Monday, April 5, 2010

Միջին բիզնեսի ու իշխանությունների լեգիտիմության միջև կապի մասին

Իշխանությունների լեգիտիմության մասին բազմաթիվ այլ առիթներ ևս կունենամ գրել, շեշտելու համար, թե ինչքանով է այն կարևոր առողջ հասարակություն, հետևանքում նաև բարեկեցիկ հասարակություն ունենալու համար։ Այս դեպքում, սակայն, ուշադրության կենտրոնում լեգիտիմության և բիզնեսի միջև կապն է լինելու։ Իսկ ահա թե ինչու։
Նախօրեին Սուրբ Զատիկն էր, շնորհավորում էինք միմյանց, նաև ընկերներիս, ամենամոտ ընկերներիս, որոնց հետ ցավոք, իրոք շատ ցավոք, զրուցում ենք շատ քիչ, իսկ հանդիպում՝ էլ ավելի հազվադեպ։ Նրանցից մեկը, ում շնորհավորում էի հեռախոսով, բացի այն, որ հիանալի ու «տափուկ» հումորի զգացում ունի, անգլիականը գլուխը պատովն է տվել, նաև բիզնեսմեն է։ Բիզնեսը հիմնադրել է հոր և եղբոր հետ միասին, զարգացրել շնորհիվ Մոսկվայից եկող պարբերական ֆինանսական ներարկումների։ Արդյունքում բիզնեսը հաջողակ է ու առանց զարգացման հնարավորությունների՝ որովհետև առևտուր է։ Բայց բիզնեսը փոքր չէ, միջին բիզնես է։ Զրուցում էինք, միմյանց որպիսություն ու գործերի որպիսություն էինք հարցնում։ Նա էլ հանկարծ, ծիծաղեց, թե «ոնց միտինգ արիք արա, չկարացաք նորմալ միտինգ անեիք, նորմալ Օպերայի մոտ նստեիք»։ Համատեքստը երևի հասկացաք, խոսքը նախագահական վերջին ընտրությունների, դրան հաջորդած փետրվարյան ու մարտյան դեպքերի շրջակայքում էր։ Իսկ հումորը «ընտրված» իշխանությունների տնտեսական քաղաքականության մասին է, որից չափազանց դժգոհ էր նա։ Չեմ ասում հիասթափված է, որովհետև թեև նա «ընդդիմադիր» շարքերում չէր, ես էլ Օպերայում չեմ քնել, բայց շարքերի համախոհ էի, հիասթափված չէր կարող լինել, քանի որ սպասումներ չուներ։ Նա շատ լավ է հասկանում ընտրական մեխանիզմներից, քանի որ Սիլաչիում ապրելով ու ակամայից Գ.Բեգլարյանի թիմում հայտնվելով ոչ մի տեսիլքներ չէր փայփայում։ Բայց նա դժգոհ է, որովհետև ծանրացել է հարկային բեռը, որը խեղդում է։

Նա հարկեր վճարելով երբեք էլ չի փայլել, սակայն մինչ ճգնաժամը վաճառքների ծավալներն այնքան միջոցներ են ապահովել, որ նա չի խորացել հարկային բեռի, տնտեսական քաղաքականության արդյունավետության և այլնի մեջ։ Աշխատել է ինչպես բոլորը, ներկրել, մաքսազերծել չեմ մանրամասնում ինչպես, բոլորը գիտեն, այն աբսուրդային է։ Մաքսավորների որովայնի չափերից, կամ վարած մեքենաներից կամ ժամացույցներից, կամ կեսօրին ճաշելու համար ընտրված ռեստորաններից կարելի է պատկերացում կազմել ինչպիսի խրախճանքի մեջ են նրանք։ Բայց ճգնաժամը, Հայաստանի համար կարդա՝ վաճառքի կամ առևտրի ծավալների անկումը հարվածել է նրան ուղղակիորեն և անուղղակիորեն։ Ուղղակիորեն, որովհետև նա տնտեսական ապրանքներ վաճառում, իսկ մարդիկ նախընտրում են հաց գնել, հետո նոր թանկարժեք լվացքի միջոց, և անուղղակիորեն, քանի որ պետությունը բյուջեն լցնելու խնդիր ունի։

Լցնելու երկու տարբերակ կա, մի փոքր ուղեղն աշխատացնելով, բոլորին հարկային դաշտ բերելով, օլիգարխներին ապաօլիգարխացնելով կամ սոցիալական լուծի տակ դնելով, եթե նրանց չի հաջողվում օրինական դաշտ բերել, այստեղ ես մասնագետ չեմ այն առումով, որ ռազմավարություն չեմ առաջարկի։ Մյուս տարբերակը «քյառթուն» է. քանի որ Հայաստանի տնտեսությունը ներկրում է, այստեղ հազիվ թե ինչ որ մեկը ինձ լրջորեն հակադրվի, ուրեմն մաքսային տուրքերի բարձրացումն է ու մաքսային արժեքի հաշվելու աննորմալ կամ որևէ՝ բացի սեփական գրպանը լցնելու, տրամաբանությունից զուրկ մեթոդներ մշակելը։ Ամեն ինչ արվում է, որպեսզի մաքսազերծումը լինի նվազագույնն այնքան, որքան մինչև սահման ապրանք հասցնելն է՝ ներառյալ ապրանքի գինը։ Բայց սա սովորական մահկանացուների համար։ Մաքսազերծման «հիանալի» այլ տարբերակներ կան՝ ԽԾԲ տարբերակն այստեղ ամենազոր է։

