Չէի սպասում, անկեղծ եմ ասում։ Փաստորեն կյանքի ընկալումն էլ է փոխվում ամեն ինչի ու տարիների հետ։ Երբեք չէի սպասի ինձանից։
Ողջույնի խոսքեր, ու դեպի դասարան։
Ուսուցչուհուն վաղուց ենք ճանաչում, նա դեռ Սոնային է դասավանդել։ Հենց այս ուսուցչուհու համար, ճիշտն ասած, որոշեցինք որ Դադը պիտի նույն դպրոցը հաճախի, ինչ Սոնան։ Էլի ողջույնի խոսքեր, մաղթանքներ։ Նա իր գործը լավ գիտի, նախաձեռնող է, երեխաներին կարողանում է հասկանալ ու ոգևորել, դպրոցական ստանդարտ ուսպլանի նկատմամբ սեփական վերաբերմունքն ունի, որից շահում են երեխաները։ Մի խոսքով, լավ ուսուցչուհի է, Դադի ուսումնական առաջին 4 տարիների համար ես ավելի քան հանգիստ եմ։
Հետո, ինչ-որ մի պահի, հանկարծ տխրեցի։ Գիտեք, հավանաբար, ուրախության պահին ինչ-որ հանկարծ մի տեսակ տխրություն է իջնում հոգուդ։ Թախի՞ծ, մի գուցե։
Գիտեք ինչո՞ւ։ Ո՛չ նրանից, որ փոքր ընտանիքով էինք, չնայած մեծ ընտանիքի ներկայությունը նույնպես չէր խանգարի։ Ո՛չ նրանից, որ հիշեցի, որ իմ առաջին դասարանի ուղեկիցը, Վաչիկը, հիմա ողջ չէ ու Աստված հանգստություն տա նրա ու նրա որդու հոգիներին։ Ո՛չ նրանից, որ իմ առաջին դասարանի միակ փուչիկը ճանապարհին պայթեց։ Ու, ի վերջո, ո՛չ նրանից, որ էլ ոչ մի բան չեմ հիշում իմ այդ օրվանից։
Հանկարծ տխրեցի, որ ես ոչ մի կերպ կապված չեմ դպրոցի հետ, չնայած ինչ-որ մի ժամանակ դասավանդել եմ այնտեղ։ Կապված չեմ, հոգեպես կապված չեմ։ Սոնայի դասարանցիներին, իհարկե գիտեմ, բայց ոչ մեկի հետ վերջին մի քանի տարիների ընթացքում ոչ մի բառ չեմ փոխանակել, իսկ կուզենայի, շատ, անչափ շատ կուզենայի։ Իհարկե, առաջին արդարացումը՝ արագ է, խառնաշփոթ, ժամանակ չկա ու նման հիմար բաներ։ Իհարկե, հիմար, ահավոր հիմար։ Կինս, իհարկե, կապված է, նա մեկ այլ պատմություն է։)
Տխրեցի, որովհետև հոգևոր կապի բացակայության պայմաններում, ես որևէ կերպ պատասխանատու չեմ զգում ինձ դպրոցի նկատմամբ։ Իհարկե, որպես այս (դեռևս ոչ իմ) պետության քաղաքացի, ես կապված չեմ, կապված չեմ նաև որպես արդեմ ԻՄ ԵՐԿՐԻ մասնիկ։ Հիմա կապված չեմ ո՛չ իմ հարազատ դպրոցի հետ, ո՛չ էլ իմ երեխաների դպրոցի հետ։
Ինչպես միշտ, փորձել եմ այդ կապը գնել, առնել։ Ախ այդ առևտուրը ...։ Բայց ոչ մի նախաձեռնություն իմ կողմից։ Հարցրեք ինքներդ, քանի անգամ եք երեխաների հետ օգնել դասարանը նախապատրաստել սեպտեմբերի մեկին, զարդարել դասարանը, մաքրել այն, ներկել նստարանները, հատակը, պատուհանները, ինչ որ նոր բան պատրաստել դասարանի համար, որը ավելի հարմարավետ կամ հետաքրքիր կդարձնի երեխաների՝ քո երեխայի, առօրյան, երեխաների դասընկերների հետ կատակել, վազել, ֆուտբոլ խաղացել, մի խոսքով, դպրոցի համար ինչ որ մի բան արել։
