Գիտեք ինչու են բլոգներն այս կամ այն չափով տարածված։ Բացի մոդայիկ լինելուց, որը նույնպես գործոն է, նայած ում համար, այն նաև գործիք կամ միջոց է, ինչ-որ մի բան անելու կամ հասկանալու համար։ Այն ավելի ազատ է, ինչը թույլ է տալիս գրառումներն այստեղ օգտագործել ինչ-որ հում մի բան «խելքի բերելու» համար, գյալաջիի գրավոր տարբերակ է։ Եթե արձագանքներ կան, ապա շատ լավ, եթե չկան, ապա էլի լավ։ Ազատությունը շատ դեպքերում շատ է օգնում։ Ժամանակ առ ժամանակ օգտվում եմ այս հնարավորությունից։ Ինչն է հետաքրքիր, երբեմն գրառման կեսից շատ բան արդեն պարզ է, երբեմն պարզ չէ անգամ ավարտից հետո։ Ինչի մասին գրում եմ հիմա, թույլ կտա ինչ-որ մի բան հասկանալ, կամ չհասկանալ։ Վերջում կերևա։
Հետաքրքիր է պատմության նկատմամբ մեզանից շատերի մոտեցումը։ Պատմությանը երկու անկյունով նայեք՝ թվերի, փաստերի, իրադարձությունների հաջորդականություն, փաստագրական նյութ, և պատմություն, որը դարաշրջաններ է, պատկերացումներ, միտումներ, օրինաչափություններ, կապեր իրադարձությունների ու երևույթների միջև ու այս ամենը կրկնության մեջ։
Առաջինը զուտ պատմագրություն է կամ փաստա-վավերագրություն։ Երկրորդը պատմաբանություն է, կամ էլի պատմագրությունը, նայած գիտական որ ավանդույթում ես։ Ինչն է ավելի հետաքրքրի, դժվար է ասել, միգուցե երկուսն էլ հավասար հետաքրքրի են։ Խնդիրն այստեղ ուրիշ է, դրանցից որ մեկը դեպի ուր է նայում, ինչ գիտելիք է։
Գիտելիքն էլ տարբեր է. վերջերս կարդում էի, հետո հետաքրքիր հաղորդումներ նայում, հետո էլի կարդում, գիտելիքի մասին։ Հիմա նվազագույնը գիտելիքի մեջ երկու կտրվածք եմ առանձնացնում՝ հումանիտար ու ժամանակային։ Կտրվածքներն անմիջապես սեփական հետաքրքրությունների հետ են կապված։ Հումանիտարը հակադրում եմ տեխնոլոգիականին։ Հումանիտարն ընկալում եմ դասական իմաստով՝ հանուն մարդու կամ մարդու համար։ Հիմա այդ «հանուն»-ը կամ «համար»-ը տարբեր է տարբեր ժամանակներում, պայմանավորված նրանով, որ մարդն է, ավելի շուտ նրան առաջ մղող պահանջմունքները, բնազդները տարբեր են տարբեր ժամանակներում։ Հումանիտար գիտելիքը, ինչպիսին այսօր մեր դպրոցական գիտելիքն է, կամ մեր համալսարաններում տրվող գիտելիքը, անկախ նրանից, հումանիտար թե բնագիտական հոսքում, ինչ որ մի ժամանակաշրջանի մարդու գիտելիք է, ընդ որում, այդ ժամանակաշրջանը հաստատ 20-րդ դարի կեսերից (կամ ավելի վաղ) վերջացել է այն հասարակություններում, որտեղ այդ գիտելիքը ձևավորվել է։ Հումանիտարը հասկացեք որպես գիտելիքի բնույթ, ոչ նրա էությունը։ Այն մինչև նշված ժամանակաշրջանը գործիք էր, գործիք հասարակության, առանձին մարդկանց համար։
Ժամանակները, մարդիկ, հասարակությունները փոխվել են, իսկ հումանիտար գիտելիքի դերի մասին պատկերացումները մինչև այսօր մեր հասարակությունում մնացել են նույնը։ Եթե ասենք ես մինչև 1990-ականներին «նեղվում էի», որ «Мастер и Маргарита» չէի կարդացել, ապա հիմա ընդհանրապես չեմ նեղվում, քանի որ «կարդացած» լինելը գերագույն արժեք է հումանիտար գիտելիքի վրա հիմնված հասարակության, մարդկանց համար։ Իսկ քանի որ այժմ վերաիմաստավորվում է հումանիտար գիտելիքի անհրաժեշտությունը, կամ ես եմ կարծում որ վերաիմաստավորվում է անհրաժեշտությունը, հետևավաբար պարտադիր չէ կարդալ Բուլգակով։ Այն այլևս այն արժեքը չէ, ինչ էր։ Հետևաբար հարցադրումը, թե արդյոք այս կամ այն հեղինակին կարդացել ես, մասնակիորեն կորցնում է իր արժեքը։ Հակադարձ հարցադրումը կարող է լինել՝ ինչի համար, կամ՝ որ ինչ։
