Համահայկական երրորդ համաժողովում Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հայրապետական ողջույնի խոսքում «կարգ մը մտածումներ ու մտահոգութիւններ» «բաժնեց» համաժողովի մասնակիցներին։
Հայաստանյան լրատվական դաշտը բուռն արձագանքեց Հայրապետի միայն որոշ «լուրջ տագնապներ»-ին՝ խորհրդածելով «Հայաստանը իր ժողովուրդէն, իր ստեղծագործ ոգիէն, իր որակէն» պարպված չտեսնելու մտահոգության ու «փտածութեան, քորուփցիա կոչուող հիւանդութեան արագասոյր ընթացք»-ի ու «փոքրամասնութեան մը տնտեսական յղփացած վիճակ»-ի քննադատության թեմաների շուրջ։
Իսկ Հայրապետի մտահոգություններն ավելի ընդգրկուն էին ու խորունկ՝ Հայաստան-Սփյուռք գործակցության վերաիմաստավորում, համահայկական մտածողության ու հավաքական «մենք»-ի գիտակցության ձևավորում, մոտեցումների տարբերությունը հարգելու անհրաժեշտություն, ավելի գործուն քայլեր Ցեղասպանության պահանջատիրության ուղղությամբ։
Հայաստանյան հասարակությանը խնդիրները խորթ չեն, միգուցե մի փոքր այլ են առաջնահերթությունները։ Ուրախալի էր, որ Սփյուռքի ինչ-որ մի հատված ևս անմասն չէ այս ամենին։ Հայրապետը եկեղեցուն կոչ էր անում նույնպես անտարբեր չմնալ «վատառողջ երեւոյթներուն դիմաց»:
Հայրապետը ողջունում էր ոչ միայն «մտածումներով», այլև «սպասումներով»։ Այ այստեղ էր, որ...
Հանրային հեռուստաընկերությունը պիտի որ հանրության տրամադրություններն արտահայտի։ Հանրությունը հազիվ թե նույնական է պետության հետ, պետությունը՝ իշխանության։ Ամեն դեպքում, հեռուստատեսությունը հենց իշխանական է հանրային ընկալման մեջ, իսկ հետհայլուրյան «Տեսանկյունը»՝ հանրային տրամադրություններն արտահայտողի հավակնությամբ։
«Հանրության անունից» այստեղ որոշվել էր բարձրաձայնել հանրության կարծիքը՝ համաժողովում հնչած մտածումներին։ Իսկ «հանրության արձագանքը» բավական երկար ու նախապատրաստական ու հայլուրյան ոճով նախաբանից հետո ամփոփվում էր՝ «Բոլորս պետք է գիտակցենք, որ եթե Հայաստանը մեկն է ու այն բոլոր հայերինն է, խնդիրներն էլ, համապատասխանաբար, պետք է բոլոր հայերինը լինեն» («Տեսանկյուն», 19 սեպտեմբերի)։
Ափսոս մեջբերման հանդիմանական ու խրատական տոնը հնարավոր չէ փոխանցել այստեղ։
Լավ չհասկացվեց՝ մի՞թե հանրության անունից կերցնում էին «Սփյուռքի որոշ կառույցների», որոնք հանդգնում են քննադատել։ «Սփյուռքահայերը կամ Սփյուռքի որոշ կառույցներ»... ո՞վ։ Համաժողովում շատերը չէ, որ իրոք մտահոգ էին։
Չլինի՞ հայաստանյան քաղաքական խոսույթում ամենաընկալելին դեռ ինքնանպատակ «աբառոտկա ֆռռալու» տրամաբանությունն է՝ հաջորդող նույնքան ինքնանպատակ ինքնաբավարարվածության ու ինքնահաստատված մնացած լինելու զգացումով։
Երեքշաբթի իրիկուն, Մարատ
«Օրակարգ», ԹԻՎ 2, խմբագրական
--
No comments:
Post a Comment