Ինչի մասին գրել եմ ուզում սկսվում է դեռ 2004-ից, Գերմանիայիում։ Հետո պարբերաբար այն առկայծում ու հետո կորում է, հետո նորից առկայծում, բայց հիմնականում արդեն Հայաստանում։ Առկայծումների ամենաթեժ ժամանակհատվածը նախագահական ընտրություններին նախորդած հանրահավաքներն էին ու համեմատությունները թաթար-մոնղոլական արշավանքների, արժեհամակարգերի հետ։ Ինձ այստեղ ավելի շուտ թաթար-մոնղոլականն էր հետաքրքրում ու արշավանքները, քան համեմատության մյուս եզրը (ավազակապետությունը, նկատի ունեմ)։ Իսկ ահա թե ինչպես սկսվեց։
Բայրոյթի համալսարանում ճաշում էինք, հիանալի ճաշարան (մենզա) ունեին, ցանկացած գրպանի ու ախորժակի համար։ Գերմանացիներ էին հիմնականում, տնտեսագիտություն էին սովորում։ Նրանք ավարտում էին համալսարանն ու փորձում էին ինչ-որ մի տեղ քեֆ անել։ Մենզան ամենահարմարն էր այդ նպատակի համար, քանի որ իր խոհարարները, սպասքը ու ամեն ինչ ուներ։ Նրանք էլ պատրաստ էին վճարել, այնքան, որքան ասենք մենզայի տնօրենը կուզեր մի 150 հոգանոց քեֆ կազմակերպելու ու սպասարկելու համար։ Բայց դրա համար պետք էր մի երկու տեղ դիմում գրել, ու մի երկու օր սպասել։ Ինձ զարմացրեց գերմանացիներից մեկի արձագանքը, ով «ի խորոց սրտի ու հոգու» զարմացավ, թե ինչքան ոչ «մոբիլ» են սրանք, մի հատ քեֆ անելու համար մի քանի տեղ պիտի դիմում գրել։ Վերջը, նրանք այդ ամենը ռեստորանում արեցին, քանի որ դիմում գրել պետք չէր։ Մենզան փողեր կորցրեց, իրենք՝ յուրաքանչյուրը, առավելագույն, մի 3 եվրո հավելյալ գումար։ Մենզան, արդյունքում, ավելին կորցրեց։ «Մոբիլ» բառի իմաստն այս էր, պիտի շատ արագ որոշում կայացնել ու շատ արագ արձագանքել։ Պատմությունից մնաց «մոբիլ» բառը՝ իր այս կոննոտացիայով։
Հետո եկա Հայաստան, սկզբում փորձում էինք համալսարանական կրթության զարգացման հայեցակարգ մշակել, որտեղ ամենակարևոր գործոնը լինելու էր ուսանողների ու դասախոսների ու դասընթացների ու դասաժամերի շարժունակությունը, ով ինչ երբ ինչպես ուզենար պիտի հնարավորություն ունենար անել (իհարկե, որոշակի ու բոլորի համար ընդունելի ակադեմիական նորմերի պայմաններում)։ Դե գիտեք, ԵՊՀ-ում ստացվեց այն, ինչ ստացվեց՝ մագիստրական այսօրվա համակարգը, մի քիչ կաղ։ «Մոբիլ» բառի մեկ այլ՝ կաղ նշանակություն մնաց համալսարանից։
Հետո մի քանի անգամ գյալաջի էինք անում դասախոսների շարժունակության մասին, թե կարևոր չէ, դե դու որ համալսարանում ես քո աշխատանքային գրքույկով գրանցված, կարևոր է, որ դու այստեղ ես, այնտեղ ու ամենուր՝ քո դասախոսություններով։ Ես էլ կատակեցի, թե «քոչվորը» գլոբալիզացիայի պայմաններում վերածվել է «մոբիլի»՝ ևս մեկ նշանակություն։
Հետո հանրահավաքներում, մոնղոլների մասին, որոնք գալիս էին ու գնում։ Տառապում էին նրանք, ովքեր նստած էին իրենց տեղում։ Որովհետև հետո նորերն էին գալիս ու գնում, նրանք էլի տառապում էին։ Սա էլ «մոբիլի» մեկ այլ՝ ավազակապետական նշանակություն։
Ինչի համար եմ այս ամենը գրում։ Ուզում եմ հասկանալ, ինչն է ավելի լավ, նստակյացությունը, թե քոչվոր, կամ հիմա արդեն «մոբիլ» լինելը։ Նստակյացությունը չգիտես ինչու մոտավորապես այսպիսի պատկեր է հիշեցնում՝ քարից սեփական տուն, նման բազմաթիվ տների շարքում, որը դու ինքդ քո ձեռքով ես կառուցել, հետո եկեղեցի, հետո երեխաներ, ընտանիք, հետո դաշտ, հող, վար ու ցանք, թարմ հացի հոտ, թոնիր, կտուրից բարձրացող ծուխ, որը խառնվում է մյուս կտուրներից բարձրացող ծխերին ու վաղ առավոտյան մառախուղի հետ ծածկում բոլոր տները, հետո այդ ծխի հոտը, հետո ցուրտ ձմեռ, ձյան կածաններ, ձյան ճռճռոց, սառը գարուններ ու աշուններ, պայծառ-պայծառ արև, որը չի տաքացնում, եթե մեջքդ քարին չես տալիս։ Սրանք կերպարներ են, որոնք այս կամ հաջողությամբ, կտրուկ, կամ ոչ այնքան կտրուկ տարբերությամբ, կարող են համընկնել կամ տարբերվել շատերի մոտ։
