Friday, August 5, 2011

Որն է ուղին

Հոգին ուզում է ինչ-որ մի բան անել, ինչ անել, ինքն էլ գլուխ չի հանում: Բայց ուզում է, երեխայական ուզելու նման է սա: Ոչ մի պատճառ չկա, թերևս միակ պատճառը նորը ճանաչելու, իմանալու, տեսնելու, զգալու երեխայական մղումն է: Ուզելը երևի թե ստեղծելուն հոմանիշ է, եթե ոչ նույնական: Կային ժամանակներ, խնդիրը խաղալիքներն էին լուծում, մի փոքր ուժ ես տալիս երևակայությանն ու խնդրեմ: Հիմա երևի թե ավելի բարդ է. երևակայությանը, իհարկե, միշտ էլ կարելի է զոռ տալ, բայց թե արդյունքը միշտ չէ որ այնպիսին է, ինչպիսին խաղալիքների դեպքում էր:

«Հարթեցրու քո մեջ բլուրները բարձ-բարձր, ու կհարթվեն անդունդներն իսկույն ...» ու կրկին «Քուրմը կանչեց»: Երևի թե խելքին մոտ է, պիտի որ իմաստուն խոսքեր լինեն սրանք: Գլուխ չեմ հանում, պիտի որ, երևի թե, միգուցե, չի բացառվում ...: Դատարկաբանությո՞ւն, հազիվ թե, դատարկ չեն լինում բառերը:

Արդյոք հարթ ուղիներ է, որ փնտրում են մեզանից շատերը, Աստված գիտի, ով է գլուխ հանում: Տքնաջան ու տարիներ ձգվող ու հույսի մինչև վերջին կաթիլը քամող ջանքն է արդյոք այն ուղին, որն արդյունք է տալու ... չգիտեմ, հազիվ թե, պիտի որ՝ ոչ, պիտի որ:

Ինչու են դժվարությամբ տրվում որոշումները, թեև դրանք բարդ չեն, վճռորո՞շ՝ չէի պնդի, դրանցից անգամ ինչ-որ բան կախված չէ, պարզ ու հասարակ որոշումներ են: Միևնույն է, դժվար են տրվում: Թեև որոշումներ են, որոնք հերթական անգամ հերթական քայլով մշուշում են մղումը: Մի՞թե ափսոսանքի զգացումը միշտ ուղեկից է մնալու: Հազիվ թե տրամաբանություն կա ընթացքի մեջ, հազիվ թե:

Իրիկուն, Մարատ
--

No comments:

Post a Comment