Մի քանի օր առաջ կարդում էի Business Class ամսագրի թիվ 18 համարը, որտեղ այսպիսի մի միտք հանդիպեցի։ Մեջբերում եմ.
«Միքայել Ջանպոլադյանի կարծիքով՝ աշխատանքի նկատմամբ հայերի վերաբերմունքը շատ հաճախ խանգարում է ընդհանուր գործի արդյունավետությանը: Այս երևույթը նա բացատրում է հայկական անհատականությամբ: Ըստ նրա՝ քչերն են պատրաստ աշխատել այն համոզմամբ, որ իրենք անփոխարինելի չեն, որ գործը պարտաճանաչ կատարելն առաջին հերթին իրենց է պետք: «Նրանք չեն ցանկանում հասկանալ, որ առաջ գնալու համար պետք է մեծ ջանքեր գործադրել, կատարելագործվել ու չմեծամտանալ: Երբեմն, շատ կարճ ժամանակ աշխատելով, աշխատողն իրեն իրավունք է վերապահում կա՛մ ընկերության ղեկավարին խորհուրդ տալ՝ վերաբերվելով նրան հավասարը հավասարին, կա՛մ սկսում է թուլացնել ջանքերը, որովհետև ենթադրում է, որ իրեն ավելի քիչ են վճարում, քան ինքն աշխատում է, այսինքն՝ իրենց աշխատանքը չի գնահատվում»,- իր տեսակետն է ներկայացնում «Ավրորայի» տնօրենը: Նա նաև չի մոռանում հավելել, որ իրենք բավական լավ են վճարում մյուս ռադիոընկերությունների համեմատ»:Ընդհանրապես վերանում ենք «Ավրորա» ռադիոկայանից ու պրն. Մ.Ջանպոլադյանից. ես նրանց հանդեպ (չեմ գրում՝ դեմ, կողմ, ձեռնպահ) ոչ մի բան չունեմ, ռադիոկայանը ընդհանրապես չեմ լսել, տնօրենին կյանքում չեմ տեսել և այսպես շարունակ։ Մեկ այլ դիտարկում, որը միգուցե հետագայում թույլ տա ինձ խուսափել անհարգի մեղադրանքներից, թե ես ամեն ինչ կոնտեքստից դուրս եմ վերցրել, հետևաբար իրական միտքը չեմ փոխանցել։ Կոնտեքստի մեջ և կոնտեքստից դուրս բառերի իմաստի մասին մի ամբողջ դասընթաց ունեմ, յուրաքանչյուր երկրորդ կիսամյակում, մագիստրատուրայում, արաբերենի նյութի հիման վրա, սիրով հրավիրում եմ լսելու։) Պարզապես այս միտքը գրավոր ինձ հանդիպես առաջին անգամ նշված ամսագրում ու նշված թեմայով, թեև շատ եմ լսել շրջապատում. այն հայկական աշխատանքային միջավայրում մեղմ ասած «ոսկե կանոն» է։
Business Class ամսագիր, թիվ 18
Առաջին անգամ է ինձ մոտ, որ դժվարանում եմ մտքերս հավաքել. ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ինչպիսին է պատասխանատվության չափը նմանատիպ հայտարարություններում, ինչպես պիտի արձագանքել նման դիրքորոշմանը, կամ պետք է արդյոք արձագանքել։ Չեմ գրում, ճիշտ, սխալ, ոչ մի որակավորում կամ պիտակ չեմ ուզում այս պահին, այս պահին ուզում եմ դիրքորոշում։ Առաջին անգամն է, որ դիրքորոշում գտնել դժվարանում եմ։ Թեև համալսարանում մի անգամ ճիշտ այս տրամաբանությամբ մի հայտարարություն եղավ, բարձրաստիճան մի պաշտոնյայի կողմից, որն ուղղված էր մեր գործընկերներից մեկի հստակ քաղաքացիական դիրքորոշման դեմ, որը նա փորձեց բարձրաձայնել։ Բայց այն «զսպվեց» ու հետո ինչ-ինչ հողի վրա, ակադեմիական չեմ ասի, ԵՊՀ-ն շատ է հեռու ակադեմիականությունից, այլ տհաճ (բառերը ամենայն զգուշությամբ եմ ստիպված ընտրել) հալածանքների շղթա սկսվեց իմ ու շատերի գործընկերոջ (իմ ընկերոջ) նկատմամբ։ Բայց եղան նաև պիտակավորումներ պաշտոնյայի այդ հայտարարությանը, որը հստակ դիրքորոշում էր՝ ցինիզմ։
