Thursday, January 10, 2013

30 արծաթ ու ամեն ինչ լավ է

Հեղափոխականության փոշին կարծես նստեց, ավելի շուտ՝ ցրվեց, անէացավ (շատերը չեն համաձայնի)։ Ինքնականխորոշվեց նոր ջրբաժան՝ 2013թ. փետրվարի 18։ Ինչ կլինի դրանից հետո, վախենամ՝ Աստված էլ չգիտի։ Անքննելի են ճանապարհները, այս անգամ երևի թե՝ այն ինչ անվանվում է՝ իշխանությունների։

Մյուսներին մնաց «խաբ»-ը, մի մասին՝ երազախաբից, մյուսներին՝ հուսախաբից։ Բայց նոր մտազուգորդումներով, ասենք՝ բարոյախաբ*— բարոյական հաղթանակների ոգով ու չգիտեմ ինչի հույսով, կամ էլ բառախաբ*— այս ու բազմաթիվ այլ սյունակների ու մամուլում հայ քաղաքական կամ լրագրողական մտքի վերլուծություններով ու էլի հույսով ու ինքախաբ հավատով, թե այս միտքը ունակ է ազդել իրադարձությունների տրամաբանության վրա։ Քավ լիցի։

Համլետը կմենախոսեր.
Լինել, թե չըլինել, այս է խնդիրը.
Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ...
Խոսքը, իհարկե, խաբ լինել-չլինելու մասին է՝ հոգու ազնվության առկայության նախապայմանով։ Հակառակ դեպքում խրախճանք է։ Անասելի մի խրախճանք, ինքնամոռաց։ Հոգին թողնում ես վերևներին, ազնիվը՝ չգիտեմ ում, ու ոչ մի բան, ոչինչ արժեք չի ունենում։ Գին ունենում է, բայց արժեք, ահա, ոչ։ Խրախճիր ինչքան ուզում ես...

Պահ կար, երբ օգնում էր առողջ ցինիզմը (հերթական խաբը)։ Երվանդ Օտյանի կամ Հակոբ Պարոնյանի քաղաքական երգիծանքը չի հնացել ու հազիվ թե հնանա։ Ու հարցը նրանց հանճարը չէ, հարցը մեզանից շատերի այնքան սիրվ(ող)ած ու փառաբանվ(ող)ած հայկական գենն է։ Մուտանտ գենը, որը ինչ որ պահի ոչինչ ունակ չէ ընտրելու, քան ինքնաոչնչացման ճանապարհը։ Երբեմն իր ձեռքով, երբեմն ուրիշների։ Արյուն է, պիտի հոսի. միջնադարյան Եվրոպայում (իսկը եվրոպական արժեք) հավատում էին, որ սա է փրկության միակ ճանապարհը։

Հիմա ցինիզմն էլ չի օգնում։ Իսկ հին հայկական ավանդական ճանապարհը ես չեմ ուզում։ Դուք միգուցե ուզում եք, ձեր իրավունքն է։

Իսկ ապրել պետք է։ Միգուցե հերթական խաբի մեջ, թե Հայաստանն առողջանում է կամ սերմերը ծիլ են տվել ու աճում են։ Մուտանտ ծիլերը չգիտես դեպի ուր կաճեն, ու «չգիտես» ինչու՝ Աշոտ Գաբրիելյանի հայաստանյան այսօրը հիշեցի.
Մշակներդ՝ աստանդական,
Մեծամեծերդ՝ անլվա Պիղատոս,
Ի՛մ սուրբ հայրենիք,
Ինձ 30 արծաթը բավական է
Քեզանից հեռանալու համար:
Իսկ եթե ավելի իրատեսական ու պատմական՝ ապա ոչինչ էլ չի եղել։ Շատերը ստացել են իրենց 30 արծաթը, ոմանք էլ մինչև աքլորականչ երեք անգամ ինչ-որ բան են ասել։

Ու նորից ի շրջանս յուր։

Հ.Գ. * Իսկ մտազուգորդումների հեղինակային իրավունքը՝ Ս.Բ.-ինն է։

Մարատ, չորեքշաբթի
--

No comments:

Post a Comment