Sunday, April 25, 2010

Լինե՞լ անտարբեր

Ինչ հիշում եմ ինձ, իսկ հիշում եմ ոչ այնքան վաղուց, միշտ ինքս ինձ փորձել եմ համոզել, որ մարդկային արատներից ամենաարատավորը, թերևս, «թքած ունենալու» զգացումն է։ Այլ կերպ այն կարելի է անտարբերություն կոչել։ Անտարբերությունն այս տարբեր աստիճաններ ունի, նկատի ունեմ թե ինչքան ուժգին կամ ոչ ուժգին է այն քո մոտ՝ կախված տրամադրությունից, իրավիճակից, մարդկանցից, երևույթներից, ցանկություններից ու էլի շատ-շատ այլ բաներից։ Թքած կարելի է ունենալ շատ բաների վրա՝ սկսած սեփական կյանքի ընթացքից, վերջացրած շրջապատով։ Այն, իհարկե, կյանքի երկար փիլիսոփայություն լինել չի կարող, մի պարզ պատճառով, շատ արագ կարելի է թքել նաև այդ կյանքի վրա։ Բայց ժամանակ առ ժամանակ այն հայտնվում կամ անհայտանում է։

Միգուցե այն իրերը հասկանալու միջոց է, եղանակ, մեթոդ, փիլիսոփայություն։ Այն վտանգավոր է, վտանգավոր է մի բանում՝ այն ստիպում է թքել արժեքների վրա, որոնք օգնում են կողմնորոշվել կյանքում, գնահատել կյանքի այս կամ այն կողմը, ուրախանալ կամ տխրել դրանցով, դասեր քաղել դրանցից, զգալ դրանք՝ բավարարվածության, դժգոհության, հրճվանքի ու էլի շատ այլ զգացումներ ունենալ, մի խոսքով, ապրել սովորական մարդու պես, շնչել, զրուցել, քնել, արթնանալ ու այս ամենի մեջ իմաստ դնել կամ դրված իմաստը տեսնել։

Անտարբերության դեպքում ոչինչ հնարավոր չէ։ Այդ ամենը և՛ քոնն է, և՛ քոնը չէ։ Այդ ամենով դու ապրում ես, բայց դու չես ապրում։ Մարդիկ գալիս գնում են, մոտ մարդիկ, անցնում, զրուցում, փորձում քո մեջ ինչ որ բան շարժել, բայց միևնույն է՝ ֆիլմի պես՝ էկրանի վրա՝ դու հանդիսատեսի դերում, որն այդպես էլ չի գիտակցում, ինչու է եկել կինո, ինչու է այդ ֆիլմը նայում, կամ ընդհանրապես ինչու է ֆիլմ նայում, հետաքրքրի է իրեն դա, թե հետաքրքիր չէ, հետո հոգնում է, ձանձրանում է, սկսում մտածել այդ ամեն ինչի մասին, հետո ֆիլմը կամ դահլիճը փոխում ու էլի սկսում մտածել։

Ինչի մասին է այս ամենը, պե՞տք է խուսափել անտարբերությունից, ի՞նչ պիտի անել, ի՞նչ պիտի փնտրել կամ փոխել, ի՞նչ է պետք դրա համար։

Պիտի երևի թե հասկանալ ժամանակների կապը քո ու մյուսների ու իրադարձությունների միջև ու փորձել մաս կազմել ուրիշների ու իրադարձությունների ընթացքի։ Իսկ ինչ անել, երբ մյուսները նույնքան անտարբեր են, իսկ իրադարձությունները պարզապես ընթացք չունեն։

Այս ամենը ընթերցողին բան չի ասում, միգուցե ես եմ ուզում որ բան չասի, չէ որ գրում եմ ինքս ինձ համար, գալարներին ու գորշ նյութին ստիպելով աշխատել, պարապ չմնալ։ Միգուցե և նրա համար, որ ժամանակ առ ժամանակ կորում է այն ամենը, ինչն ուղղորդում էր քեզ, օգնում կողմնորոշվել։ Կորում է քո մեջ, դու ինքդ ես կորցնում այն, միգուցե նրա համար, որ անտարբեր ես անգամ դրանք պահելու հարցում։

Բայց իրադարձությունների ընթացքի մասին. արդյոք դրանք այնպիսին են, որոնք արժանի են դրանց մաս կազմելու համար։ Կամ միգուցե պիտի իրադարձությունների սեփական ընթացքը ստեղծել ու փորձել մյուսներին մաս դարձնել այդ ընթացքին։ Ի՞նչն է խանգարում դրան՝ ունակությունները, ցանկությունը, հնարավորությունները, արժանի գաղափար կամ իրադարձություն առաջարկելու անկարողությունը։ Միգուցե այս ամենը միասին։

Նաև ժամանակների կապի մասին, պատմականության զգացումի մասին. արդյո՞ք այն այնպիսին է, որը թույլ է տալիս քեզ զգալ պատմության մի մասնիկ։ Չեմ խոսում համաշխարհային նշանակության իրադարձությունների մասին։ Շատ ավելի հասարակ, բայց ոչ պարզ բաների մասին է խոսքը՝ մեծերի, փոքրերի, մեծ լինելու քո հերթի ու հերթափոխն ամենայն պատասխանատվությամբ ու արժանապատվությամբ ընդունելու մասին է։

Պիտի՞ ամեն ինչի մեջ իմաստ, տրամաբանություն դնել ու պատճառահետևանքային կապեր փնտրել ու չգտնելու դեպքում անտարբերությամն ընդունել այն, թե՞ պիտի ընդունել այն ամենը, ինչ կա ու օրեր մթնեցնել։

Կհարցնեք, ես ինքս եմ հարցնում, ինչո՞ւ եմ գրում այս ամենը, ինչու եմ ժամանակ ծախսում սրա վրա։ Ես նույնքան պատասխան ունեմ, որքան և դուք։ Հարցը միգուցե և միայն ինձ է հետաքրքրում։ Ինչո՞ւ են մեզանից շատերն անում այն, ինչ անում են՝ ոմանք անտարբերությամբ, ոմանք տարբերությամբ, ոմանք թքելով, ոմանք լիզելով, ոմանք գիտակցելով, ոմանք գիտակցել ցանկանալով ու այսպես շարունակ։

Ո՞ւմ է պետք այս ամենը։

Շաբաթ իրիկուն, Մարատ
--

1 comment:

  1. Արա, էս ինչ խառն եմ եղել ։)) 26.11.2010

    ReplyDelete