Պիտակավորումն ու դիրքորոշումը, հիշեցնում եմ, իմը չեն, ես դիրքորոշման փնտրտուքի ճանապարհին եմ։
Բայց արաբագիտությունից ես լավ գիտեմ. եթե չես հասկանում, պիտի դիրքը փոխել։ Ես հիմա դիրքն եմ փոխում ու գրում նրա մասին, ինչպիսին ես կուզեի տեսնել նմանատիպ հայտարարությունը։ Երկուսի համեմատությունից միգուցե և իմ դիրքորոշումը ձևավորվի, միգուցե և ոչ։ Հույս ունեմ, որ շատերը «Մեկնաբանությունների» օգնությամբ ինձ կօգնեն նման դիրքորոշում ձևավորել։
Ես հարգում եմ ԵՊՀ-ն, իր թերությունների, բացթողումների, անկազմակերպվածության, անտրամաբանականության, ոչ ակադեմիականության, անգիտության, կոռումպացվածության, վարժապետության, ցանկը էլի շատ է, բոլոր այս թերությունների հետ մեկտեղ ես հարգում եմ ԵՊՀ-ն։ Ասեմ ինչու. այն հարթակ է, այսօր շատ շատ-շատ անչափ վատ, փտող, քարացած, պատառոտված, կեղտոտ հարթակ, հարթակ, որի վրա թքել են, քիթը մաքրել ու էլի շատ բաներ արել, բայց այն հարթակ է։ Նույնպիսի հարթակ է, ինչպիսին այն, որտեղ դուք հիմա կարդում եք իմ բլոգը՝ այսինքն Blogger-ը, այնպիսի հարթակ է, ինչպիսին ասենք Linux-ն է, Facebook-ն էլ է այդ ուղղությամբ գնում, կամ, ի վերջո, նման հարթակների այսօրվա իրականության գագաթնակետը՝ Google-ը։
Կարծում եք ինչու են նրանք այդքան հաջողակ, իսկ ԵՊՀ-ն ոչ։
Նրանք ազատություն են տալիս ու ազատության հետ պատասխանատվություն պարտադրում, կամ չեն էլ պարտադրում, նորմալ, բարոյական նորմալ մարդն արդեն իսկ իրեն պատասխանատու է զգում, առանց պարտադրանքի։ Տալիս նաև գործիքներ այդ հարթակը մաքուր պահելու, սարքելու, ընդլայնելու, հոգ տանելու, զարգացնելու և այլնի համար։ Քո գործողություններից օգտվում են նրանք, օգտվում ես դու, արդյունքում գոհ եք երկուսով։ Առանց նրանց դու գործելու տեղ չունես, առանց քեզ՝ նրանք զարգանալու հնարավորություն։
Համագործակցության ահա մի տարբերակ, որը փոխպարազիտային է՝ հարաբերություններում կա մակարդակային տարբերություն (տեր/մակաբույծ), բայց հարաբերությունները փոխշահավետ են (շահը շատ ընդհանուր վերցրեք, գումարայինը ամենավերջիններից մեկն է)։
ԵՊՀ-ն ահա, փոխպարազիտային մի հարթակ է. վճարում է քիչ, բայց շահագործում է շատ։ Բայց դրա հետ մեկտեղ, տալիս իրեն խաբելու հնարավորություն, ճիշտ այնպես, ինչպես ինքն է քեզ խաբում։ Ինքը քեզ քիչ է վճարում, գրադարանը արխայիկ է, ինտերնետը փողով, գիրք գնելու փոխարեն պատուհաններ է փոխում, դրամական հոսքերը ինչ-ինչ անկյուններում կորում են, իսկ դու՝ դասերի չես գնում, գլուխ ես պահում, ժամանակ շատ ունես ու սկսում ես զբաղվել մեկ ուրիշ բանով։ Ցավով եմ գրում այս տողերը, բայց իրականությունն է այսպիսին։ Ցավով, որովհետև կորում է ժամանակը, թանկարժեք տարիները՝ և՛ ԵՊՀ տարիները, և՛ քո։