Իսկ իմ ընկերը դժգոհ է, որովհետև շահույթը պակասել է, սոցիալական վճարումներն ավելացել, ցածր շահութաբերությամբ աշխատել հնարավոր չէ, քանի որ բիզնեսը զարգացնել թույլ չի տալիս, իսկ օլիգարխների մրցակցությանը պիտի դիմանալ։ Արդյունքում նրա բիզնեսի ապագան կանխորոշված է. մնում է միայն պարզել քանի տարուց։

Ամենահետաքրքիրն ու հուսադրողն այս պարագայում գիտեք ինչն է. նա սկսում է նայել շրջապատին ու շրջապատը գնահատել արդեն ոչ սիլաչիական դիտանկյունով։ Գիտակցում է, որ այս ամենը իշխանությունների ինչ որ մի քաղաքականության արդյունք է։ Գիտակցում է, որ իշխանություններն են իրեն ոչ տրամաբանական մաքսազերծում պարտադրում, պարտադրում սոցիալական վճարների ավելացում, սակայն չեն բարձրացնում կենսաթոշակներն ու բյուջետային աշխատավարձերը։ Գիտակցում է, որ եթե իր բիզնեսը փակվի, ապա նաև մրցակցային անհավասար պայմանների պատճառով կփակվի։ Իսկ ամենակարևորն այն գիտակցումն է, որ այդ ամենում մեղքի սեփական բաժինն ունի նաև իշխանությունը, գիտակցում է իր ու իշխանությունների միջև կապի խեղաթյուրումը։

Կհարցնեք ինչ կապ այստեղ։ Կապը դժգոհության մեջ է։ Նա դժգոհ է իշխանություններից, որովհետև գիտակցում է, որ այդ իշխանությունը պարտադրվել է իրեն, ինքը չէ, որ որոշել է, թե ով է իշխելու երկրում։ Նա իր շահերը պաշտպանելու գլոբալ մի եղանակ ունի՝ գնալ ընտրությունների, ընտրել այն ուժին, որն ըստ իրեն կպաշտպանի իր շահերը՝ հավատացած լինելով, իր ձայնը վճռորոշ է։ Վճռորոշ այն իմաստով, որ այն անվավեր քվեաթերթիկի տեսքով չի վաճառվի մեկ ուրիշին։ Այս ամբողջն ապահովում է այն, ինչ անվանվում է լեգիտիմությունը։ Նրա գիտակցված դժգոհությունն այստեղից է՝ իշխանությունները ըստ նրա լեգիտիմ չեն, հակառակ առումով նա չէր հարցնի ու իրականության գիտակցմամբ տխուր ավելի շուր սև հոմոր չէր անի, թե «արա չկարացաք մի հատ նորմալ միտինգ անեիք»։ Նա կսկսեր նաև իրեն մեղադրել, թե «արա չկարացանք նորմալ մարդու ընկտրել», հետո է կպահանջեր այդ «աննորմալ մարդու» հրաժարականը ու քաղաքակիրթ մեխանիզմ կունենար այդ հրաժարականին հասնելու։

Իսկ ի՞նչ պիտի պատասխանեի ես։ Շտապ պատասխաններ գտնելու վարպետ չեմ ես, խոսքն էլ «միշտ գրպանումս չէ»։ Բայց ինչ որ արդարանալու կարիք զգացի։ Սա նշանակում է, որ ես ընդունեցի նրա հումորն ու մեղադրանքը, թե ինչու «նորմալ միտինգ չկարացանք անել»։ Բայց պատասխանեցի, թե կրակում էին ...։ Իհարկե, սա էլ պատասխան չէ, առավել ևս՝ լուծում։

Այնպես որ, խնդիրը կրկին բաց է մնում։ Բայց լույսի մի նշույլ կա, շնորհիվ մասամբ մարտյան դեպքերի, շնորհիվ ճգնաժամի։ Հասարակության ինչ որ հատված այժմ խնդիրներ ունի ոչ թե իշխանությունների՝ որպես անհատների, դա երկրորդային, ածանցյալ է, այլ իշխանությունների՝ որպես ինստիտուտի, լեգիտիմության հետ։

Լուծումը կարծեմ այստեղ է ու նաև այնտեղ, որ մյուս միտինգին նա նույնպես մեր կամ մյուսների հետ պիտի լինի նրանց թվում, ովքեր «կկարան արդեն նորմալ միտինգ անել»։

Կիրակի իրիկուն, Մարատ

No comments:

Post a Comment