Քոչվորները, բայց նստակյացների տեսանկյունից, կրկին հիշեցնում են այս ամենը, բայց արդեն հրի ու կրակի մեջ։
Բայց քոչվորներին նայեք քոչվորների տեսանկյունից։ Նրանք նույնպես արժեքներ ունեն, ասենք՝ ձի, սուր, սայլ, որի վրա տեղավորվում է ընտանիքը, հետո ճանապարհ ու ճանապարհ, հետո կանգառներ՝ ձիուն ու ընտանիքին կերակրելու համար։ Կերպարներ կամ արժեքներ, որոնք Անիի եկեղեցիներ չեն կառուցում, սակայն հիանալի նետաձիգներ, հեծելազոր ու էլի շատ բաներ են տալիս։ Արժեքներ, որոնք միշտ իրենց հետ են, անկախ նրանից, թե քանի կմ են նրանք օրական կտրում անցնում։
Երկու այս արժեքները միմյանց հետ ուղղակի համեմատության մեջ դնելն անիմաստ է, դրանցից յուրաքանչյուրն իրենով արժեք է։ Դրանցից յուրաքանչյուրի առավելություններն ու թերությունները կարելի է երկակի դիտել՝ ներսից և դրսից։ Քոչվորներին մենք միշտ դրսից ենք նայել, արդյունքում, առավելապես բացասական կերպարով։ Բայց նրանք մոտավորապես նույն վիճակում են կամ մոտավորապես նույն առավելություններն ունեն, իհարկե ժամանակի գործոնը ներառյալ, ինչն այսօր ունեն «մոբիլ» անհատները, որոնք շարժուն են, չեն հոգնում շարժումից, այստեղ են, այնտեղ են, ամենուր են, միգուցե, արդյունքում ոչ մի տեղ կամ էլ ամեն տեղ։ Շարժունակությունը կամ «մոբիլ» լինելը երևի միշտ էլ առավելություններ տվել է, ճիշտ այնքան առավելություններ, որքան այսօր տալիս է, ասենք, վիրտուալ «մոբիլ» լինելը։ Դու Երևանում կարողանում ես շատ ու շատ «հարցեր լուծել» աշխարհի մեկ այլ վայրում, որտեղ «մոբիլ» լինելու մասին ունենք ճիշտ այնքան ու այնպիսի պատկերացումներ, որքան ու որպիսիք դու։ Հետո դու ունես այն, ինչը բավարար է քեզ, հենց այդ պահին, հենց այդ վայրում։ Այն, ինչը հենց այդ պահին ու հենց այդ վայրում թույլ է տալիս քո համար ստեղծել այն, ինչ քեզ պետք է։ Ասենք մոնղոլը թուր ու ձի ունի, որը թույլ է տալիս հաց ու միս ունենալ։ Դու միտք ու գիտելիք ունես, որը քո հետ է, այնքան շարժուն, որքան դու, ու թույլ է տալիս ապահովել այն, ինչ դու ինքդ կկարողանաս ապահովել։ Ասենք Սերոբի պես, կոստյումը միշտ իր հետ է, պետք է այն, թե պետք չէ, բայց միշտ իր հետ է, հետո հայտնի այն սցենարում՝ «գլուխս էլ հո հետս է» ։))
Մեկ մոնղոլը ոչինչ է, բայց մի քանի տասնյակ մողնոլներն արդեն ինչ-որ մի բան են։ Ժամանակի գործոնը թույլ է տալիս այսօր յուրաքանչյուր «մոնղոլին» իրեն ինչ-որ մի բան զգալ, որովհետև հոսքերի կամ տասնյակների միջև ժամանակն ու տարածությունը շատ ավելի քիչ դեր են խաղում, քան երբևիցե։ Մնում է անհրաժեշտ հոսքը գտնել ու խառնվել, կամ սեփականը ստեղծել։
Քոչվորին միշտ թաթար-մոնղոլ դիտարկելը նվազագույնը, միակողմանի է, միգուցե պատմականորեն հիմնավորված է այն, բայց կարծում եմ ոչ հիմա։ «Թաթար-մոնղոլականով» մտածելը հիմա, մեղմ ասած, ժամանակավրեպ է։ Ժամակավրեպ է ճամբարի և՛ այս կողմում, և՛ այն։
Հիմա ո՞վ առավելություն ունի այս դեպքում, տնտեսագետները կասեին մրցակցային առավելություն։ Նա ով իր արժեքները միշտ իր հետ է կրում ու դրանք իրենից են կախված, թե նրանք, ովքեր արժեքներ են ստեղծում, որոնք հետո պիտի առանձին փայփայել, հոգ տանել, խնամել, հատուկ ջանք գործադրել ու դրա հետ մեկտեղ էլ երաշխիք չունենալ, որ այն կդիմանա քոչվոր, շարժուն, «մոբիլ» արժեքների հետ մրցակցությանը։
Չորեքշաբթի-հինգշաբթի իրիկուն, Մարատ
No comments:
Post a Comment