Հարցն ավելի շուտ հռետորական է, թեև պատասխաններ առանց փնտրելու էլ կարելի է գտնել ցանկացած անկյունում, ուր ուզում եք նայեք։ Միայն նայել է պետք։ Ես բացառություն չեմ, պարզապես աշխատում եմ այդ ամենին փիլիսոփայորեն նայել։ Երբեմն ստացվում է, երբեմն՝ ոչ։ Եթե ստացվում է, ապա վերջերս վերածվում է բլոգի, ավելի վաղ այն ընտանեկան քննարկումների կամ «շատ ավելի շատ փիլիսոփա ուսուցչիս» հետ գյալաջիի առարկա էր։ Դրանք փոքրիկ «իրադարձություններիկ» են, եթե ավելի գլոբալ նայենք, որոնք, ցավոք, իրոք, զզվելի ցավոք, մեր իրականության մեջ շատ մեծ կշիռ ունեն։ Դրանք քանակային առումով շատ են ու հայաստանյան իրականության հիմքում։ Սա այն դեպքն է, որ քանակն արդեն որակ է տալիս, անորակ որակ, ու ստիպված ես լինում չհաշտվել, պայքարել, գրել, քֆրտել, ապրել կամ ինչ որ մի բան անել դրանց հետ։ Մատներս տաքացան, ուրեմն հիմնականի մասին։)
Պիտի անձնագիրս փոխեի, շատ «հին» է, տասը տարուց ավելի է, ինչ օգտագործում եմ։ Ու քանի որ Երևանում եմ ապրում ու Երևանում չեմ գրանցված, պիտի փոխեմ այնտեղ, որտեղ գրանցված եմ։ Այն մոտ 130-140 կմ է հեռու Երևանից՝ Շիրակի մարզ, Աշոցք (ես Ղուկասյան ավելի եմ հավանում)։ Հետո անձնագրեր կարելի է փոխել միայն աշխատանքային օրերին, իսկ աշխատանքային օրերին բոլոր նորմալ մարդիկ աշխատում են, աննորմալները՝ երկու, երեք տեղով են աշխատում։ Հետո Ղուկասյան գնալ-գալը, բացի նրանից որ գումար արժեր, ավելի կարևոր բան կա, այն ժամանակ արժե։ Պիտի մոտ երկու ժամ Լեննական գնալ, հետո տնեցիներին խնդրել, որ քեզ տանեն Ղուկասյան, ինչը ևս մի 25 րոպեի գործ է, հետո գնալ մի 15 րոպեում անձնագրի հարցերը լուծել, հետո նույնքան էլ հետ վերադառնալ։ Մի ամբողջ աշխատանքային օր՝ գումարած ճանապարհին «չլվելը»։
Բայց առաջին հայացքից հիանալի մի տարբերակ կա, այդ ամենը կարելի է 11 հազ. ՀՀ դրամով ու լրիվ օրինական անել Երևանում, Անձնագրերի ու վիզաների վարչությունում։ Կինս այդպես վարվեց, տևեց 15 րոպե։ Գոհ էինք մենք, գոհ էր Հայաստանի Հանրապետության պետբյուջեն։ Ես՝ ոգևորված, թե այս պետությունում ինչ-որ բան, ամեն դեպքում, փոխվել է։
Ես էլ որոշեցի այդ կերպ վարվել, բայց ամենահետաքրքիրը կամ «երկիրդ երկիր չեն» սկսվում է հենց այդ պահից։
Օր առաջին. գնացի, կազմակերպված էր, նորմալ, դռների վրա փակցված էր, թե ում պիտի դիմեմ, արագ կողմնորոշվելու հնարավորություն կար, առանց սրա-նրա զահլեն հարցուփորձերով տանելու։ Մտա, պարզվեց անձնագրից բացի պիտի զինգրքույկս տանեի։ Բայց քանի օր աշխատանքից էլ ուշանալ չէի կարող, որոշեցի հաջորդ օրվան թողնել։ «Մեղավորը» ես էի, չէի հաշվարկել որ պատերազմի մեջ գտնվող երկիր ենք։
