Thursday, August 11, 2011

Էստի համեցե՛ք, էստի ...

Ինչ-որ մի պահից սկսած, ավելի շուտ՝ անցյալ ամառվանից, իմ բոլոր գրառումները բլոգում անկախ ինձանից հայտնվեցին էքզիստենցիալ դաշտում: Ինչո՞ւ, քառամյա ընդմիջումից հետո դժվար էր հաշտվել մտքի հետ, որ գիտակից կյանքի անցյալ ամբողջ ընթացքը, 1995-ից սկսած, իզուր էր, հիմնականում: Ահա թե ինչու, ամեն կերպ փորձում էի իմաստ որոնել այնտեղ, որտեղ այն պարզապես չկար:

Ճանապարհի կեսից հետ կանգնելը նույնպես մեծ խիզախություն է պահանջում: Այն ցավոտ է, որոշում է, որը հեշտ չի տրվում, եթե տրվում է ընդհանրապես: Մինչև վերջին վայրկյանը կառչում ես ամենաբարակ մազից անգամ, ինչ-որ դատարկ հույսերով քեզ հույս տալիս ու ինչ-որ արհեստական իրականություն ստեղծում, թե ամեն ինչ նորմալ է կամ պիտի որ նորմալ լինի, պարզապես իրերի դրության սեփական ընկալումն է տարօրինակ կամ ոչ համապատասխան այս՝ հայաստանյան, իրականությանը: Շատ չեմ փիլիսոփայի, համալսարանական կրթության ու գործունեության մասին է խոսքը:

Այնպես դասավորվեց, որ ԵՊՀ-ում մագիստրոսական ծրագրերից մեկը ես եմ ղեկավարում: Անմիջականորեն մասնակցել եմ այդ ծրագրի կազմմանը, ներդրմանը, հետո առաջմղմանը, հետո ինչ-որ պուճուրիկ «տյունինգների», դասավանդում եմ ծրագրում: Չորս թողարկում ենք ունեցել այդ ծրագրով, եղել են բավականին, կասեի անգամ շատ հաջողված մագիստրոսական թեզեր ու այդ թեզերի հետևում կանգնած մագիստրանտներ: Եղել են նաև այնպես, ինչպես միշտ: Ընդհանուր առմամբ, եթե կհետաքրքրվեք իմ ընդհանուր տպավորությամբ, որը բավականին սուբյեկտիվ է ու չափազանց քննադատական ու շատ խիստ՝ «Ափսոս չհաջողվեց ունենալ այն, ինչ ծրագրում էինք ու ցավոք տեղի տվեցինք հայկական իրականությանն»: Սա արձանագրում եմ խորին ցավի ու ափսոսանքի զգացումով:

Հիմա կսկսեք մեղավորներ փնտրել, հետո սովորույթի համաձայն՝ խարազանել: Ո՞ւմ, ինչի՞ համար, հանուն ինչի՞, ո՞ւմ է պետք, կարևո՞ր է արդյոք ... ուր ես ընկել, ինչ ես ուզում:

Բարձրագույն մասնագիտական կրթության կազմակերպման մասին կարելի է շատ, անչափ շատ փիլիսոփայել: Երբեմն հաջողված ակնարկներ գրել, բայց դրանից քիչ բան է փոխվում, գործ անողներն են քիչ, ավելի շուտ՝ գործ դնողներն են շատ: Համալսարանական կրթությունը այսօր հազիվ թե տարբերվում է դպրոցականից: Դպրոցականը՝ վարժապետությունից:

Հիմա կասեք ... շատ բան կասեք, ես նույնպես կասեմ:

Մագիստրոսական ծրագիրը, որն առավելապես լեզվաբանական է իր բնույթով, հիմա ուսանողներից քչերին է հետաքրքրում: Չորս այդ տարիների ընթացքում ես այդպես էլ չկարողացա հասկանալ, թե ինչ էին ուզում ուսանողները այդ ծրագրից: Միգուցե ես լսելու ունակություն չունեմ, միգուցե: Միգուցե նրանք ինքները չգիտեին, ինչ են ուզում այդ ծրագրից, միգուցե:

Ուսանողակենտրոնության մասին վերջերս շատ են խոսում, աշխատաշուկայի պահանջարկին համաքայլ ընթացքի մասին՝ նույնպես: Այս ամենը այն դեպքերի համար, երբ ուսանողները գիտակից են, իսկ աշխատաշուկայի պահանջարկ իրապես կա: Մյուս բոլոր դեպքերում՝ դատարկ խոսակցություններ են:

Հիմա կասեք այսպես չէ, գույները խտացված են, միակողմանի է, իրականությանը չի համապատասխանում: Չեմ բացառում, տարակարծությունը միշտ եմ հարգել:

Ելք, լուծում, առաջարկ ... Աստված դրանց հետ:

Աշոցք-Ղուկասյան, իրիկուն, Մարատ
--

No comments:

Post a Comment