Monday, August 29, 2011

Սեպտեմբերի 21-ից սեպտեմբերի 21

Հայաստանը՝ դու ես: Պնդումն ամենուրեք էր և է ու ամեն քայլափոխի: Այն պիտի որ ամփոփեր Երրորդ Հանրապետության գոյության երկու տասնամյակի ամբողջ միգուցեև իմաստը, տրամաբանությունը, փիլիսոփայությունը, առաքելությունը, ու պաշտոնապես ու պետականորեն, Իր իսկ անունից ու սեպտեմբերի 21-ին:

Գոյությունը մեկ առանձնահատկություն ունի՝ անկախ։

Ու պիտի հորդորվեր գնահատել, արժանին մատուցել, գիտակցել կարևորությունը՝ անկախ գոյության կարևորությունը: Գիտակցել ժամանակի մեջ, տեսնել ժամանակների միջև կապը ու մեկ անգամ ևս արժևորել անկախ ապրելու ու ապագա կառուցելու պատմական այն հնարավորությունը, որն ընձեռվեց, կերտվեց քսան տարի առաջ:

Պիտի պատգամվեին սերունդները՝ ներկա ու գալիք, պահպանել ու խնամել ու փոխանցել այս հնարավորությունը, այս հողի վրա ու այս լեզվով: Պիտի գնահատվեին ու ամփոփվեին քսան տարիները, պիտի հաջողված ու ոչ այնքան, դժվարին ու հաղթանակների տարիներ հիշվեին, ու կառույցների ալիքը վերջապես նոր Մատենադարան ստեղծեր:

Հայաստանը՝ դու ես: Փաստորեն՝ նաև ես, միգուցե և ձեզանից յուրաքանչյուրը: Իսկ դու՝ ո՞վ: Միգուցե յուրաքանչյուր ոք, ով հայերեն կարդալ գիտի, ով հայերեն է հասկանում, ով Երրորդ Հանրապետության քաղաքացի է, ում համար հայը նաև կրոնական ինքնագիտակցում է, կամ, ի վերջո, ով իրեն հայ է զգում:

Իսկ ինչու խոսակցի դիտանկյունից: Մի՞թե պիտի ինձ շնորհվի Հայաստան լինելու իրավունքը, միգուցե ես դեռ պիտի նվաճեմ Հայաստան լինելու իրավունքը, միգուցե շնորհը, ումի՞ց: Միգուցե պարտադրվում է ինձ Հայաստան լինել ու կրել Հայաստան լինելու պատասխանատվությունը, իրավունքը:

Ինչ-որ տարօրինակ գիտակցում է, անկախ գոյության իմաստի, տրամաբանության, փիլիսոփայության, առաքելության տարօրինակ գիտակցում: Տարօրինակ է մասնակցայնության առումով:

Միթե մեզանից յուրաքանչյուրի ցանկությունը, պատրաստակամությունը, որոշումը չէ, լինել Հայաստան, Հայաստանի մի մասնիկը: Անձնական որոշում, թե հանրության, համայնքի, հասարակության ու վերջապես, ինչ որ մեծ, շատ մեծ ու կարևոր, անչափ կարևոր ու հնուց, շատ-շատ հնուց եկող իրադարձությունում ընդգրկված, անպայմանորեն ընդկգրված ու իրեն մասնիկ զգալու անհագուրդ ձգտումը չէ:

Որքանով է մեզանից յուրաքանչյուր իրեն այդ իրադարձության մասնիկ զգում, կամ իրեն մասնիկ զգալու ցանկություն ունի, «երկիրդ երկիր է» գիտակցում կամ ուզում կառուցել: Ով է իրեն այսօր, այս պահին Հայաստան զգում, իրոք զգում, ոչ միայն հայատարարում:

Հայաստանը, ես եմ իհարկե, բայց միայն ոչ սեպտեմբերի 21-ից սեպտեմբերի 21: Սեպտեմբերի 21-ը խորհրդանիշ է, գործի խորհրդանիշ: Իսկ այն ամենօրյա է, ամեն առավոտ, ամեն կեսօր ու ամեն երեկո: Հայաստան լինելը բարդ է, դժվար, այն հոգու արիություն է պահանջում, այդ արիության գիտակցում ու գիտակցված ընտրությունը:

Չստացվեց, ինչ ուզում էի, միգուցե նույն խանդավառությամբ չեմ հավատում «երկիրդ երկիր է»-ին քան «չէ»-ին:

Անհայտ իրիկուն, Մարատ

Հ.Գ. Հայրենիքը հեռուեն պիտի «սիրել»
--

No comments:

Post a Comment