Օր երկրորդ. գնացի, դուռը, հետևաբար աշխատակցուհուն փոխել էին։ Տվեցի անձնագիրս ու զինգրքույկս, հարցրեց թե արդյոք սեփական տանն եմ ապրում, ասեցի՝ այդպիսի տանը գրանցված եմ, բայց ապրում եմ Երևանում, բնակարանում, պատասխանեց, թե տնային գրքույկ է պետք՝ այսինքն Ղուկասյանի սեփական տան տնային գրքույկի բնօրինակը։ Անակնկալի եկա, հետո փորձեցի բացատրել, որ միգուցե պետք չէ, այդ տունն իմ սեփականությունը չէ, կինս նույնպես սեփական տանն է գրանցված, բայց նրանից դա չեն ուզել։ Վերջը, նա իր ասածի վրա մնաց։
Մարդկանց սովորաբար ես «պիտակումներ» չեմ տալիս, հետևելով աստվածաշնչյան «Մի դատիր, որ չդատվես»-ին։ Բայց երբեմն զայրույթն անկարելի է զսպել։ Դա զայրույթի մեկ այլ տեսակ է, որի մասին մի քանի տող ներքև։ Նա-ն, կներեք, բայց «ծիտիկ» էր, ուղեղի «ծիտիկական» պաշարով։
Որոշեցի վարչական լծակներ օգտագործել։ Միևնույն է, այս երկում առանց այդ լծակների ոչ մի բան «մարդավայել» չի լինում։ Լծակներ կան, դրանք միշտ կարելի է գտնել, բայց ես խուսափում եմ դրանցից։ Դրա պատճառով սեփական թերարժեքության ինչ-որ զգացում է ծնվում, թե դու ինքդ, քո «տղամարդ հալով» «մի հարց չես կարում լուծել», հետևաբար քեզանից էլ ինչ «տուն պահող տղամարդ» (սրանք բոլորը մշակութային սկրիպտներ են)։ Սեփական խնդիրները միայն սեփական ջանքերով լուծելու, ոչ մեկի օգնությանը չդիմելու «քրդի կողը» նախ՝ միգուցե քրդական արմատներից է գալիս, նաև մի ընկեր ունեի, որից եմ սովորել։ Վատ գիծ չէ, սակայն այն ինքնավստահության, սեփական ուժերի վրա անտեղի ինքնավստահության ավելորդ պատրանք է ստեղծում։ Սկսում ես մյուսների հետ ավելի քիչ համագործակցել, նրանց քեզանից հեռու ես վանում։ Այսպիսի վատ կողմ ունի այդ ավելորդ ինքնավստահությունը։
Լավ, զանգեցի ում որ պետք էր (շնորհակալ եմ նրանց), ու մինչ ես կհասցնեի անձնագիրս «քսերոքս անել», միջանցում բոլոր երիտասարդներին արդեն հարցնում էին, թե արդյոք նրանց անունը Մարատ չէ։ Ինձ գտան, ներս հրավիրեցին, պարզվեց, որ վերոնշյալ «ծիտիկը» նոր է ընդունվել գործի ու տեղյակ չէ, որ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՑ տնային գրքույկ չեն ուզում։ Պատկերացնում եք, եթե չօգտագործեի այդ լծակները, պիտի էդ գրքությկը բերեի, մի քանի օր էլ կորցների, հետո պարզվեր, որ պետք չէր... Լավ, ինչևիցե։ Ուրախացա որ նրանց ասելով ԳՅՈՒՂԱՑԻ եմ (ես չեմ նեղվում, պարզապես պիտակն ու ևս մեկ սկրիպ եմ շեշտում), փառք տվեցի Աստծուն ու վարչական լծակներին, մտածելով, թե 15 րոպե մնաց, գնում եմ գործի։ Բայց ...