Կա պարազիտային հարաբերությունների մեկ այլ տեսակ, որտեղ տերը շահագործողի դերում է, սակայն նա վերցնում է շատ ավելի շատ, քան առաջարկում է։ Համագործակցությունը փոխշահավետ չէ, մակաբույծը միշտ մակաբույծի դերում է։ Հարաբերությունը վտանգավոր է, որովհետև մակաբույծը ոչ մի կերպ շահագրգռված չէ տիրոջ շահերով։ Դրանից իր մոտ ոչ մի բան չի փոխվում։ Պետք չէ այսպիսի հարաբերություններում կողմերից ինչ որ մեկին մեղադրել, միգուցե պատճառները պետք է փնտրել ու փորձել ուղղել։ Բայց հայաստանյան շատ կարևոր մեկ առանձնահատկություն. այս հարաբերություններում կողմերից ինչ որ մեկը ի վերջո սատկում է։ Կամ պարազիտը արտագաղթում է ասենք ԱՄՆ կամ եվրոպական ինչ որ երկիր, կամ տերը տնտեսական փակ համակարգն ազատականացնելուց հետո սնանկանում։)))
Չի կարելի բացառել, որ պարազիտների մի մասը այլ հավասար պայմանների դեպքում, ինչ-որ պահի, ինչ որ ֆունկցիայի համար միգուցե և անփոխարինելի կամ դժվար փոխարինելի է, հետևաբար պիտի վերաիմաստավորել պարազիտի հետ ինչ-ինչ հարաբերություններ։ Պատասխանատու չէ օգտագործել պարազիտին ու այնպես օգտագործել, որպեսզի պարազիտն անպայման սատկի։ Այս ամենը շատ հիանալի հայերենով կոչվում է՝ «կռանիկները (օդերը) փակել», «գայկեքը ձգել»։ Այս ամենում բացակայում է փոխվստահությունը, հետևաբար նաև պատասխանատվությունը։
Բայց պատկերացրեք մի այնպիսի էկոհամակարգ, որտեղ ամեն ինչ փոխհավասարակշռվածության ու ներդաշնակության մեջ է՝ փոխշահավետ էկոհամակարգի բոլոր մասնակիցների համար։ Համալսարանը, օրինակ, չեմ ասում լավ, բայց վատ էլ չի վճարում, ամեն դեպքում ավելի քիչ, քան վաստակում է բժիշկը, դատավորը, ոստիկանը։ Գրադարանը օպերատիվ թարմացվում է, ինտերնետն ազատ է նաև ուսանողների համար, գրադարանը քո պատվերով գիրք է գնում համալսարանի ու ուսանողի համար, դասախոսը պատասխանատու է, նույքան պատասխանատու, որքան համալսարանը, շահագրգռված է ուսանողներ կրթելով, տուն չի շտապում կամ համալսարան չի գալիս միայն տանը չմնալու համար, տարեկան մոտ 10 հոդված հրապարակում, ու ամեն ինչ անում, որպեսզի համալսարանը ծաղկի, զարգանա, քանի որ համալսարանի բարեկեցությունից կախված է իր բարեկեցությունը։ Համալսարանն էլ ամեն կերպ օժանդակում է դասախոսին, քանի որ դասախոսի բարեկեցությունից կախված է իր հեղինակությունը, հետո էլ պարծենալու է, որ իր մոտ նման դասախոս է աշխատում, որ այդ դասախոսի մոտ սովորելու համար շատերը տարբեր երկրներից կձգտեն դեպի այդ համալսարան։ Բայց այպիսի դասախոսի նախ պետք է կրթել աճեցնել դեռևս ուսանողական տարիներից։ Նախ այդ ուսանողի, ապա մագիստրոսի ու ապա ասպիրանտի մեջ տարեկան չեմ ասի կլորիկ, բայց անհրաժեշտ գումար, ջանք, միջավայր ներդնելով։
