Saturday, January 26, 2013

Կարևորը՝ ապահով

Հայաստանի ամերիկյան համալսարանում 2013թ. հունիսին կրթական նոր ծրագիր կմեկնարկի։ Կպատրաստվեն տնտեսագիտության մագիստրոսներ: Ծրագրի նախաձեռնությունը Կենտրոնական բանկինն է: Դասավանդվելու է անգլերենով, դասընթացների մի մասն անցկացվելու է Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում, հրավիրվելու են արտասահմանցի հայտնի տնտեսագետներ։ Ծրագրի տևողությունը 15 ամիս է, Հայաստանի քաղաքացիների համար ուսման վարձը՝ 1,8 մլն դրամ է, արտասահմանցիների համար՝ 3,3 մլն։ Համալսարանի փոխնախագահները վստահ են, որ «ընդունելությունը կլինի խիստ մրցակցային» (տե՛ս ՍիվիլՆեթ

Սա գովազդ չէ՝ ո՛չ բացահայտ, ո՛չ էլ թաքնված։ Չնայած այդպես ստացվեց։ Այս ամենում ինձ մի-երկու պահ է հետաքրքրում։ Նախ՝ նախաձեռնությունը, ավելի ճիշտ կլիներ՝ պատվերը, գալիս է Կենտրոնական բանկից, ու այն հանձնվել է Ամերիկյան համալսարանին (թյուր տպավորություն չստեղծվի, որ այս համալսարանի նկատմամբ ինչ-որ վերապահումներ ունեմ)։

Ինչո՞ւ Ամերիկյանին։

Դե պարզ է, մյուսները «չկան էդքան»։ Տնտեսագիտական համալսարանը կամ էլ մայր բուհ Պետհամալսարանի ու մյուս համալսարանների տնտեսագիտության ֆակուլտետները, կամ էլ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտը: Հակադրությունը աչք ծակեց, չէ՞: Չէ որ նրանք սովետական, անգամ ո՛չ խորհրդային ժառանգություն են հիշեցնում։ Միգուցե և են, չգիտեմ։

Եվ ահա, այս ամենի մեջ պայծառ բյուրեղը՝ Ամերիկյանը։ Ավելին՝ անգլերենով, մի հատ էլ ավելին՝ մեկ-մեկ Դիլիջանում, բռնվեք՝ արտասահմանցի հայտնի տնտեսագետներ, չհուզվեք՝ «ուսանողները հնարավորություն կունենան իրականացնել հետազոտական աշխատանքեր, տպագրվել միջազգային մասնագիտական ամսագրերում, իսկ դասընթացի ավարտից հետո՝ աշխատել բանկային համակարգում» (տեսնես մյուս համալսարանների ուսանողներն ինչո՜վ են զբաղված)։

Ու ոչինչ, որ Հայաստանի հասարակ, պարզ, ոչ մայրաքաղաքային մահկանացուների համար այս հաճույքը կարժենա 1,8 մլն դրամ. չէ՞ որ «համալսարանում ուսանողների համար գործում են ֆինանսական օժանդակության ծրագրեր»: Հետո էլ՝ «կրթությունը թանկ հաճույք է», ամերիկյան կրթությունը՝ շատ ավելի թանկ (անգլերենը, Դիլիջանը, ԿԲ-ն, հայտնի տնտեսագետներն էլ վրադիր)։

Հիմա կասեք՝ ազատ մրցակցություն է, շուկա, որակը կարևոր է, հաղթում է՝ ով ուժեղ է, արագ է կողմնորոշվում, հարմարվում է փոփոխվող աշխարհի փոփոխվող պայմաններին, մրցունակ է և այլն, և այլն։

Ճիշտ է, բայց… «բայց»-երի շարանը երկար է։ Հետո էլ, ով հավատացած է նախորդ պարբերությունում, չի էլ համոզվի, անգամ բանավեճի մեջ չի մտնի, էլ չեմ ասում ինչ-ինչ հիմնավորումներ կընդունի։ Չէ։ Դրա համար էլ «բայց»-երի շարանը կմնա դատարկ։

Ես «բայց»-երի հետևանքների մասին գրեմ։

Նախ կունենանք ավելի շատ «ռեկլամ» (ոչ անգամ գովազդ), քան գործ, ավելի շատ միֆ, քան իրականություն, ավելի շատ ոչ հասարակ ուսանողներ, քան հասարակ, ու էլի ռեկլամ, ռեկլամ, ռեկլամ։ Ասուլիսների անվերջ շարան՝ կրթության նախարարի, ԿԲ նախագահի, վարչապետի։ Հեռուստատեսային ռեպորտաժներ՝ հիմնականում Դիլիջանից, փայլուն, օսլայած, էլիտար։ Ոչ մի հասարակ։ Ոչ մի։ Ի՞նչ պիտի անի հասարակը։ Դե, նա ոչինչ անել չի կարող, որովհետև նա «ժողովուրդ» է, որը երբեմն «ամբոխ» է, երբեմն՝ «թող հինգ-տասը հազարով չծախվեր», երբեմն էլ՝ «իրեն հասնում է»։

Սա էլ «հէչ»։ Միշտ կունենանք պատվերներ, որոնք կգնան «արտասահմանցի հայտնի տնտեսագետներին», հետո՝ ֆինանսիստներին, հետո՝ մենեջերներին, հետո՝ ինժեներներին, հետո….

Հետո էլ… չնայած այս ամենը՝ «հեչ», կարևորը՝ ապահով։

Մարատ, ուրբաթ
--

No comments:

Post a Comment