Պարզվեց պիտի բարձրանամ 3-րդ հարկ, ինչ որ պետտուրքերի փոխանցման բանկային ինչ-որ չեքեր վերցնեմ։ Բարձրացա, չեք տվողը երիտասարդ էր, ինձանից երևի մի 2-3 տարի մեծ կամ էլ հասակակից։ Ես՝ Բարև Ձեզ, Ձեզանից պիտի չեք վերցնեմ մուծումներ կատարելու համար։ Նա էլ՝ արի ԱՊԵ, ու թքողական վերաբերմունքով, այնպիսի մի վերաբերմունքով, որ քեզ «դոդիկ ինծիլիգենտ» ես զգում, երկար մազերով ու ծանր (2,9 կգ) նոթբուքը ուսին, ու նրա ներողամտությունն ես հայցում։ Վերջը, չեք տվեց։
Գնացի բանկ։ Մտածեցի, քանի որ Հայէկոնոմբանկի հաճախորդ եմ, գնամ հենց այդ բանկը, որ մի 20 քայլ է հեռու, քան ավելի մոտ գտնվող Բիբլոսը։ Գիտեք ինչու մտածեցի, որովհետև փոխանցումների համար բանկը 200 դրամ է գանձում, ես 2 փոխանցում ունեի, ուրեմն 400 դրամ։ Խնդիրը 400 դրամը չէ, հավատացեք, խնդիրն անընդհատ խաբված լինելու սինդրոմն ինչ որ կերպ կոտրելու անհագ ցանկությունն է։ Ես էլ մտածեցի, թե լավ, այսքանից հետո մի բան օրինական անեմ, որ օրինական իմ շահերից կլինի։ Բայց ... պարզվեց, որ բանկն անկանխիկ փոխանցումներ ՀՀ դրամով չի անում, անկախ նրանից, հաճախորդ ես թե ոչ ու իմ 400 դրամը գանձեց։ Մնաց ծանր նոթբուքով (2,9 կգ) մի քանի տասնյակ քայլ երկար քայլելու «ապուշ զգացումը»՝ Բիբլոսն ավելի մոտիկ էր։
Լավ, թքած, հետ եկա, կրկին բարձրացա 3-րդ հարկ, ինչ որ պայմանագիր կնքելու։ Նույն թքողական վերաբերմունքը։ Ապեն վերցրեց անձնագիրս ու կարդաց՝ Յավրումյան, հետո սփրթնեց, հետո տոնը կտրուկ փոխեց։ Գիտեք ինչո՞ւ, հայրս, էլի Յավրումյան, աշխատում է նույն վարչությունում, ոչ նույն շենքում, բայց նույն վարչությունում։ Հետո Ապեն զգաց, որ թեև լավ է արել, որ ապե-ով ու թքողական է խոսացել, բայց սա այն դեպքը չէ, ու փորձեց ինչ որ կերպ հարթել։ Հարցուփորձ՝ հորս որպիսությունից, բա ինչու ես շուտ չէի ասում որ Յավրումյան եմ ու այսպես շարունակ։ Այսինքն ամեն ինչ օրենքից վեր է։ Ավելի կարևոր է, որ ես Յավրումյան եմ, քան որ ես շարքային «դոդիկ ինծիլիգենտ եմ, երկար մազերով»։
Ես, իհարկե, էլի տխրեցի։ Գիտեք ինչո՞ւ, այստեղ մեկ այլ սինդրոմ կա՝ քանի դեռ Ղուկասյանում ես, դու «Մնացի տղեն» ես, Երևանում՝ «Դավիթի պապան»։ Բա ես ո՞ւր եմ։ Արաբագետները, սրան, իհարկե փիլիսոփայորեն ու ուրախությամբ կնայեն, քանի որ արաբների մոտ ԱԲՈՒ և ԻԲՆ laqab-ներով մականուններն ամենահարգվածն են։ Իմ տարբերակում, այն Abu Daawud Ibn Baaqi at-Tifli կհնչի։ Ես երկակի պիտի երջանիկ լինեմ, որ երկու Shuhra (ողջ անունից ինչ-որ մասը, որով ինձ ճանաչում են հասարակությունում) ընտրելու հնարավորություն ունեմ՝ Ղուկասյանում Ibn Baaqi, Երևանում՝ Abu Daawud։ Երկու Shuhra, իրոք, պիտի արժանի լինես ունենալ։ Այս մտքից ես մի փոքր պայծառացա, շնորհակալություն հայտնեցի Աստծուն, հորս, որդուս ու իջա առաջին հարկ, վերջապես անձնագիրս հանձնելու։
