Tuesday, January 1, 2013

Ամանորյա ցնդաբանություն

«Ով հայ գիտություն, քո միակ փրկությունը արաղի մեջ է» (իմ պարգայում՝ երևի գարեջրի). սա, ի դեպ, մեջբերում է, ոչ Խրիմյան Հայրիկից, մեկից, որը երկար ու բեղուն գիտական ճանապարհ է անցել։ Այն երևի ամենա-ամենաօբյեկտիվ, ամենատեղին ու ամեն ինչ ասող գնահատականն է (ո՛չ բնորոշումը, ո՛չ որակումը), որը մինչև հիմա հանդիպել եմ։

Այն նաև ավելի ազնիվ է, ազնիվ՝ իր, գիտության ու ապագայի նկատմամբ։ Այն նաև կտրված չէ իրականությունից ու չի սավառնում «հայ գիտական ներուժի», կամ «հայ ստեղծագործ գենի բացառիկության», կամ «մենք որ…, նրանք որտեղ էին» ու էլի նման «օդերում»։

Սա նաև իրականությանը սթափ, շատ սթափ նայելու քաջություն է։ Սթափ գնահատականների հիման վրա սթափ դատողություններ ու հետևություններ անելու որոշում։ Իսկ գիտությունը Հայաստանում անելու բան չունի, բացի արաղ կամ րախի (ոչ անգամ օղի, էլ չեմ ասում գինի կամ կոնյակ) խմելուց, ու դարդերը դրանցում խեղդելուց։

Մնացածը, եթե իմաստ էլ ունի, ապա իմաստավորված չէ։ Գիտություն է գիտության համար, ինքն իր մեջ, ինքն իրենով, ինչպես կասեին՝ տնայնավարության մակարդակով (բառը որտեղի՞ց են գտել, ամեն ինչ անտայնավարի էր, գիտությունը՝ տնայնավարի)։

Պիտի ընդունել սա, հակառակ դեպքում բավարարվելու ենք Վարդանանց կամ Թարգմանչաց տոներով ու բարոյական հաղթանակներով կամ թարգմանական գոհարներով։ Ու գնալու ենք էլի խմելու։ Ու սա ոչ ոքի հետաքրքիր չէ, սա մեզ է պետք (եթե, իհարկե, ՀՀԿ-ական չես)։

Չնայած մենք կա՛մ սավառնում ենք օդերում, կա՛մ էլ՝ գնում խմելու։ Բայց թե «էդքան խմել էլ չի լինի»՝ լյարդ կա, բան։ Չխմես էլ՝ հոգի կա ու մի փոքր գորշ զանգված՝ գլխում։

Կամ էլ ոչ լյարդ կա, ոչ գորշ զանգված, ամեն ինչ էլ «տոչնի» է, փղերն էլ, հայտնի անեկդոտի նման, Ավարայրի ճակատամարտի հաջորդ օրը խմբով գնացել են Վարդանից ներողություն խնդրելու, թե՝ ներող ախպեր, երեկ մի փոքր հարբած էինք, չէինք ջոգըմ։

Ու ոչինչ, որ նույնիսկ անեկդոտն է հարմարեցված բարոյական հաղթանակների տրամաբանությանը, բա չեք ասի, փղերը իրենց ոտքով հելել-եկել էին Վարդանենց տուն։ 

Ինչպե՞ս Անկարայում մինչև հիմա հաշվի չեն առել ազգային «հոգեխանգարմունքի» (իմա՝ հոգեկերտվածքի) այս առանձնահատկությունը։ Խմբով վեր են կենում, Թալեաթի թոռանը խփում են վրեքները ու գնում են (նավսյակի) Վարդան Մամիկոնյանենց տուն (հիմա ինչ տարբերություն, համ էլ ուրիշ գնալու տեղ էլ չունեն, հո Սիմոն Վրացյան կենտրոն չէին գնալու) ու ներողություն են խնդրում, թե ախպեր, ներո՛ղ, չենք ջոգել։ Վարդանն էլ՝ ոչինչ, դե բա՜ն է, պատահել է, ի՜նչ եք լրջին տալիս։

Ու հետո նստում են խմելու, ձեռքի հետ մի երկու արձանագրություն են ստորագրում, Վարդանին պոնչ են անում, ու պայմանավորվում են, որ փղերին էլ չի կարելի հարբեցնել, Տղմուտ գետի վրա Մեղրիի հէկ են կառուցում ու…

Ու բոլորով՝ Վարդանով, փղերով, Թալեաթի թոռանով-բանով փետրվարի 18-ին գնում են Occupy Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որովհետև թանաքները էլի ցնդել էին…

Չնայած ում տանձը ում բախչեն։ Մերը գիտությունն է՝ լյարդի հաշվին։

Մարատ, նախատոնական ուրբաթ
--

No comments:

Post a Comment