Wednesday, May 26, 2010

Տղամարդկային ընկերության մասին

Ընկերության մասին խորհելն անիմաստ է, անիմաստ է, որովհետև ոչ թե ընկերության մեջ իմաստ չկա, այլ որովհետև այդ իմաստը չափազանց տարբեր, ուրիշ է տարբեր մարդկանց մոտ։ Ընկերության մասին ես իմ պատկերացումներն ունեմ, որը հաստատ համոզված եմ, մյուսների, շատ ու շատ մյուսների մոտ հազիվ թե աղերսներ անգամ ունենա ընկերության հետ։ Հետո հատուկ պատկերացումներ ունեմ տղամարդկային ընկերության մասին։ Հավատում եմ, որ կինը և տղամարդը նույնպես, առանց որևէ այլ «հետին մտքերի» կարող են ընկերներ լինել։ Հավատում եմ հոր ու որդու ընկերությանը՝ սեփական օրինակով, ու շատ այլ տեսակի ընկերությունների եմ հավատում, թեև հազիվ թե ինչ-որ մեկն ինձ իր ընկերը համարի։) Բայց գրել եմ ուզում, ինչքան էլ տարօրինակ թվա, որդուս՝ Դավիթի ու մեր բակի, ավելի շուտ հարևան շենքից նրա հասակակցի՝ Վիգենչիկի տղամարդկային ընկերության մասին։
Իսկ գրել մտքովս անցավ մի քանի օր առաջ, երբ Դավիթին առաջարկեցի իրար հետ գնալ գարեջուր վերցնելու։ Իրիկուն էր, տաք իրիկուն, դուրս եկանք տնից, մի քանի քայլ հետո մեզ միացավ Վիգենչիկը։ Ամենահետաքրքիրն այն էր, թե ինչպես մեզ միացավ Վիգենչիկը։
Տղաների, նաև տղամարդկանց միջև անխուսափելի մրցակցությունը կա, անգամ ամենամոտ մարդկանց դեպքում։ Երբեմն խնամքով թաքցվող, երբեմն բացահայտ, երբեմն գիտակցվող, չգիտակցվող, բայց այն միշտ կա, առկա է։ «Հայաթում» կամ «քուչում» դա արտահայտվում է «լավ, հարգված տղա», «հեղինակություն/ավտորիտետ» կամ այլ նման սկրիպտներով, կախված որտեղ ես՝ Երևանում, Լեննականում, Ղուկասյանում թե այլուր։ Տեղանքից կախված փոխվում է նաև այդ սկրիպտի անունը։ Բայց բովանդակությունը, ամեն դեպքում, գրեթե նույնական է, միգուցե ինչ-որ երանգավորումներով։
Այդ հեղինակությունները նախ հարգում են միմյանց։ Հարգում են երբեմն միմյանցից վախենալով, ավելի շուտ միմյանց ուժն ու հզորությունը գիտակցելով։ Ուժը տարբեր է լինում՝ սկսած ֆիզիկական ուժից, փողի ուժից, մարդկային արժանիքներից, խելքի ուժից, հնարավորություններից, ծանոթություններից, հարցեր լուծելու ունակությունից ու այսպես շարունակ։ Սա ընդհանուր առումով բոլոր մրցակցությունների հիմքում է, բոլորը մրցակցում են բոլորի հետ, այս ամենից ինչ որ մի մաս «թռցնելու», արժանանալու, ուրիշ հեղինակությունից այն ստանալու, այսինքն որպես հարգված տղա կամ հեղինակություն լեգիտիմացվելու համար։ Ճանապարհները տարբեր են՝ քծնանքից, ...ալեզությունից մինչև ազնիվ, արդար, իմաստուն ու մարդկային ամենաբարի այլ արժանիքներ։
Բայց մեկ այլ կողմ կա, երբեմն մարդիկ, անկախ իրենցից, պարզապես ծնվում են առաջատարի, առաջնորդի, հեղինակության մեծագույն պահուստով։ Այնպես չէ, որ նայում ես դեմքին (չնայած երբեմն այդպես էլ է լինում) ու ասում ես «դեմք է», այլ յուրահատուկ ինչ-որ պահվածք ունի, որը քեզ ստիպում է անկախ ամեն ինչից, դիմացինին այլ աչքով նայել, առաջին իսկ հայացքից։
Այս ամենը նաև երեխաների մոտ կա։ Կա, միգուցե և ինձ թվում է, նաև որդուս՝ Դավիթի ու մեր հարևան Վիգենչիկի մոտ։ Չմտածեք խնդրում եմ, որ ես իմ երեխայի գովաբանությամբ եմ զբաղվում, քավ լիցի։ Աղջկաս մասին երբեք սա չեմ գրի, որովհետև նա այլ բնավորություն ունի, բայց Դավիթի մասին կգրեմ։ Ի վերջո, գրում եմ նաև հարևան Վիգենչիկի մասին, նույնքան մեծ հարգանքով, որքան Դավիթի։ Հիմա առաջնորդի հավակնություններ ունի և՛ Դավիթը, և՛ Վիգենչիկը։ Բայց նրանք տարբեր են, տարբեր են հավակնությունները։
Հիմա ինչպես մեզ միացավ Վիգենչիկը։ Դավիթը մի փոքր քաշվում է, նա ամեն մարդու հետ չի շփվում, չնայած շատ մարդամոտ է, բայց մարդուն նախընտրում է ստուգել, սկզբում «շան տեղ չդնել», մինչև ինքն իր համար որոշում կկայացնի, արդյոք արժե դիմացինն իր հետ շփելու պատվին։ Բայց եթե որոշեց որ արժե, դրանից հետո կտրուկ փոխվում է ամեն ինչ։ Նա իր խոսքի տերն է, ազնիվ, «հա» ասեց, ուրեմն «հա» է, «չէ» ասեց, ուրեմն «չէ» է։ Գերմանիան իրեն զգացնել է տալիս։)
Հետո ազնիվ է իր շփումներում, չափազանց ազնիվ, հարգում է դիմացինին։ Սեփականն ունենալը ու ուրիշի սեփականը հարգել գիտի։ Ինչ-որ յուրահատուկ «պահվածք» ունի, որը ստիպում է այլ կերպ նայել նրան՝ մեծի տեղ ընդունել նրան։ Թաղում բոլորը գիտեն Դավիթին, ես թաղում Դավիթի պապան եմ՝ Աբու Դաուդը կամ էլ՝ «էն դասախոսը»՝ al-ustaaz fulaan-ը։)
Այս ամենը, սակայն մեկ այլ պրիզմայով ունի Վիգենչիկը։ Նա մարդամոտ է երևանյան մոտեցմամբ, բոլորը գիտեն նրան, անգամ մոտակա երեք-չորս շենքերի բոլոր հասակակիցները, ովքեր Դավիթին չգիտեն։ Դավիթին գիտեն թաղի բոլոր «տարիքով» տղաները՝ 18-30 տարեկանները կամ թաղի մեծերը, որոնք իրենց համար «ջահելներ» կամ «քյոռփեք» են մեծացնում։ Տարբերությունը սկսվում է այստեղից՝ Վիգենչիկը հետո դառնալու է «քյոռփա», հետո թաղի մեծերից, որն իր «քյոռփեքին» է մեծացնելու ու ջահելներ պահելու։ Դավիթն այդպիսին չի լինելու։ Բայց երկուսն էլ թաղում «հեղինակություն» են ունենալու։ Տարբեր հեղինակություններ։ Վիգենչիկն անգամ հիմա ջահելներ ունի, ում այս ու այն կողմ է քշում, իրենից մի քանի տարով մեծերին էլ է «լարում»։ Դավիթն իրենից մեծերի հետ ազնվաբար, տղամարդավարի կռիվ է տալիս, բռունցքակռիվ։ Վիգենչիկը «հեսա կտամ գլուխդ կջարդեմ» տարբերակն է նախընտրում ու էլի կռվում է, բայց ոչ այնքան «ազնվաբար», քարը նախընտրելով բռունցքին, նախընտրելով նաև ոտքի հարվածը։ Վիգենչիկի կռվի մեջ «ազնվությունը» մի փոքր քիչ է, նրա կռիվը «շուստրի» կռիվ է։ Չնայած հաղթում են և՛ Դավիթը, և՛ Վիգենչիկը։ Դավիթը մի քիչ շատ քերծվածքներով ու մի քանի հարված կերած, Վիգենչիկը՝ հազիվ թե։
Իսկ ամենահետաքրքիրը գիտեք ինչն է, որ այս ամենը գիտակցում են և՛ Դավիթը, և՛ Վիգենչիկը։ Նրանք գիտակցում են միմյանց, իրար այլ աչքով են նայում, ներքուստ վախենում են միմյանցից, իրոք վախենում են, աշխատում են իրար չար կամ թարս աչքով չնայել, միմյանց մասին հոգ են տանում։ Հետո աշխատում են շատ չխաղալ իրար հետ, որովհետև դա անխուսափելիորեն կոնֆլիկտի է տանելու, կեսից ամեն մեկն իր ճանապարհով է գնում։ Պարտադիր բարևում են միմյանց, նույնիսկ մի քանի հարյուր մետրի վրա, անհրաժեշտ ու պատվի հարց են համարում միմյանց բարևելը։ Մանկապարտեզում իրար «թասիբ» են պահում։ Մի խոսքով՝ հարգում են միմյանց ու ինչ որ մի այլ տեսակի տղամարդավարի ու մեծավարի ընկերություն են անում, շատ զգույշ ընկերություն։ «Սորտ» են նրանք, ամեն մեկն իր տեսակի մեջ «սորտ»։ Տեսակն այսպիսին է. Դավիթը միշտ Դավիթ է, ոչ Դավ, ոչ Դվո, ոչ էլ մեկ այլ կրճատում, բոլորին ստիպում է իրեն Դավիթ ասել, բացառությամբ ընտանիքի, որը Դադա տարբերակի թույլտվություն ունի։ Վիգենն արդեն Վիգենչիկ է, -չիկը Վիգենի տեսակի անունն է։ Նա երբեք էլ Վիգեն չի լինի, բացառությամբ երևի դպրոցում, ուսուցիչների մոտ։
Իսկ երբ Վիգենչիկը միացավ մեզ, մոտավորապես երկու հասուն տղամարդկանց միջև այսպիսի մի խոսակցություն սկսվեց.
-Բարև Դավիթ։
-Բարև Վիգեն, ոնց ես։
-Լավ եմ, ինչ ես անում։
-Ոչ մի բան, գործերդ ոնց են։
-Լավ են, ես գնացի։
-Հաջող։
Երկու զգույշ, քաղաքավարի, զուսպ, տղամարդավարի ու հասուն հարցուպատասխան։

Երեքշաբթի իրիկուն, Մարատ

Հ.Գ. Իսկ լեզվաբանությունն ուրիշ գիտություն է։)

No comments:

Post a Comment