադա արտագաղթելու կամ արտերկրում սովորելու հայտ ես տվել ու սպասում ես մինչև քեզ կպատասխանեն։ Սպասման այդ վիճակը հոգեբանական հանգստի վիճակ է. կարճ դադար վազքի ընթացքում։ Հանգիստ ես, որովհետև ծրագիր ունես ու հույս, որ այդ ծրագիրը կաշխատի, նոր ծրագրեր որոնել առայժմ պետք չէ։ Հետո, պատասխանից հետո, սկսվում է վազքի նոր փուլը՝ արգելքներով կամ առանց արգելքների։
Ինչի համար եմ սա գրում, ու ինչ կապ ունի սա հրեաների մասին անեկդոտի հետ։ Եվս մեկ պրեսուբպոզիցիա՝ կապը բացատրելու համար։
Աշխատանքային բավականին երկար օրից հետո «վազում» էի տուն. ճանապարհին հանդիպեց մի ավտոբուս, որն ավելի երկար է հասնում տուն, քան մյուսները։ Ես հիշեցի սպասման իմ տեսության մասին ու փորձեցի հանգստանալ տան ճանապարհին՝ ավտոբուսի մեջ։ Առաջին 5 րոպեն հիանալի էր, ճանապարհները ազատ, երեկոյան Երևանը՝ լույսերի, Չարենցի, Կորյունի փողոցների ու մի քիչ էլ գարնան հաշվին՝ բավականին գեղեցիկ։ Վայելում էի։) Հետո հասանք Մատենադարան. հիշեցի, որ հանրահավաք էր, դրան հաջորդող երթով։ Ավտոբուսը պիտի իջներ Մաշտոցի պողոտայով, որը փակ էր կամ խցանված։
Կարծես թե դա ինձ պիտի ուրախացներ, չէ որ սպասման իմ տեսության հաշվին ես ավելի շատ պիտի հանգստանայի ավտոբուսում։ Բայց չգիտես ինչու սկսեցի քիչ-քիչ նյարդանանալ, որ տուն ուշ եմ հասնելու։ Չարենցի ու Կորյունի փողոցների մասին մոռացա։ Տուն բավականին ուշ հասա, ինչ որ պիտի անեի տանը, էլ ժամանակ չմնաց անելու։ Հիշեցի հրեաների այդ անեկդոտն ու հասկացա։
Սպասումը հանգիստ է այնքան, քանի դեռ այն չի խանգարում վազքի մյուս մրցուղուն։ Հակառակ դեպքում այն վերածվում է հերթական հումորային ինքնախաբեության՝ դու աշխատում ես կամ վազում 24 ժամ ու հետո էլ մեկ ժամ շուտ արթնանում, որպեսզի էլի վազես։)
Չորեքշաբթի իրիկուն
Մարատ
Այնքան լավ եք գրել ու բացատրել այն, ինչի մասին ես մտածում եմ օրվա ընթացքում անընդմեջ, իսկ հաճախ էլ տխրում եմ, քանի-որ չգիտեմ, թե ուր ենք հասնելու էսպես:
ReplyDeletehttp://www.facebook.com/l.php?u=http%3A%2F%2Fwww.youtube.com%2Fwatch%3Fv%3DR5aeXPE0ajg&h=1a96a212866fa04ff50c99e03f12064a
Լինքը տալիս եմ, որ ուղղակի համեմատենք քսան տարի առաջվա արագությունն ու այսօրվանը:
Իսկ ես գնամ-քնեմ, որ մի ժամ շուտ արթնանամ :)))
Ողջույն sonataj, ժամանակները կարծում եմ արագ են եղել բոլոր ժամանակների համար։)) Կարծում եմ, բացի հարմարվելուց այլ բան չի մնում անել, չնայած կարելի է փորձել և փոխել ամեն ինչ, նեղ միջավայրում, իհարկե։)
ReplyDelete