Wednesday, November 16, 2011

Ոչ մի անձեռնմխելիություն

Աշխատանքային օրվա ավարտ, շենքի բակում վազվզող երեխաներ, շքամուտք։ Շքամուտքի դռանը սովորականի պես փակցված է էլեկտրաէներգիայի ամսական ծախսի ցուցակը՝ մուտքի բոլոր բնակիչների անուններով, վճարվելիք կամ էլ որպես կանխավճար վճարված գումարների չափերով, սպասարկող ընկերության կողմից տրամադրված բաժանորդի համարով, գիշերներն ու օրվա ընթացքում սպառված կիլովատտների չափով։

Տվյալները, համաձայնեք, քիչ չեն։ Կարելի է մեկ անգամ ևս ճշտել՝ ով է բնակվում շենքում, կամ արդյոք բնակարանը մուտքում բնակվող բնակիչների սեփականությունն է։ Ով ինչքան է վճարում, ով է գիշերային կյանքը նախընտրում ցերեկայինից։

Սա ակամա, «ձեռքի հետ», մինչև ցուցակում ցուցամատը սահեցնելով կհասնես սեփական անուն-ազգանվանը։ Առավել հետաքրքրասերների համար հնարավորություններն ավելի շատ են։ Հասանելի են ոչ միայն էլեկտրաէներգիայի վարձերը։

Մինչև վերջերս ArCa համակարգում առանց որևէ հավելյալ ջանքի կարելի էր ճշտել, թե բջջայինի այս կամ այն բաժանորդն ամսական ինչքան գումար պիտի վճարեր։ Այս կամ այն հեռախոսահամարի, սովորաբար «գոլդ», բաժանորդի անունը նույնպես հնարավոր էր իմանալ։ Այս ամենը դեռ շարունակում է խաղ ու պար մնալ ֆիքսված հեռախոսակապի դեպքում։ Կոմունալ այլ ծախսերի մասին տվյալները նույնպես հեշտ հասանելի են, ոչ մի խոչընդոտ։

Հիշեցնեմ՝ փողոցներում վճարային տերմինալներ էլ կան՝ շատ ավելի ընդարձակ հնարավորություններով։

Եթե դուք էլի հետաքրքրասեր եք, սակայն մարդկային շփումն եք նախընտրում տեխնոլոգիական լուծումներից, ապա մոտենում եք ցանկացած բանկային կամ փոստային բաժանմունքի։

Միգուցե հերթում մի փոքր սպասում եք, հետո մոտենում պատուհանին, աշխատակցուհուն ինչ-որ անուն-ազգանուն կամ հասցե թելադրում։ Խնդրեմ, կոմունալ բոլոր ծախսերի մասին տվյալներն արդեն իսկ հասանելի են ձեզ։

Իհարկե, ավելի հավաստի երևալու համար ստիպված եք լինելու ինչ-որ գումար վճարել։ Բայց թե ստացված տեղեկությունները հաստատ կարժենան այդ մեկ կամ մի քանի տասնյակ հազարը ու կբավարարեն ձեր հետաքրքրասիրությունը։ Առաջին բանկային անդորրագրից հետո հաջորդող բոլոր ամիսներին նույն հետաքրքրասիրությամբ կարող եք հետևել հաջորդող տվյալներին։

Կարելի է իմանալ նաև ինչ-որ մեկի վարկի չափը այս կամ այն բանկում։ Ցուցումները նույնն են՝ մի փոքր հերթում սպասում, մոտենում աշխատակցուհուն...։ Հաշվի առեք, որ այստեղ հայրանունը միգուցե ձեզանից ճշտեն։ Չի բացառվում՝ նաև վարկի տեսակը, «որը պիտի որ սպառողական լինի», կամ էլ հիմա չեք հիշում, ի վերջո, իրավունք ունե՞ք չէ բնույթով ցրված մարդ լինելու։

Հիմա մի պահ հաշվեք։ Քանիսի հեռախոսահամարներն ունեք դուք։ Իսկ քանիսն ունեն ձեր հեռախոսահամարը, գիտեն ձեր անուն, ազգանուն, հայրանունը։

Իսկ ինչ եք կարծում, վերջիններիս շարքում շա՞տ հետաքրքասերներ կան։ Իսկ դուք ինչ-որ մի կերպ համաձայնե՞լ եք կամ ինչ-որ մի փաստաթղթի տակ ստորագրե՞լ եք, որ ձեր մասին անձնական տվյալները հասու լինեն այս կերպ։

Մարատ, «Օրակարգ», նոյեմբերի 16
--

No comments:

Post a Comment