Wednesday, May 5, 2010

Պետք է արդյոք մեզ ոչ հայերենով կրթություն

Մի քանի շաբաթ է, ինչ հասարակական քննարկումների ամենաթեժ թեման Հայաստանում օտարալեզու դասավանդմամբ դպրոցներ ունենալու կամ չունենալու խնդիրն է։ Նույն հասարակության մեջ խնդիրը չգիտես ինչու անպայմանորեն նույնացվում է ռուսական դպրոցների վերաբացման վախի հետ։ Սովետական անցյալն իրենն ասում է, ամեն դեպքում։ Մոտավորապես այսպիսին է ընդհանուր ֆոնը, միգուցե ես ինչ-որ մանրամասներ բաց եմ թողնում, բայց դրանք կարծում եմ էլ էական չեն, քանի որ ամեն ինչ դեռ մտադրությունների, ցանկությունների, առաջնային հայտարարությունների ու նույնքան առաջնային հակազդեցության փուլում է։ Ինձ նվազագույնը երկու խնդիր է հետաքրքրում. պետք է այսօր հայկական անկախ պետականությանը ոչ հայերենով կրթական համակարգ (ռուսերենն այստեղ արդեն մարգինալ է, թեև դրա մասին ներքևում) և ինչու է հայաստանյան հասարակության հակազդեցություն այսքան ազգայնականացված (ոչ ազգայնական)։

Նախ հակազդեցությունից. Ինչին ես տեղյակ եմ, առայժմ աշխատավայրերում քննարկումների ու հայկական թեժ ու բարձր տոնայնությամբ բանավեճերի տեսքով է, որը երբեմն տեղափոխվում է նաև սոցիալական ցանցեր, բլոգներ, պայմանավորված նրանով, թե ինչքանով են տեխնոլոգիզացված քննարկման անդամները։ Ես առնվազն մեկ խումբ գիտեմ Facebook-ում՝ ընդդեմ ռուսական դպրոցների վերաբացման, նաև ստորագրահավաքի ու ՀՀ կառավարության բաց նամակի նախաձեռնություն Blogger-ում։ Ի դեպ, ստորագրահավաքի հեղինակը, որին ճանաչում եմ, հարգում եմ, ընկերներ ենք, այժմ սովորում է ԱՄՆ-ում (հակադրությունը, կարծեմ խորհրդանշական է)։

Զարմանում եմ, ինչու է հայաստանյան հասարակությունը վախենում ռուսական դպրոցներից, թեև պատասխանն ու հիմնավորումը մոտավորապես այսպիսին է, ինչում կրկին նկատվում է սովետական (անգամ ոչ խորհրդային դրոշմը) – շատ արագ ռուսական դպրոցները ավելի որակյալ կրթություն են առաջարկելու, քան հայկականները, ուստի համատարած հոսք է սկսվելու դեպի ռուսականներ ու բոլոր հայերը սովորելու են ռուսական դպրոցներում։ Սա մեկ հիմնավորում։

Մյուսն ավելի հիմնավոր է – ռուսերենն իր հետ բերելու է ոչ միայն ռուսական մշակույթի առաջնայնություն, հայ երեխաները սկսելու են մեջբերել ասենք Պուշկինից և ոչ ասենք Նարեկացուց, այլ նաև ռուսական լեզվամտածողություն, որովհետև ռուսերենը թելադրելու է աշխարհի, շրջապատի, իրականության, գործընթացների, մի խոսքով, աշխարհընկալման ռուսական ընկալում, հայ երեխաները սկսելու են աշխարհը ռուսերենով ընկալել։ Սա, ի դեպ, շատ ավելի լուրջ խնդիր է, քան առաջին վախը, ու այն առկա է ու կարող է ձևավորվել անկախ նրանից, թե դու ռուսական դպրոցում ես սովորել, թե ոչ։

Ինձ վերջերս ավելի ու ավելի հաճախ են «խարազանում» (մտերիմ մարդկանց մասին է խոսքը, ուստի ես կատակով եմ ընդունում), թե ես այնպես եմ խոսում, կարծես նստած եմ ոչ Երևանում, այլ ինչ-որ մի տաքուկ Լոսում ու այս պրոցեսների մասնիկ չեմ, հետևաբար ինձ իրավունք եմ վերապահում «քլնգել», առանց լուծումներ առաջարկելու։ Լուծումները ես սկզբունքորեն բացահայտ տեսքով չեմ առաջարկում (թեև իմ կարծիքով առաջարկում եմ), որովհետև լուծումների վրա կարելի է «փող» կամ (c) «Մ.Յավրումյան» բրենդ աշխատել։))))) Եվ մյուս գործոնը՝ եթե գրում եմ, արդեն իսկ դա լուծում է։ Պնդումը միգուցե պարզունակ է, բայց այսպիսին է։