Բայց, էլի բայց ... Պարզվեց, որ զինգրքույկից բացի ես պիտի նաև ինչ որ քարտ կնքած բերեմ Զինկոմիսարիատից, որ ես պահեստազորում հաշվառման մեջ եմ։ Բայց քանի որ այդ Զինկոմիսարիատը արդեն Ղուկասյանում է, ուրեմն ես պիտի գնամ Ղուկասյան։ Հասկացաք հումորը, ցավոք, սև ու իրական հումորը ... ։))))))
Կեցցե տրամաբանությունը։ Անձնագիրը 11 հազ-ով կարելի է փոխել Երևանում, բայց գնալ Ղուկասյան, զինկոմից այդ քարտը բերել, բայց ալարել «ձեռքի հետ մտնել պասպորտ սեղան» ու անձնագիրն անվճար փոխել, գալ պարտադիր Երևան ու 11 հազ-ով այն փոխել։
Ինչով կվերջանա սա, դեռ տեսնենք։
Բայց մնում է ցավի զգացումը, կորցրած ժամանակը, փողը, նյարդերը, սեփական ու մյուսների կողմից «ինքնաստորացումը» (մի քիչ կոպիտ է հնչում, բայց մոտավորապես սա է)։ Պետական հիմնարկում պարտված բանակի նման է, պիտի սրի տակով անցնես, պիտի «(ինքնա)ստորացված» զգացումով դուրս գաս, որ «ծանոթ» չես ունեցել, որն արագ այդ խնդիրը կլուծեր։
Բայց սա էլ մի կողմ։ Աբսուրդ է։ Ախր ինչպես կարելի է չհաշվարկել ու հենց սկզբից էլ զգուշացնել, թե տղա ջան, ԱՊԵ ջան, հայվան ջան, ապուշ ջան, պիտի ի վերջո գնաս քո Ղուկասյանը, ավելի լավ է մեր վրա ժամանակ ու փող մի ծախսիր ու գնա Ղուկասյանում այդ ամենն արա։
Նախորդ բլոգների արձագանքներից մեկում, Հայկը գրել էր, թե եկեք համագործակցենք այս պետության հետ ու հասկացնենք պետությանը, որ պիտի այլ կերպ ապրել։ Լավ է հնչում, միգուցե և տեղին, դեռ չեմ կողմոնորշվում։ Բայց ո՞ւմ հասկացնենք Հայկ, «ծիտիկը» հասկանալ ֆիզիոլոգիապես չի կարող, որովհետև ուղեղի զանգվածը գրամներով է քիչ, ոչ գալարներով։ 3-րդ հարկի ԱՊԵ-ի համար պետությունն ու իր պատասխանատվությունը նվազ կարևոր են, քան հորս ճանաչելը, պետության համար չգիտես ինչն է կարևոր, բայց չեմ կարծում, որ իր քաղաքացիները։
Ամեն դեպքում, եկեք սիրենք այս երկիրն ու ամեն կերպ չխրախուսենք անձնագրերն այլ երկրներում փոխելու նրա քաղաքացիների անհագ ցանկությունը։
Ուրբաթ իրիկուն, Մարատ
Հ.Գ. Անձանգիրս ես վերցրեցի, շտապեմ տեղեկացնել։ Շնորհակալ եմ Թելմանիչին, նաև Անուշավանին։
Գրառումը լավն էր..
ReplyDeleteԱնկեղծ ասած չեմ էլ հիշում, թե ինչպես էի ձևակերպել միտքս այդ արձագանքում, սակայն պետության հետ համագործակցություն հաստատ նկատի չունեի: Չէի էլ կարող ունենալ, քանի որ իրոք, դանդալոշ քյառթու համբալի ու դատարկագլուխ "ծիտիկի" հետ անգամ տեսականորեն անհնար է համագործակցել, էլ ուր մնաց ինչ-որ բան բացատրել... Փոխարենը կարծում եմ, որ պետք է համագործակցել հասարակության հետ, բացատրել նրան, որ այդ "ծիտիկը" երբ իրեն վատ է պահում պաշտոնեական դիրքում, դրսևորում իր "ծիտիկային" ուղեղի սուղ ունակությունները, պետք է ոչ թե լռել և համակերպվել, այլ բողոքել, ընդվզել հակաբնական այդ երևույթի դեմ: Եվ եթե ամեն քաղաքացի ի վերջո գիտակցի, որ այդ "ծիտիկն" ընդամենը իր վճարած հարկերի շնորհիվ գոյատևող մի չիովնիկ է, որը պարտական է և պարտավոր գլուխը կախ կատարել իր աշխատանքը, եթե հասկանա, որ ԱՊԵ-ով խոսացող տղային կարելի է շշպռել, կարգի հրավիրել, ապա վստահ եմ, որայդ երևույթը մի շատ կարճ ժամանակ անց կչքանա Հայաստանից: Սա խնդրի մակերեսային կողմն էր, կենցաղային պարզագույն դրսևորումը: Հիմա կուզեմ մի քիչ ավելի խորությամբ անդրադառնալ պետություն-քաղաքացի հարաբերությանը, պետության նկատմամբ հասարակության գիտակից շերտի վերաբերմունքի բնույթին: Ինչպես ասել էի, կա երկիրը երկիր դարձնելու երկու ուղի` կամ սկսել անհաշտ պայքար, կամ էլ որդեգրել աստիճանական բարեփոխումների, հասարակության հետ աշխատանքի ուղին (այս պարագայում կարծում եմ պետութական որոշ շրջանակների հետ համագործակցությունն իրոք անխուսափելի կլինի): Առաջին տարբերակը համենայնդեպս ինձ համար անընդունելի է, որովհետև պետության դեմ անհաշտ պայքարով առավելագույնը որ կարելի է հասնել, կլինի իշխանափոխությունն ու նախկին ռեժիմի լիկվիդացիան, իսկ հանրային գիտակցության ոլորտում այդպես էլ ոչ մի դրական տեղաշարժ չի արձանագրվի: Կգան նոր իշխանավորներ, կգան նոր տերեր, իսկ հասարակ ժողովուրդը կմնա նույնը... կմնա անտարբեր ու ապաքաղաքականցված, չի դառնա Հեգելի ասած "քաղաքացիական հասարակությունը", որը գիտակցում է իր իրավունքներն ու իշխանության միակ աղբյուր լինելու մենաշնորհը: Այդ դեպքում նոր իշխանավորներն աստիճանաբար կհղփանան անպատժելիության և վերահսկված չլինելու զգացումից: Եվ ինչպես ասում էր Պլատոնը, "պատմությունը կրկնվի նորից": Իսկ եթե հասարակ քաղաքացին գիտակցի, որ անգամ նախագահն է մի հասարակ չինովնիկ, որ կոչված է ընդամենը կատարելու սահմանադրությամբ իրեն վերագրված լիազորությունները, եթեթ ըմբռնի, որ ինքն ամեն պահ կարող է պատժել նրան, ապա կարճ ժամանակում կստեղծվի մի համակարգ, որտեղ տեղ չի լինի "ծիտիկներին" ու ապեավատ լինող համբալներին!!!
Գրառումը,Ընկեր Յավրումյան,նորից սթափեցրեց(չնայած նման սթափեցուցիչ ապտակներ մեր երկրի ցանկացած ոլորտում ու ամեն վայրկյան կարելի է ստանալ ) ու ևս մեկ անգամ, հնարավորություն տվեց` զզվելու այն ճահճից, որում ապրում ենք անկախ մեր կամքից: Հաճախ մտածում եմ` կգա արդյոք մի օր, երբ "հարուստ պապաների լկտիացած արգասիքները" կամ այս կամ այն չինովնիկի "ծիտիկները" կդադարեն իրենց "թեփով լցված" ուղեղներով որոշակի կառույցներում պաշտոններ զբաղեցնել ու անգամ ուղղորդել ժողովրդական կրթված զանգվածներին:Իսկ ուր է գնում մեր երկիրը նման "հզոր պաշարներով"...ում ենք փորձում ինչ որ բան ապացուցել` ոտնահարելով մարդկային ես-եր.....ուր են տանելու մեզ հղփացած, լկտի ու անգրագետ ժպիտներն ու ոչինչ չասող հայացքները.....հետո էլ ուզում ենք զարգանալ, հպարտանալ սեփական մտավոր աղբյուրների հզորությամբ:Բայց արի ու տես, որ կտրում են այն միտքը,որ դեռ երկար պիտի ստեղծագործի, կտրում են այն ձեռքը, որ դեռ երկար պիտի կառուցի, միայն որովհետև "պապան" կամ "սիրեկանը" չեն միջնորդել.....մի տեսակ զզվելի է գիտակցել այն հասարակությունը(եթե կարելի է այդպես անվանել), որում ապրում ու գոյատևում ես:Երևի թե մեր երկրի համար այդքան բաղձալի լույսը դեռ երկար ուշանա......
ReplyDelete