Ոչ համալսարանական էկոհամակարգում գործատուն սոցիալապես պատասխանատու է, վճարում է աշխատանքի արտադրողականության դիմաց, որը չափում է գիտելիքով, աշխատանքի բնույթով, որակով կամ ինչը գնահատում է ինքը, առաջարկում սոցիալական փաթեթ, բժշկական ապահովագրություն, գոնե 40-ժամյա աշխատանքային շաբաթ, աշխատանքային օրենսդրությանը համապատասխան ու երբեմն էլ խրախուսական արձակուրդ, տոնական օրերը նաև հանգստյան օրեր են, աշխատակցի համար որակավորումը բարձրացնելու լծակներ եթե չի էլ ստեղծում, ապա գոնե չի փակում այդ լծակները, ազատություն տալիս որոշումներում, մյուսների շահերին չհարվածող քայլերում ու այսպես շարունակ, մտածում կենսաթոշակային տարիքի մասին։ Այս պայմաններում «հայկական ինչ որ անհատականության» մասին փիլիսոփայելու կարիք էլ չի լինի, քանի որ նույն հայկական անհատականությունը ստեղծագործում է ու հոգևոր ու նյութական բարիք ստեղծում ոչ միայն իր, այլև այդպիսի հարթակ տրամադրող գործատուի համար ասենք ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում, երբեմն էլ Ռուսաստանում։
Թե չէ ինչ-որ ամենուր «հայկականություն» են փնտրում. համամարդկային արժեքներ էլ կան, դրանց մասին պետք չէ մոռանալ։
Շաբաթ իրիկուն, Մարատ
ԵՊՀ կոչվող հաստատության վերաբերյալ բարձրաձայնված բոլոր կարծիքներին համաձայն եմ, անկեղծ եմ ասում: Սակայն կա մեկ բայց: 1991 թ. Հայոց աշխարհ ներմուծվեցին առաջին պատկերացումներն արևմտյան ազատական գաղափարների մասին, որոնք Խորհրդային Միության փլուզումից հետո անմիջապես ներդրվեցին մեր իրականություն: Կիրառման մակերեսն ընդգրկեց կյանքի բոլոր ոլորտները: Այսպես, քաղաքականությունում ժողովրդավարություն և ազատականություն չդավանելը դարձավ վատ բարքի նշան, տնտեսական համակարգը փլուզվեց հիմնովին` վերակառուցվելով (եթե դա կարելի է վերակառուցում անվանել) ազատ շուկայի փիլիսոփայությամբ: Ընդ որում "շուկայականապես" վերաիմաստավորվեց նաև բարձրագույն կրթության ոլորտը: Եթե նախկինում երկրի բարձրագույն ուսումնական հաստատություններն անմիջականորեն ղեկավարվում էր պետական ապարատը, այսինքն ԵՊՀ-ն և մնացյալ բոլոր պետական հիմնարկներ էին, գործում էին միասնական կենտրոնի ուղղորդմամբ, պարտադիր պետք է համապատասխանեին (գոնե de jure) ինչ-որ համընդհանուր չափանիշների, ապա այդժամ իրավիճակն արմատապես փոխվեց: Համալսարաններն ստացան ճիշտ է պետական, սակայն ինքնավար բարձրագույն հաստատությունների կարգավիճակ, ինչը ենթադրում էր մի շարք արտոնություններ և պատասխանատվություններ, սակայն, ընդհանուր առմամբ, դրանց դարձնում էր անկախ կառույց` կրթական, գնային և կադրային ինքնուրույն քաղաքականության իրավունքով: Այս փոխակերպումների արդյունքում Արևմտյան քաղաքակրթության զավակ/դուստր (տուրք գենդերային հավասարությանը) ազատ շուկան, որը բնականոն գործառում է իրեն ծննդավայրում, սակայն կարող է աղետ դառնալ հասրակական, տնտեսկան և մշակութային զարգացման այլ փուլում գտնվող ազգի համար, ինքնաբերաբար սկսեց գործել նաև կրթական հարթությունում: Քանի որ գիտելիքն օբյեկտիվորեն ռեսուրս է և կապիտալ, ապա համալսարանները վերածվում են առաջին հերթին բիզնես-ընկերությունների, որոնց համար, ինչպես դուք նշեցիք, հրամցվող կրթության բարձր որակը դառնում է եկամտի և բարեկեցության նախապայման, ակնածանքի լուսապսակ ստեղծում սույ հաստատության վերևում: Հետևաբար աճում է նաև ուսանողների թիվը, մեծանում դրամական հոսքը, հնարավորություն է ստեղծվում նորանոր ներդրումներ անել բարձր որակավորմամբ մասնագետներ հրավիրելու, լսարանների տեխնիկական հագեցվածությունը բարելավելու ուղություններով և այս շրջապտույտը շարունակվում է անվերջ: Բայց այս ամենը օգտագործելի է այն երկրների վերաբերյալ զրույցներում, որտեղ հանրության ապրիորի ուսումնատենչ հատվածը, այսինքն երիտասարդությունը, ԲՈՒՀ-ն ընկալում է առաջին հերթին որպես գիտելիք ստանալու և հմտություններ քաղելու աղբյուր, ուստիև ԲՈՒՀ ասվածներում առաջնահերթ փնտրում է վերոնշյալ հատկությունները: Դրա համար, ԲՈՒՀ-երի միջև կրթական որակի սանդղակը բարձր պահելու անխնա պայքար է ծավալվում, որտեղ զիջողներն ու հետ մնացողները կարճ ժամանական անց վերանում են: Իսկ այ մեր երկում ամեն ինչ այլ է: Արևմտյան շուկայական և կրթական սկզբունքների և գաղափարների ներդրման առումով որևէ խնդիր չկա: Սակայն լուրջ խնդիր է հղանում մեկ այլ "առումից": Առաջարկ-պահանջարկ զույգի ձևավորողն ինչպես գիտենք հենց հասարակությունն է, որի նախասիրությունների և տվյալ պահի ցանկությունների, պահանջի թելադրամբ էլ ձևավորվում է առաջարկի որակն ու արժեքը: Թե ինչպիսին են հայ հանրության պատկերացումները բարձրորակ կրթության մասին, կարծում եմ կարիք չկա նկարագրել: Կատարյալ անտարբերություն սեփական ուղեղի ծալքերի քանակի հանդեպ, զզվանք ուսման, և ընդհանրապես, գիտելիքի նկատմամբ:
ReplyDeleteՇարունակությունը տես մյուս comment-ում
Փոխարենը կա բանակում չծառայելու աննկարագրելի մեծ ցանկություն, համալսարանը որպես հոր փողերը մսխելու, հագուստ և մեքենա(ներ) ցուցադրելու, պատերի մոտ կանգնելու անփոխարինելի վայր ընկալելու մեղմ ասած վնասաբեր սովորություն: Նման պայմաններում խոսել համալսարանական նորմալ էկոհամակարգի ձևավորման մասին կարծում եմ իմաստ չունի, քանզի նման միջավայր ստեղծել ձգտող ԲՈՒՀ-ը դատապարտված կլինի "անուսանող" լինելու տխուր հեռանկարին, հետևաբար չի ունենա նաև անգամ միջնակարգ կրթությամբ դասախոսական կազմ, երկու հարկանի միջին տան մակերեսով ուսումնական մասնաշենք ունենալու ֆինանսական հնարավորություն: Սա է այն բայցը, որի մասին գրել էի առաջին տողում: Մեղավորներ կարծում եմ պետք է փնտրել ոչ թե ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում, փոխհամագործակցության կառուցման սխալ սկզբունքների և մեթոդների տիրույթում, այլ հենց հայ հասրակության հանրային գիտակցության խորքերում, դրա արժեհամակարգի նենգափոխման երևույթում, քանի որ հենց դրա հետևանքով է, որ հայ ազգն այժմ պահանջում է և բավարավում մի կրթությամբ, որը մատուցվում է ԵՊ համալսարանում:
