Երբ Նվեր Մնացականյանը «Շանթ»-ից տեղափոխվեց Հ1, ArmComedy-ում կատակեցին, թե «Նվերը, որը հեռուստատեսության աշխարհում հայտնի է նորմալ մարդու դեմք ունենալու բացառիկ հատկությամբ, այսուհետ ներկայացնելու է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը»:
Խոսքը, իհարկե, անտրոպոմորֆիկ հատկանիշների մասին չէր, այլ կապույտ էկրանի այն կողմից հնչող ձայնի իմաստի, իմաստավորվածության, բովանդակության, հանրային տրամադրություններն արտահայտելու կարողության ու ցանկության։
Նախապատմությունը չէր լինի, եթե իհարկե պրն Մնացականյանը հեղինակային «Հարցազրույց» հաղորդաշարում զրույցի չհրավիրեր ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանին, ու հարցազրույցն էլ լայն քննարկումների տեղիք չտար իմ շրջապատում ու սոցիալական ցանցերում։
Հեղինակային իրավունքների պահպանմամբ, առանց հեղինակի անունը նշելու՝ մեկ մեջբերում այդ քննարկումներից. «Բայց Նվերը, ախր, էն դերը, որը պիտի կատարեր, կատարել չի կարող: Համեստ, նորմալ մարդ ա թվում իրականում: Նենց որ, Հ1-ը սխալվեց, որ Զուրաբյանին կանչեց, որովհետեւ Զուրաբյանն ակնհայտ Հ1-ին կրեց»։
Ամենը չէ, որ հանգում է կրել-չկրելու, հաղթել-չհաղթելու տրամաբանությանը։ Քաղաքականության մեջ, միգուցե, արդյունքն ավելի կարևոր է, քան ընթացքը։ Չնայած վերջին երեք տարիները ցույց տվեցին, որ երբեմն ընթացքը շատ ավելի կարևոր է, գոնե այս պահի ընթացքը, համեմատ այն արդյունքի, որը կարող էր ապահովվել էլի այս պահին։
Բուն հարցազրույցի դեպքում՝ երկու խնդիր։
Նախ՝ Հանրայինում հայտնվեց ՀԱԿ-ը։ Թե ինչու հայտնվեց, սա մի կողմ, ինչու հիմա հայտնվեց՝ սա էլ մի կողմ, մի՞թե Հանրայինն էլ է միացել «ազատ, արդար ընտրություններ» կազմակերպելու և «ընտրությունները հեղափոխություն են լինելու» գործին՝ սա էլ մի կողմ։ Այս պահին միայն ամրագրենք, որ ՀԱԿ-ը հայտնվեց Հանրայինում։
Երկրորդ՝ «Հարցազրույց»-ի հանդիպմանը նախապատրաստվել էր թե՛ Հանրայինը, թե՛ ՀԱԿ-ը։ Անգիր արած տեքստով, թույլ աշակերտի պես, ով ոչ մի կերպ չի ուզում լսել հարցը, որը շեղում է տեքստից, Լևոն Զուրաբյանն անընդհատ կրկնում էր այն, ինչ անընդհատ ասվում էր վերջին այս տարիներին։ Նվեր Մնացականյանն էլ, արդեն ուսուցչի դերում, որն ամեն կերպ փորձում էր աշակերտից մի երկու բառ քաշել, փորձում էր հասկանալ՝ ՀԱԿ-ը գնալու է ընտրությունների, թե չի գնալու, Իջևանի քաղաքապետի ընտրություններում ինչու եղավ այն, ինչ եղավ, ու էլի ինչ-որ ոչինչ չասող հարցեր։
Պրն Մնացականյանն այդպես էլ իր պատասխանները չստացավ։ Նա էլ էր իր հարցերն անգիր արել ու ոչ մի կերպ չէր ուզում տրամաբանել, որ Լևոն Զուրաբյանը նույնպես չէր ուզում տրամաբանել ու հեռուստաեթերը դիտարկում էր որպես միակ հնարավորություն՝ հանրության ավելի լայն հատվածին հասցնելու ՀԱԿ-ի հանրահավաքները, հասցնելու այն, ինչ լսելը սահմանափակվել է նույն հանրության համար։
Այս ամենն ավարտվեց նրանով, որ ոչ մի բանով չավարտվեց։ Հերթական դատարկ «Հարցազրույց»-ը։ Դատարկ՝ նոր գաղափարների, նոր մտքերի, նոր լրագրության, առհասարակ նորի տեսանկյունից։
Ինչ ստացավ հեռուստադիտողը, ինչ ստացավ հանրությունը, որի համար ու որի հարկերով Հանրայինը պարզապես օրեր է մթնեցնում եթերում։
Հեռուստադիտողը, որը «կրել-չկրելով» չէր տարված, ոչ մի բան էլ չստացավ։ Ով դրանով էր տարված՝ կա՛մ Լևոն Զուրաբյանի հաղթանակը տեսավ, կա՛մ Նվեր Մնացականյանի։
Պատրանքները փակում են աչքերը։ Կրվեցին երկուսով էլ, կրվեց հանրությունը ու նա, ով հավատում է Հանրայինի ու ՀԱԿ-ի նոր դեմքին։
Մարատ, «Օրակարգ», թիվ 47
--
No comments:
Post a Comment