Monday, June 28, 2010

Ինչո՞ւ կամ անավարտ

Ինչո՞ւ են երբեմն մարդիկ ամեն ինչի նայում «վազվզոցի» պրիզմայով, չգիտես ինչու ժամանակը, որպես կանոն, չի բավարարում, արդյունքում զգացում է, որ դու ինչ-որ մի բան միշտ բաց ես թողնում, ինչ-որ մի բանից միշտ հետ ես մնում։ Ինքդ քեզ հարց ես տալիս, արդյոք միշտ է այդպես լինելու, արդյոք մյուսների մոտ էլ է այդպես, թե ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես է աշխատում ներքին ժամացույցը, ինչպես է այն իրեն պահում համեմատ արտաքին ազդակների, ընթացքի, հոսքի։ Պետք է արդյոք շտապել ու հանուն ինչի շտապել։ Ոչ շտապողականությունը արդյոք վերջում «դանադալոշության» չի բերելու։ Հարցեր են, որոնց շուրջ միգուցե կարելի է մի քիչ զահլա տանել։)

Հետաքրքիր են լինելու գործոնները, որոնց առկայության կամ բացակայության պայմաններում զգացումը ժամանակ առ ժամանակ հայտնվում է ու հետո կորում, հետո էլի հայտնվում։ Բայց ընդհանուր միտումը դրա մշտական առկայության մասին է խոսում։ Չգիտես ինչու մշտական շտապողականություն է, դեպի ուր, ինքդ էլ մինչև վերջ չես ընկալում։ Դասական օրինակը դեպի տուն շտապելն է, ու տանը ոչինչ չանելը կամ դատարկ ժամանակ սպանելը։ Իհարկե, միշտ չէ որ այսպես է, բայց հիմնականում է այսպես։ Այս դեպքում անիմաստ է մնում շտապելու իմաստը։ Խոսքը միայն տան մասին չէ։
Մեկ այլ գործոն է փոփոխականության, քոչվորության գործոնը։ Շարժումը միայն տարածության մեջ չէ, այն նաև իրականության այս կամ ընկալումների միջև է, որը սեփական տեմպն ունի ու կարողանում է առաջարկել, երբեմն էլ պարտադրել։ Մնում է ընդունել, հարմարվել, վազել դրա հետևից, կախված ինչպես ես ինքդ քեզ տեսնում այդ իրականության ու այդ տեմպի մեջ։
Մյուս գործոնը սեփական ուղեբեռն է կամ կյանքի այն փորձը, որը կրում ես քո հետ։ Սա այլ կերպ աշխարհընկալում է, եսակենտրոնություն, էթնոկենտրոնության որոշ տարրերով։ Գործոններ, որոնք նույնպես ազդում եմ իրականության նոր տարրերի ընկալման արագության վրա ու կարող են ստիպել վազել, կամ ամեն ինչին մի փոքր այլ կտրվածքով նայել։
Մյուսը ժամանակի սեփական ընկալումն է ու ժամանակի առանցքի վրա ինքդ քեզ հատկացվող հատվածների հստակեցումը։ Մինչև երբ ես դու երիտասարդ, եթե կյանքի միջին տևողությունը մոտ 62-65 է, 30-ից հետո էլ «զահլա», «ռիսկ», «փորձ» չես անում ինչ որ մի բան նորից սկսել, էլ չեմ խոսում 40-ի մասին, կամ վախենում ես, քանի որ ուղեբեռը այլ բաների մասին է ստիպում մտածել։ Այս դեպքում շտապելը կարծես թե ինքն իրեն բացատրվող գործոն է ու ինքնին հասկանալի։
Իսկ եթե հանկարծ գիտակցում...

Հինգշաբթի իրիկուն, Մարատ

--

Շարունակությունը որոշեցի գրել, երկու օր անց։) Չնայած այն շարունակություն չի լինելու, քանի որ ինչի մասին պիտի գրեի, հիմա հազիվ թե կարողանամ նույն տեմպի մեջ շարադրել։ Դրա համար էլ կփորձեմ ինչ-որ ամփոփող «երկու տող»։ Միգուցե ստացվի...
Իսկ եթե հանկարծ գիտակցում ... -ը չի լքում, որ այդ վազքի մեջ դու միշտ հետապնդողի դերում ես լինելու, քանի որ շատ արագ փոխում ես վազքուղիները։ Մոտավորապես «աբգոնի» պես, բայց ոչ թե Երևան-Լեննական «տրասին», որտեղ ընդամենը մի շարք է ամեն ուղղությամբ, այլ քառաշարք «ավտոբահնի» վրա, որտեղ արագության սահմանափակում չկա։ Մեքենաները շատ են, տարբեր գույների, տարբեր արտադրության ու հնարավորություններով։ Մեկ հստակ շարք չկա, հետևից «սիգնալ» են տալիս կամ լուսարձակները «վառում-մարում»։ Շարքում մնալը ջանքեր է պահանջում, «ծուխը երբեմն ականջներից է դուրս գալիս»։) Եվ ի՞նչ ... կա՛մ քշել-քշել-քշել, կա՛մ «աբոչինա», կա՛մ էլ սովորական Երևան-Լեննական։


Կիրակի իրիկուն, Մարատ
--

2 comments:

  1. Nalbandyan Anahit04 March, 2011 18:08

    "Վսզվզոցի"պրիզմա...հետաքրքիր է...Ես կասեի ժամանակը չի հերիքում բոլոր և նրանց ովքեր շատ զբաղված են և նրաց որոնք ոչինչ չեն անում...բայց կա ևս մի շատ տարածված ու հետաքրքիր բան. նրանք ովքեր չափից ավելի են զբաղված ամեն ինչ ավելի լավ են կարողանում անել, և որքան էլ ժամանակն արագ է անցնում նրանք կարողանում թեկուզ և ժամանակի հետևից վազելով բայց ճիշտ ժամանակին ամեն ինչ հասցնել և կարծում եմ եթե նրանց ավել ժամանկ էլ տրվեր նրանք այդ նույն գործը նույ պես կկատարեին...

    ReplyDelete
  2. Marat Yavrumyan04 March, 2011 18:09

    Չգիտեմ, Անահիտ, իմ մոտ միշտ հակառակ զգացումն է եղել, ինչ Դուք եք ասում ամեն ինչ հասցնողների մասին. աշխատանքի կատարման որակի ընկալումից է գալիս։ Ժամանակը չափել կարողանալ է պետք ու իրականանալի առաջադրանքներ դնել։ Ամեն ինչ գալիս է ոչ իրականանալի կամ մեծ-մեծ խնդիրներ դնելուց։ Ճգիտեմ, ես այս հարցում շատ եմ հեռու իրականությունից։)

    ReplyDelete