Իհարկե, ինչ-որ մի բան արել եմ, բայց միայն, բացառապես գումարային համարժեքով՝ դպրոցական ֆոնդի համար պարտաճանաչ ու մեկ մեկ էլ մի փոքր ավելի վճարելով։ Դասարանական դրամահավաքներին (որին բացառապես դրականորեն եմ վերաբերվում) մասնակցելով։ Ուսուցիչներին, տնօրեին ամեն կերպ աջակցելով։ Բայց, միևնույն է։
Մեղադրել ու բոլորից ինչ որ մի բան պահանջել, իհարկե, կարող են բոլորը ու էլի ինչ-որ վիրտուալ խմբեր բացել՝ «Պահանջում ենք, պահանջում ենք»։
Քանիսն է մեզանից պատրաստ զոհել իր աշխատաժամանակի մի մասը, իր ձեռոքվ այդ պահանջածը անելու համար ու դրա դիմաց ստանալ ասենք գործատուի հանդիմանությունը, թե ինչո՞ւ ես ուշացել։ Ո՞վ է պատրաստ մեզանից պարբերաբար այդպես վարվել։
Իհարկե, հիմա կսկսեք արդարանալ։ Կփորձեմ նաև ես, չնայած չէ, չեմ էլ փորձի։
Իհարկե, ՀՀ ԿԳՆ-ն բարի պտուղը չէ, բայց ինձ դա չի էլ հետաքրքրում (կուզենայի որ բարի պտուղը լիներ)։ Բարի պտուղը չէ նաև ՀՀ-ն, հույս էլ չունեմ, որ որպես պետություն այն բարի պտուղ կլինի երբևիցե։ Չնայած էլի կուզենայի, շատ կուզենայի։ Ամպի չափ կուզենայի։
Ինձ ԱՅՍ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ չի հետաքրքրում, ցավոք, ինձ ԻՄ ԵՐԿԻՐՆ է հետաքրքրում, միայն։
Կասեք եսասիրական է, համայքնային, կլանային։ Միգուցե, չեմ ժխտում, չեմ էլ փորձելու։ Ես այսպիսին եմ։ Ես իմ կյանքն եմ ապրում։
Կասեք քաղաքացի չեմ, միգուցե, չեմ էլ ձգտում, գիշերներն էլ հանգիստ եմ քնում, որ չեմ էլ ձգտում։
Բայց պիտի փորձեմ երկրին պիտանի լինել։ Դադը, Սոնիկան ստիպեցին ինձ այսօր, առաջին անգամ, ինչպես կասեր Ս.Բ.-ն, մինչև ենթաստամոքսային գեղձս զգալ, որ պիտի պատասխանատու լինել։
Ճիշտ ճանապարհն անցնելու պես։ Ախր խնդիրն այն չէ, թե ես կանցնեմ ճանապարհը կարմիր լույսի տակ, թե չէ։ Իհարկե, կարող եմ անցնել ու մեքենայի տակ էլ չընկնել, ի վերջո, հավ չեմ։ Հուսամ հավ չի լինի նաև վարորդը։ Խնդիրը, սակայն, այն է, թե ինչքանով եմ ես, դուք, մենք՝ բոլորս, պատրաստ փողոցն անցնել միայն կանաչ լույսի տակ։
Ի վերջո, ի՞նչ է իրենից ներկայացնում այսօր մի «մի ավելն ու մի սավոկը», որ պիտի թեժ քննարկել, թե ինչքան ենք դրա համար փող հավաքելու։ Կամ ինչքան ենք փող հավաքելու, որ հավաքարարը դասարանն ամեն օր մաքրի, որպեսզի մեր երեխաները փոշի չշնչեն։
Հիմա կասեք, սա պետության գործն է, պետությունը .... բլա բլա բլա ... Իսկ ես ո՞ւր եմ, ո՞ւր եմ ես, ոչ որպես քաղաքացի, որպես պատասխանատու հայր, ծնող, երկրացի։ Ո՞ւր եմ ես։
Մեղադրել, մեղադրել, խոսել ... հոգնել եմ, հոգնել, թքած ունեմ։ Չե՞ն անում, ո՞վ պիտի անի։ ՀՀ-՞ն, ես ՀՀ-ի մասնիկ չեմ։ Ես պիտի անեմ, թքած անորոշ հոգնակիի վրա։
Սեպտեմբերի 1, կեսօր, Մարատ
Հ.Գ. Օգնենք դպրոցին, այն մեր կարիքն ունի, մեր պատասխանատվության, մեր աջակցության, մեր եսի, ծնողի, հոգատար ծնողի կարիքն ունի։ Ամեն ինչ գումարի մեջ չէ, հավատացեք։
--
--
No comments:
Post a Comment