Wednesday, September 28, 2011

ՀԵՆՐԻ ՖՈՐԴԸ ԵՎ ՀՀ ԵՐԵՔ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

Հենրի Ֆորդի անվան հետ կապված մի պատմություն կա: Մի օր նա որոշում է իր գլխավոր կառավարիչներին անսպասելիորեն ուղարկել արձակուրդ, որից վերադառնալուն պես նրանց մի մասը ստանում է պաշտոնանկության ծանուցում: Պատճառաբանությունը բավական տարօրինակ էր. նրանք ուղղակի անփոխարինել էին:
Խնդիրն այն է, որ կառավարիչների հանկարծակի մեկնմանը հաջորդել էր նրանց ենթակա կառույցների կաթվածահարությունը, ինչը, ըստ Ֆորդի, նշանակում է մի բան. տվյալ անձինք վատ ղեկավարներ էին, քանի որ չէին կարողացել ստեղծել կենսունակ ու ինքնաբավ համակարգ, որը կգործառներ առանց կենտրոնի անընդհատ հրահանգների:

Ֆորդը, ինչպեսև հայ օլիգարխներից շատերը, չուներ որևէ կրթություն: Սակայն ի տարբերություն վերջիններիս, Ֆորդն իր միլիարդները կուտակել է միմիայն իր մտավոր ձիրքերի և տաղանդի շնորհիվ: Ավելին, Ֆորդը գիտական տեսության հիմնադիր է, ունի դասական աշխատություններ, ուստիև նրա այս մոտեցումը կարելի է ընդունել որպես կառավարման արդյունավետության գնահատման արժանահավատ մոդել, որը կարելի է կիրառել անգամ Հայաստանում։

Այսօր ամենաքննարկվող թեման երեք նախագահների կանխատեսվող առճակատումն է առաջիկա ընտրապայքարում: Լևոն Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան դիմակայությանն արդեն բացահայտ միացել է նրանց պաշտոնաթող գործընկեր Ռոբերտ Քոչարյանը:

Թե ո՞վ է առաջինը հատելու այս մրցավազքի եզրագիծը, դժվար է միարժեքորեն ասել: Էլ առավել դժվար է նշել, թե նրանցից ո՞վ է իրոք արժանի այդ պատվին: Ոմանք ասքեր են հյուսում տեր-պետրոսյանական «ժողովրդավարության կղզյակ»-ի մասին, ոմանք` հիանում քոչարյանական Հայաստանի տնտեսական երկնիշ ցատկերով, մի մասն էլ կուրորեն հավատում Սերժ Սարգսյանի մեծ բարեփոխչի կոչմանը:

Ինչևէ, փաստ է այն, որ նախագահներին վերագրվող այս բոլոր առաքինությունները (որոնք, իհարկե, իրականում չկան էլ) երկրորդական, եթե ոչ երրորդական են այս բանավեճի համատեքստում: Վիճակագրական երկիմաստ ցուցանիշներից և միջազգային սուբյեկտիվ զեկույցներից անդին կա գնահատման մեկ այլ ունիվերսալ չափանիշ, որի արդյունավետությանը հավատում էր Ֆորդը: Դա ստեղծված համակարգի կայունությունն ու ինքնուրույնությունն է: Այլ կերպ ասած, այնքան էլ կարևոր չէ, թե ինչ ձեռքբերումներ են արձանագրվում, ինչ բարձունքներ նվաճվում, էական է, որ դրանք լինեն երկարաժամկետ, այլ ոչ թե հօդս ցնդեն առաջին իսկ հարվածից:

Ֆորդի պրիզմայով երեք նախագահների գործունեության դարաշրջաններն ունեն հետևյալ պատկերը: Եթե անգամ գովերգվող հաջողությունները եղել են, ապա դրանք անցողիկ են ու ակնթարթային, նույնիսկ անիմաստ, քանի որ «հաղթական» համակարգը գործել է ճիշտ այնքան, որքան դրանց հիմնադիրները: Անձ-կառույցն ուղղակի չի կարող լինել լավը:

Եվ իրոք, ի՞նչ է տալու Լևոն Տեր-Պետրոսյանի «ժողովրդավարության կղզին», եթե այն կարող է ընդամենը մի քանի շաբաթում անցնել ջրի տակ, ասես չի էլ եղել, ո՞ւմ է պետք երկնիշ ցուցանիշներով աճող քոչարյանական «կավե ոտքերով հսկան», որը ծնկի իջավ առաջին իսկ հարվածից, որքանո՞վ է արդյունավետ Սերժ Սարգսյանի բարեփոխիչ վարչակազմը, եթե այն գոյատևում է բացառապես վերջինիս անձի շնորհիվ:

Սրանք, թերևս, խնդիրներ են, որոնք ծանրագույնն են Հայաստանի համար: Մեր երկրի ճակատագիրը վերջին 20-ամյակում մշտապես կախված է եղել անհատներից, ովքեր, լուծելով կարճաժամկետ պրոբլեմներ, հեռացել են ասպարեզից` չստեղծելով մի համակարգ, որ կպահպաներ նրանց ձեռքբերումները: Նրանք բոլորը եղել են «անփոխարինելի»` կառավարելով ոչ թե համակարգային, այլ` միանձնյա:

Հարցին, թե նախագահներից ո՞վ է առավել արժանի առաջինը հատել մրցավազքի եզրագիծն այս անգամ, իրոք դժվար է պատասխանել: Սակայն վստահ եմ, որ Ֆորդը հարցին կհակադարձեր մեկ այլով. իսկ միգուցե երեքից և ոչ մեկը՞:

Հայկ

ՕՐԱԿԱՐԱԳ, սեպտեմբերի 27, թիվ 5
--

No comments:

Post a Comment