Հումանիտար գիտելիքին հակադրում եմ տեխնոլոգիականը, այն նաև մոզաիկ են անվանում, ես նախընտրում են նաև հատվածականը, լինկայինը։ Գիտելիքների միջև ընտրությունը կախված է նրանից, թե որ հասարակությունում ես դու ապրում ու այդ հասարակությունը քեզ ինչ գիտելիք է թելադրում։ Բացի այդ՝ կախված է նրանից, թե ինչպես ես դու ինքդ քեզ ինտեգրում այդ հասարակության մեջ՝ գնահատվող գիտելիքի բնույթի կամ տեսակի տեսանկյունից, դու գնահատում ես արդյոք նույն գիտելիքը, ինչ նույն հասարակությունը։ Մենք գիտելիքահենք տնտեսություն ստեղծելուց առաջ, պիտի մտածի գիտելիքի տեսակի մասին՝ որ գիտելիքի վրա ենք կառուցում այդ հասարակությունը։ Այն այժմ էլ ինչ-որ գիտելիքի վրա է կառուցված։ Երևի մենք գիտելիքի բնույթը կամ տեսակը փոխելու խնդիր ունենք։
Ամեն դեպքում, գիտելիքի տեսակը, միանշանակ փոխվել է, հումանիտար գիտելիքն այսօր հասարակության կազմակերպման համար այն չէ, ինչ էր։
Գիտելիքն այժմ հստակորեն տարբերում են, կամ փորձում եմ տարբերել տեղեկությունից, ինֆորմացիայից։ Միգուցե դա ժամանակի հետ եկած տարբերակման անհրաժեշտություն է, միգուցե ինչ-որ մի ժամանակի տեղեկությունն ու գիտելիքը նույնն են եղել, ոչ այնպես, ինչպես մենք փորձում են այսօրվա տեսանկյունից նայել դրանց։ Միգուցե այս տարբերակումն ինչ որ մի ժամանակ չի եղել։
Ես շատերի՝ գիտելիքին հակադրվող տեղեկությունը ևս գիտելիք եմ անվանում, բայց տեխնոլոգիական գիտելիք։ Միգուցե ինչ-որ մի բան ճիշտ չեմ ընկալում, բայց դրա համար եմ գրում, որ հասկանամ։ Ընդունեք, որ կա տեղեկություն կամ տեխնոլոգիական գիտելիք, որի հոսքը ժամանակի ընթացքում աճում է։ Աճն անդադար է, կտրուկ, միանգամից, կամ աստիճանական։ Կտրուկ աճը իր հետ կտրուկ փոփոխություններ է բերում կամ փոխպայմանավորված է այդ փոփոխություններով։
Կտրուկ աճի պայմաններում գործիքներ են անհրաժեշտ՝ այդ ծավալից գլուխ հանելու, ծավալի հետ աշխատելու համար։ Ծավալը, էլի եմ կրկնում, հասարակության հիմքում է, հասարակությունը հիմնվում է տվյալ պահին տվյալ ծավալի տեղեկությունների վրա։
Ծավալների կտրուկ փոփոխության մի քանի հետաքրքրի աստիճան կա՝ հոդաբաշխ խոսք, տարածության վրա ծախսվող ժամանակի կրճատում, գրավոր խոսք, գրավոր խոսքի տեխնոլոգիզացման աստիճաններ՝ այբուբենի տարբեր տեսակներից մինչև տպագրություն։ Հետո տարածության ու ժամանակի գործոնի միացումը սրան՝ աղավնիներով հեռագրեր, հեռագրասյուներով ու հեռագրալարերով գնացող հեռագրեր, ռադիո, հեռախոս, հեռուստատեսություն, ինտերնետ։ Սրանց ներմուծման յուրաքանչյուր ժամանակշրջանը տեղեկատվության շրջանառության կամ ստեղծման կտրուկ աճերի շրջան էր։ Տարբեր էին գործիքները այդ տեղեկատվությունը (գիտելիքը) հասարակության հիմքում դնելու համար։ Հումանիտար գիտելիքը այդ գիտելիքների տեսակներից մեկն էր, որի հիմքում դրված բարձրագույն արժեքը մարդն էր։ Սա չի նշանակում, որ այլ գիտելիքների հիմքում չի կարող դրվել այն, որ մարդը բարձագույն արժեք չէ։ Սրանից գիտելիքի տեսակը, հասարակություն փոխվում է։ Հիմա գիտելիքի հիմքում հումանիտար մարդը չէ, դրա համար էլ գիտելիքը հումանիտար չէ։ Իսկ մենք շարունակում ենք բոլորին, սկսած դպրոցից «զոռել», թե հումանիտար է։
Խնդիրն այստեղ այն է, որ գիտելիքը, որի վրա այսօր կառուցվում են հասարակություններից շատերը, իրականում հեռու են իրականությունից, իրականությունից չեն, դրանք արհեստական են։ Ես կարդացել եմ Բուլգակով ու ինչ, ես հասարակությունում դրանից ոչ մի բան չեմ շահում, եթե չեմ մասնակցում գրական երեկույթի, որտեղ քննարկվում են նրա ստեղծագործություններն ու այդպիսի քննարկումները հասարակություն, պետություն են կազմում։ «Վերնատներ», ինչքան գիտեմ, այսօր չկան։