Հիմա, երկու այս վախերն էլ իրականում հիմնազուրկ են, կներեք, զուրկ պրագմատիկ տրամաբանությունից։ Առաջինը հայկական դպրոցների որակը բարելավելու փոխարեն առաջարկում է վարչական միջոցներով արգելակել այլ դպրոցները, երաշխիք անգամ չունենալով, որ նույն ռուսական կամ գերմանական կամ ֆրանսիական դպրոցը որակյալ է լինելու հայկականից։ Միգուցե և որակյալ չի լինելու։ Առաջարկվում է արհեստականորեն հերթական խոչընդոտը ստեղծել։ Դրա փոխարեն պիտի այնպիսի հայկական դպրոց ունենալ, որ բոլորը դեպի հայկականները ձգտեն։ Լուծումն այստեղ է, կամ դրա մոտակայքում։
Լեզվամտածողության խնդիրն ավելի լուրջ է, այն երկար քննարկումների տեղիք կտա։

Կարծում եմ, որ այն անխուսափելի է, աշխարհն արագացել է, պետք է կարողանալ սեփական լեզվամտածողությունն ինտեգրել գլոբալում։ Ուրիշ ճանապարհ չունենք, փակվելը շատ բան չի տա, առավելագույն դեպքում «բրածոյի» կվերածի, ինչպես ասենք Բուխարայի արաբերենն է։ Խնդիրն այն է, թե արդյոք մենք ուզում ենք մեզ բրածոյի դերում տեսնել։ Ես, օրինակ, չեմ ուզում, մյուսները չգիտեմ։

Աշխարհը գլոբալ եղել է միշտ, դա նոր չէ, պարզապես աշխարհագրական սահմաններն են ուրիշ եղել։ Գլոբալացումը նախ տոհմա-ցեղային տիրույթների միջև էր, հետո պետական միավորումների, պետությունների, ռեգիոնների, մայրցամաքների սահմաններում, հետո միջմայրցամաքային։ Եթե աշխարհն իմ համար սահմանափակվում է հորիզոնի ավարտով, ապա գլոբալացումը մինչև հորիզոնն է, եթե մինչև օվկիանոսի ափը, ապա մինչև այդտեղ։

Մակեդոնացու կամ արաբական արշավանքների ժամանակ աշխարհը պակաս գլոբալ չէր, քան հիմա է։ Պարզապես պիտի կարողանալ սեփականը պահել այս ընթացքում ու սեփականը թելադրել, առաջարկել, պարտադրել, համոզել մյուսներին։ Ինչու, որովհետև սեփականը քո համար թանկ է, արժեքավոր է, այն կորցնել միգուցե չես ուզում։ Եթե չես կարողանում դա անել, ուրեմն ինչ արած։ Եթե կարողանում ես, նվաճող ես, կամ էլ միջանկյալ մի տարբերակում ես՝ ասենք պարսկերեն՝ արաբական բավականին ազդեցիկ բառապաշարով։ Կամ պարսիկ, արաբների բերած կրոնով, բայց, միևնույն ժամանակ, արաբներին արաբերեն սովորեցնող քերականագետ։ Կամ ավելի հիանալի, հիասքանչ, չքնաղագույն տարբերակ՝ Բագրատունյաց թագավորություն՝ գնված արաբներից, մի երկու պնղձով որը թույլ տվեց, ասենք, Անի կառուցել։ Մի՞թե վատ տարբերակ էր սա։

