Sunday, September 11, 2011

Աստված գիտի, ես չգիտեմ

Սպասում եմ, անընդհատ սպասում։ Ամեն ինչ հետաձգում, թողնում հետոյի։ Ինչի եմ սպասում, Աստված գիտի։ Չնայած ես էլ գիտեմ։ Ինչո՞ւ եմ սպասում։ Այ սա Աստված գիտի, իսկ ես չգիտեմ։ Միգուցե Աստված էլ չգիտի։

Երևի շատ ավելի հեշտ է հետոյի հույսով ապրելը։ Չէ որ այս պահին ոչ մի բան անել պետք չէ, հետո ես անելու։ Խոստումներ տալն էլ է հեշտ։ Չէ որ խոստումներն էլ են հետոյի դաշտից։ Սպասելն էլ է հեշտ, հետո է լինելու։ Կամ եթե չի լինելու, միևնույն է, էլի հետո է։ Ինչպիսին է այդ հետոն, էլի հետաքրքիր չէ, հետո կերևա կամ չի էլ երևա։

Սպասում ես ու սպասում, ծրագրում ու ծրագրում, պատմում ծրագրերից ու պատմում։

Հետոն ինչ-որ մի ժամանակ հետո գալիս է, նայում ես անցած սպասումների ամիսներին, պարզվում է ոչինչ։ Ոչինչ՝ հետոյին սպասելու ջանքերի դիմաց։

Չգիտես, հետոն ծրագրելն էր ավելի վատ, թե՝ չծրագրելը։ Հետոյով ապրելը դառնում է ապրելու հիմնական փիլիսոփայությունը, ներկան էլ է վերածվում հետոյի, երբեմն անցյալի, բայց ոչ երբեք ներկայի։

Անորոշ ու էլի անորոշ ու էլի անորոշ։ Չգիտես ինչի համար, հանուն ինչի։

Վերջ։

Շաբաթ լույս կիրակի գիշեր, Մարատ

Հ.Գ. Անորոշ ու սպասումների մեջ։
--

No comments:

Post a Comment