Պատճառը կրկին տարածության ու ժամանակի արագացումն է։ Ես տեղյակ եմ, թե ինչպես են ապրում Կանադայում, 5-6 ժամից հետո, հնարավորության դեպքում, ասենք Մալայզիայում եմ կամ Սինգապուրում։ Սրանք տարբեր հասարակություններ են, տարբեր գիտելիքների հենքի վրա։ Սակայն տարբերություն կա հասարակությունների միջև։ Հասարակություն, որն ապրում է իր ստեղծած գիտելիքի վրա և հասարակությունը, որը փորձում է ապրել ուրիշի ստեղծած կամ ժառանգած գիտելիք վրա։ Հայաստանում մենք երկրորդ դեպքն ենք՝ ժառանգել ենք Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ, որի հետ չգիտենք ինչ անել։ Մարդկային հսկայական մի ռեսուրս, որն ապրում է հայաստանյան Տանզանիայում, հաստատ Կենտրոնական Եվրոպայի հասարակության անդամ է։ Չնայած այդպիսիք հիմնականում էլ Հայաստանում չեն։
Բայց այստեղ կա մեկ այլ գործոն՝ ժամանակի կամ գիտելիքի պատմականության գործոնը։ Տեխնոլոգիական գիտելիքի հոսքը արագ է, ծավալներով մեծ։ Այն զտել ու հասարակության հիմքում դնել է պետք։ Գործիքներ են պետք։ Գործիքներից մեկը ֆիզիկական է։ Դու հոսքը ֆիզիկապես կտրում ես՝ սա պետք է, սա պետք չէ, սա պետք է, սա պետք չէ։ Ֆիզիկական կտրվածքում տրամաբանություն չկա, այն ուտելիքի պես է, ինչքան կկարողանաս մարսել հենց այս պահին, հետո կսովածանաս, այս տրամաբանությամբ։ Օտարալեզու դպրոցների մասին այս ամբողջ անիմաստ պատմությունն այս մասին է։ Բովանդակություն (չեմ ասում իմաստ, սրանք տարբեր են) չկա այդ քննարկումների մեջ, պետության գիտակցում չկա այդ քննարկումների մեջ։ Ամեն ինչ դեռ Հայաստանը դեռևս համայնք կամ գաղութ ընկալող գիտակցությամբ ընկալվող քննարկումների հարթությունում է։ Ո՞ր կողմն է մինչև հիմա հիմնավորել, թե ինչ կտա կա ինչով կսպառնա օտարալեզու դպրոցը պետությանը, ոչ համայնքին։ Պետություն ունենք, բայց այն որպես գործիք չենք գիտակցում։ Այստեղից է պետք սկսել։ Ինչևէ։
Մյուսը գիտակցված ընտրությունն է, միևնույն է, հոսքը լիովին չես կարողանալու մարսել։ Հենց այստեղ է, որ պետք է պատմականությունը, որը քեզ թույլ է տալիս այդ հոսքը տեսնել իր պատմության մեջ, իր օրինաչափության, իր ուղղության, իր արժեքայնության, արժեքավոր լինելու, օգտակարության, արդյունավետության ու քո հասարակությունում դրա կիրառման հնարավորության մեջ։ Այն թույլ է տալիս այս ամենի վրա մոդելներ տեսնել ու այդպիսի մոդելներ ապագայի համար առաջարկել։ Պայմանով, որ մոդելը ինքնանպատակ չէ, այլ ծառայում է հասարակության այս կամ այն նպատակադրությանը կամ էլ նպատակ է առաջարկում հասարկության համար։
Երկու այս դեպքում, դու սպառող ես, շարքային սպառող, հոսքը ուրիշ տեղից է գալիս, որը միշտ սպառնում է և սպառնալու է քո հասարակությունը։ Քանի դեռ դու հոսքեր ես սպառում, քեզ մարդիկ են պետք, որ այդ հոսքերը զտեն, զտեն ելնելով քո շահերից՝ ժամանակի մեջ ու ժամանակի համար։ Դրա համար է պետք պատմականությունը, այն ինքնագիտակցման հնարավորություն է, այն իրականությունը, հոսքը հասկանալու հնարավորություն է։ Այն նաև հետագայում հոսք առաջարկելու հնարավորություն է։ Եկեք մտածենք հոսքեր առաջարկելու մասին, և ոչ թե ինչպես փակենք կամ մարսենք ուրիշների հոսքերը։
Շաբաթ իրիկուն, Մարատ
No comments:
Post a Comment