Մյուս խնդիրը, պետք է հայկական պետականությանը ոչ հայերենով կրթական համակարգ։ Կարծում եմ պետք է, կախված նրանից, թե ինչպիսին է լինելու այդ համակարգը։ Խնդիրը միայն հայերեն լեզուն ու հայկական մշակույթը պահպանել կամ չպահպանելը չէ։ Գործոններն այստեղ բազմաթիվ են, ոչ հայկական դպրոց ունենալ կամ չունենալը գերագույն խնդիրը չէ այստեղ։ Ընդունում եմ, պիտի պահպանել հայերենը, զարգացնել այն, ընդլայնել կիրառման ոլորտները, որ հայատառ ու հայերեն ինտերնետը շատ ավելի ընդգրկուն լինի, կամ հայերենով տեխնիկական թարգմանությունները ծիծաղելի չհնչեն շատերի ականջներում, կամ հոդված գրելիս հայկական տերմիններ փնտրելու կամ ստեղծելու կարիք չլինի։ Բայց պարտադիր չէ, որ դա լուծենք որակյալ կրթության ու որակյալ դպրոցներ ունենալու հաշվին։ Պարզապես պիտի ավելի գիտակցված լեզվական քաղաքականություն վարել, Սերգո Երիցյանին լեզվի տեսչությունում չդնել, լեզվի տեսչությունը չընկալել որպես պատժիչ մարմին, ամեն կերպ չջանալ արևմտահայերենն ու արևելահայերենը մի ստանդարտի բերել, արևմտահայերենով հրատակել, շատ հրատարակել, ամեն կերպ խրախուսել, որ արևմտահայերը չուզենան Երևանում արևելահայերենը, ավելի շուտ արարատյան բարբառի երևանյան խոսվածքը նմանակել, մի խոսքով գիտակցել լեզվական քաղաքականություն ունենալու ու վարելու անհրաժեշտությունը։

Իսկ ինչու է ոչ հայկականը անպայմանորեն ռուսական ընկալվում, հետաքրքիրը սա է։ Մենք դեռևս չենք կարողանում մեզ դուրս պատկերացնել ռուսական քաղաքակրթական ծիրից։ Հարևան վրացիները հիանալի օրինակ են, չնայած նրանք էլ բարի պտուղը չեն։ Նրանք խորհրդային տարիները, ի տարբերություն մեզ, լուծ են ընկալում, սա թույլ է տալիս շատ արագ հրաժարվել դրանից, բայց մի բացասական կողմ ունի սա, նրանք հրաժարվում կամ խորթանում են նաև այդ լուծի ստեղծած արժեքներից, ասենք խորհրդային վրացական կինոյից։ Հայերի մոտ խորհրդային տարիները ապահով տարիներ էին, ազգը վերածնելու հնարավորություն, որը փոխհատուցվում է չափը չափազանց անցնող հայկական երախտագիտության զգացումով, ինչը բարոյական կապանքներ է դնում, «բարեգործի» նկատմամբ ամբողջ կյանքում երախտապարտ լինելու զգացում։ Սա կոտրելը բավականին դժվար է։ Այստեղ կողմոնորոշվելը բարդ է։

Ազատությունը ժամանակակից աշխարհում այլընտրանք ունենալու ու այդ այլընտրանքը ընտրելու հնարավորություն ունենալու հնարավորություն է։ Կրթական այլընտրանք, կարծում եմ, ևս պետք է։

Երեքշաբթի իրիկուն, Մարատ
--

5 comments:

  1. Այս խնդրին ինձ նույն պես հետաքրքրում է, ուստի կուզեի մի քանի նկատառում արտահայտել դրա վերաբերյալ:
    Ձեր գրածում, համենայնդեպս ինձ համար, կա երկու առանցքային պնդում: Առաջինն այն է, որ օտարալեզու դպրոցների վերաբացումը կնպաստի կրթական համակարգի առողջացմանն ու բարելավմանը, կբերի համակագային ու որակական փոփոխություններ, մրցակցային դաշտ կձևավորի երկրի կրթ... See moreական տարածությունում: Այս հարցի վերաբերյալ արտահայտածս կարծիքում ինքս էլ փաստել էի այդ հեռանկարն ու հավելել, որ ժխտել դա կնշանակի չընունել պարզագույն ճշմարտությունները: Բայց, այնուհետ նաև ներկայացրել էի, որ արտաքնապես դրական հետևանքների խորքում երևում են հեռուն գնացող կործանարար ծրագրերի ուրվագծերը: Ինչևէ, դուք ունեք Ձեր կարծիքը, և հավատում եք, որ դպրոցական կրթության ոլորտում մրցակիցների ի հայտ գալը միմիայն կխթանի դրանց զարգացումն ու առաջընթացը: Միաժամանկ, որպես օտարալեզու ուժեղ դպրոցներից հետ չմնալու ուղի նշում եք հայկական դպրոցների որակի բարելավվումը: Իհարկե, կարծիքը հիմնավոր է ու փաստարկված ինչպես հարկն է, քանզի սրանով կգործարկվի դիալեկտիկայի անխախտ օրենքը. կստեղծվի հակասությունների միասնությունը մի ամբողջության մեջ, երկու բևեռներ կսկսեն պայքարել իրար դեմ, անընդհատ զարգանալ ու ծավալվել, որպեսզի կանխեն մյուսի հնարավոր առավելությունն իր նկատմամբ: Բայց, մրցակցային դաշտն ինքնին լինելով շատ հաճելի բան, ունի նաև թերություններ: Ասում եք. "Առաջարկվում է արհեստականորեն հերթական խոչընդոտը ստեղծել։ Դրա փոխարեն պիտի այնպիսի հայկական դպրոց ունենալ, որ բոլորը դեպի հայկականները ձգտեն։ " Իսկ Դուք ինչպես եք պատկերացնում, հայկական բյուջեի սուղ միջոցներով գոյություն քաշ տվող դպրոցը կկարողանա դիմակայության մեջ մտնալ արևմուտքից միլիոնավոր դոլարներ ստացող օտարալեզու դպրոցների հետ, կկարողանա որևէ բան հակադրել դրանց հիանալի մասնաշենքերին ու արտասահմանում վերապատրաստված ուսուցչակազմին, կկարողանա ստեղծել միջավայր, որտեղ հայ երեխան իրեն ավելի լավ կզգա, քան թե օտարալեզու դպրոցներում: Ընդ որում, ասեմ, որ ես վտանգը տեսնում եմ ոչ թե Ռուսաստանից, այլ հենց Արևմուտքից, որովհետև ի տարբերություն Խորհրդային շրջանի, այսօր չկա այլևս "երկաթե վարագույր", որ պետք է անկոչ հյուրերի առջև փակեր Հայաստանի դռները: Այդ տարիներին ստիպված էինք բավարարվել միայն ռուսականով, որովհետև ամերիկյանն ու եվրոպականն ուղղակի տաբու էին և բանադրված: Իսկ հիմա Ռուսաստանի գլխի վրա էլ է կախված արևմտյան մշակութային էքսպանսիայի սուրը, ինչը բացահայտում է ռուսների` Արևմուտքին բոլոր առումներով տասնապատիկ զիջելու հանգամանքը: Հետևաբար, այդ պարագայում հիմնական հարվածը լինելու Արևմուտքից, իսկ դրա իրականացնողներն են լինելու Հայաստանում աճեցվող գրանտակեր կազմակերպություններն ու արևմտյան ներկայացուցչությունները, որոնք ամենաբարձր մակարդակով օգնելու են օտարալեզու դպրոցների` հայալեզուների նկատմամբ հսկայական առավելության սըեղծմանը: Եվ ես վստահ եմ, որ հենց այդպես էլ լինելու է, որովհետև երբ ամերիկյան "բազեներ" Բժեզինսկին ու Քիսինջերը հյուսում էին ԽորհրդայինՄիության փլուզման ծրագրերը, չէին անում դա որպես ինքնանպատակ, այլ հեռանկարում ունեին դեպի արևելք ծավալվելու ու ամրապնդվելու նվիրական ցանկություն: Սա ոչ "համաշխարհային հակահայկական դավադրության" բացահայտում է, ոչ էլ նորություն, այլ ընդամենը պարզ և ակնհայտ ճշմարտության վերահաստատում: Այնպես որ, մրցակցային դաշտի ստեղծմամբ Հայաստանն ի զորու չի լինի օգտվել դրա օգտակար հատկանիշներից, քանի որ կհայտնվի թնդանոթով զինած բանակի դեմ նետուաղեղով պատերազմող զինվորի կարգավիճակում: Դրա համար լավագույն տարբերակն է բացառել այդ դպրոցների վերաբացումն ընդհանրապես, ինչն իհարկե ինչ-որ չափով կխաթարի առանց այն էլ կաթվածահար կրթական համակարգի բնականոն զարգացումը, փոխարենը կփրկի այն վերջնական լուծարումից:

    ReplyDelete
  2. Հայկ, շնորհակալ եմ արձագանքի համար, պիտի խնդրեմ որ դա դու նաև բլոգում տեղադրես, ես նաև այնտեղ կարձագանքեմ։ Հիմա պատասխանեմ. ստանդարտ, հայկական պատասխան՝ «Երկիրդ երկիր չէ», պիտի նախ երկիր կառուցել։ Ավելի լուրջ. մյուս պատասխանը պիտի Բագրատունիների օրինակի մեջ փնտրել, ինտեգրվել ու Անի կառուցել՝ քո նշած նույն միջոցները հայկական դպրոցների համար բերել կամ հայական դպրոցների համար ծախսել, դասագրքերի հրատարկությանը չնայել որպես շահավետ փող ուտելու միջոցի։ Այսինք, էլի պիտի երկիր կառուցել։ Մեխանիզմներ շատ կան, նույն այդ ոչ հայկական դպրոցների «հայկական» ուսումնական պլաններ կազմել, մտածել կարելի է։ Գիտես ինչն է ինձ մտահոգում, հասարակական դիսկուրսը։ Սա նման է, որ ինձ, քեզ, մյուսների համար լրացուցիչ արգելանք ստեղծեին սովորել Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում և այլուր, պարզապես վիզա չտալով ու պատճառաբանելով, թե մեր ուղեղներն այնտեղ լվացնում են, կամ մենք էլ հայ չենք մնա։ Ուղեղ կարելի է նաև Հայլուրով լվացնել, հայ կարելի է Հայաստանում չլինել, օրինակների դու էիր քո գրառման մեջ բերում։ Սա է ամբողջ խնդիրը։ Ուշադրությունը պիտի կենտրոնացնել հիմնական խնդիրների վրա՝ երկիր ունենալու խնդրի վրա։

    ReplyDelete
  3. Հասկանում եմ Ձեր տեսակետը լիովին, սակայն շարունակում չկիսել այն :) Չեմ կիսում, որվհետև կարծելով, թե կկարողանանք իմ "նշած նույն միջոցները հայկական դպրոցների համար բերել կամ հայական դպրոցների համար ծախսել", հավատալով, որ "նույն այդ ոչ հայկական դպրոցների «հայկական» ուսումնական պլաններ կազմելը" մեր խելքի բանն է, դիտարկում ենք, իբր ի զորու կլինենք հիմարացնել Արևմուտքին և Ռուսաստանին, ստիպել, որպեսզի նրանք աշխատեն մեզ համար, օգտագործել նրանց միջոցներն ի շահ մեր երկրի: Կարծում եմ, դա բացառված է: Բացառված է նախ և առաջ, որովհետև "մեր երկիրը երկիր չէ": Իհարկե, պատմության մեջ եղել են դեպքեր, երբ մի կործանվող պետությունը հիմարացրել է աշխարհիս հզորներին, շահագործել և դեն նետել ապա: Դրա վառ օրինակներից է մեր հարևան Թուրքիան, որից չէր խանգարի մի քանի բան սովորել: Սակայն դա իրականություն դարձավ Մուսթաֆա Քեմալի, նրա զինակիցների սերնդի շնորհիվ միմիայն, երբ քայքայված ու գործնականում կազմալուծված երկիրը ոտքի կանգնեց, ընդ որում իրականացնելով այդ "վերակենդանացումն" Արևմուտքի և ԽՍՀՄ փողերով: Սակայն մեր երկրում այսօր չկա, և դժվար էլ լինի նման կալիբրի մի գործիչ, փոխարենը վխտում են այլոք, ում միակ նպատակն է "ապրել այլանդակ ձևի լավ", ու դրանց զգալի մի հատվածը փափուկ-փափուկ տեղավորված է ԿԳ-ում: Հասկանալի է, որ դրանք 100 ամերիկյան դոլարի կամ էլ 10000 ռուսական ռուբլու մասին հիշեցումից անգամ կծախեն թե իրենց երկիրը, թե իրենց երկրի ապագան ապահովող կրթական համակարգը` բացելով դռները արտասահմանյան ազդեցության համար, թույլ տալով, որպեսզի ուսումնական ծրագիրը դառնա հակահայկական ու հակաազգային: Ու կրկին հանգեցինք սրան. "Երկիրը երկիր չէ": Բայց ինչ անել այդ դեպքում? Սկսել անհաշտ ու անզիջում պայքար այդ "երկրի դեմ", հրաժարվելով համագործակցության բոլոր եզրերից, թե փորձել հասարակության հետ միասին, աստիճանական ճնշմամբ բացատրել այդ պետությանը, որ դուք, սիրելիներս, ի վիճակի չեք այսօր օտարալեզու դպրոցներ բացել, դուք ոչ այդքան խելք ունեք, ոչ էլ այդքան փորձ: Կարծում եմ, սա է այն երկու հիմնական հոսքերը, որոնց միջև կարելի է ընտրություն անել: Ըստ իս, երկրորդն ավելի իրատեսական է:
    Ինչ վերաբերում է ուսանողներին, որոնք գնում են արտասահման ուսումնառության, ապա այդ երևույթը չի կարելի օտարալեզու դպրոցների հետ դիտարկել նույն հարթության մեջ, քանզի ուսանողական տարիքում մարդն արդեն ձևավորված ու կայացած անհատականություն է, մշակութային և ազգային հստակ ինքնագիտակցությամբ, իսկ դպրոցականը դեռևս "անմշակ հումք է"` հայրենիքի և ազգային արժեքների մասին աղոտ պատկերացմամբ: Իհարկե, ուսանողն էլ է վերադառնում ինչ-որ չափով լվացված ուղեղով, սակայն այս դեպքում կորստի գործակիցը շատ փոքր է, քանզի նա ուղղակի դառնում է մի քիչ արևմտամետ, մի քիչ ազատական:

    ReplyDelete
  4. Հայկ, ողջույն, մենք համակարծիք ենք մեկ հարցում՝ «Երկիրը երկիր չէ»։) Դա ինձ ուրախացնում է («ես հիմա հակահայկական ու հակաազգային, ապազգային, հակահեղափական բաներ եմ գրում, հրեաների շպիոն եմ։ ՀԱԿԱ եմ ես, ավելի վատը կա, լևոնի վկա եմ»,- կգնահատեն հիմա ոմանք։) Գիտես ինչն է ինձ, չեմ ասի տարօրինակ, բայց հետաքրքիր թվում։ Գերմանիայում, բոլոր ոչ գերմանացիները ձգտում էին երեխաներին անպայման գերմանական դպրոցներ ուղարկել։ Գերմանացիները, «Ավագ դպրոցում կամ Գիմնազիումում», ընդհակառակը, երեխաներին ամեն կերպ փորձում էին Շվեյցարիա կամ Ֆրանսիա ուղարկել, որտեղ ուսուցումը Ֆրանսերենով էր, գերմաներենով ու անգլերենով։ Իսկ ոչ գերմանացիները, էլի գերմանական գիմնազիումներ։ Սա ինտեգրման խնդիրների կոնտեքստում պիտի նայել, բայց հետաքրքրի էր։ Հետո, գերմանացիները, նախ մեղմ ասած դժգոհ էին կրթական գերմանական համակարգից, ինչը մի փոքր վերափոխված ժառանգել էինք մենք, ու էլի «ոչ ստանդարտ» դպրոցներին էին որոնում։ Մի անգամ առավոտ շուտ գնացքով տեղ էի գնում, 5։30-ի մոտերքում էր, մեր քաղաքից հարևան քաղաք (60 կմ հեռավորությամբ), որտեղ հիանալի անգլիական գիմնազիում կար, մի երկու դասարան երեխա էր գնում։
    «Օտարից» չեմ գրում օտարամոլությունից, ինչը երբեմն ազատականության տակ է թաքցվում, վախենալ պետք չէ, պետք է գիտակցել ռիսկերը ու մեղմել դրանք։ Մենք վախենում ենք, որովհետև հակազդեցության մեխանիզմ չունենք, չենք պատկերացնում, կամ էլ իրագործման հնարավորություն չենք տեսնում։ Դրա համար էլ փորձում ենք փակվել, հերիք է փակվել, փակ սահմանները տեսնում ես ինչ են անում երկրի հետ։ Բավական է։
    Հետաքրքիր էր քո դիտարկումը՝ «««Սկսել անհաշտ ու անզիջում պայքար այդ "երկրի դեմ", հրաժարվելով համագործակցության բոլոր եզրերից, թե փորձել հասարակության հետ միասին, աստիճանական ճնշմամբ բացատրել այդ պետությանը, որ դուք, սիրելիներս, ի վիճակի չեք այսօր օտարալեզու դպրոցներ բացել, դուք ոչ այդքան խելք ունեք, ոչ էլ այդքան փորձ: Կարծում եմ, սա է այն երկու հիմնական հոսքերը, որոնց միջև կարելի է ընտրություն անել: Ըստ իս, երկրորդն ավելի իրատեսական է»»», այն խորհելու տեղ է տալիս, միգուցե և առանձին գրառման տեսքով։

    ReplyDelete
  5. 17.08.2011թ. Նորից վերընթերցեցի. նախ՝ միթե ես կարողանում եմ գրել։) ապա՝ սուր չէ, չնայած խնդրից հեռու չէ, երրորդ՝ «ես»-ը չափազանց շատ է, չնայած բլոգի համար նորմալ է, ավանդական մեդիա չէ սա, և, վերջապես, մեկ տարվա մեջ շատ բան չի փոխվել, եթե փոխվել է ընդհանրապես։)

    ReplyDelete