ReplyDeleteP.S. Իսկ ընդհանրապես պատասխանատվության, որպես քննարկման փիլիսոփայական հասկաղցության վերաբերյալ իմ պատկերացումը հետևյալն է: Օբյեկտիվորեն գոյություն չունի որևէ մարդ (բացառություններ իհարկե կան), որ իր կամքով, անշահախնդրորեն, չչարշահի իր լիզորությունները, կամ էլ չխախտի դիմացինի իրավունքը, կամ էլ անմնացորդ նվիրումով կատարի իր աշխատանքը: Այդ ամենից նրանց հետ են պահում երկու բան: Մեկը իրավական պատասխանատվության ենթարկվելու տխուր հեռանկարն է, իսկ մյուսը զսպող գործոնն ավելի խորքային է` թաքնված մարդկային գիտակցության, առավել հաճախ ենթագիտակցության հարթությունում: Իրավունքը դա նորմերի ամբողջություն է, որը սահմանում և վերահսկում է պետությունը, սակայն դրան զուգահեռ կա ներհասարակական հարաբերությունները կարգավորող մեկ այլ համակարգ` բարոյականությունը, որն արդեն սահմանում և վերահսկում է հասարակությունը, և նորմալ ու քաղաքակիրթ երկրներում սոցիալական, և ընդհանրապես մարդկային պատասխանատվության մասին պատկերացումները շատ հաճախ ձևավորվում են հենց այդ արժեքների պրիզմայով: Հայաստանյան հասարակության սահմանած բարոյական արժեքների և նորմերի մասին կարծում եմ լավատեղյակ եք, այնպես որ նկարագրելու կարիք չկա: Միայն հավելեմ, որ նման իրականությունում սոցիալական նման պատասխանատվությունը լիովին տրամաբանական է, համահունչ տիրող բարքերին:
«Զիլ» էր, անխոսք!!! Մեկ շնչով ոչ թե կարդացի, այլ «ներշնչեցի» !!! Մեղավորներ փնտրել երբեք գիտակցաբար չեմ ձգտել, եթե ձգտել էլ եմ, ապա առաջին հերթին իմ անձի մեջ։ Առաջարկ/պահանջարկի սխեման այսօրվա իրականության հիմքում է, այն ոչ ոք չի կարող մերժել, դա միանշանակ է, Ձեր հետ այստեղ համաձայն եմ։ Բայց ինձ միշտ զարմացրել է, որ ԵՊՀ-ն հարակության հետ թերությունների նույն մակարդակում է, ինձ միշտ թվացել է, թե քանի որ Համալսարանում մտավորականության, գիտական ներուժի խտացվածության աստիճանը բարձր է, հետևաբար պիտի այլ լինի նաև իրականությունը։ Բողոքը, չեմ ասի դժգոհությունը, ցավի զգացումն այստեղ է։ «ՎիվաՍելլ»-ը հայաստանյան իրականության մեջ օրինակ, ինչպես մեկ օրում բբջային շուկան փոխվեց, «Օրանժ»-ից հետո մեկ օրում փոխվեց ինտերնետային շուկան։ Առաջարկ կար, նորմալ, մարդկային առաջարկ։ Ով ուզեց տեղափոխվեց, ով չուզեց, էլի մնաց «Արմենտել»-ում։ Հականում եմ որ համեմատությունը պարզունակ է, կրթական ոլորտի բազմաթիվ առանձնահատկություններ հաշվի չի առնում, բայց որպես բիզնես մոդել գործում է։ Շնորհակալ եմ արձագանքի ու մեկնաբանության համար !!!
ReplyDelete