Sunday, January 20, 2013

«Յա Գարեգին Նժդեհ»

Գարեգին Նժդեհի մասին Հրաչ Քեշիշյանի ֆիլմի տխուր հեռանկարին առաջինն արձագանքեց «Յա Գարեգին Նժդեհ» հոլովակների շարքը։ Ֆիլմը դեռ չկա։ Ֆիլմի մասին չէ խոսքը, խոսքը միգուցե կինոքննադատներն ու պատմաբանները ասեն, չնայած՝ հազիվ թե։ «Հայ իգական սեռի» մասին ՀՀԿ-ական վերջին հրապարակումը վկա։

Իսկ խոսքը «Յա Գարեգին Նժդեհ» շարքի մասին է։ Հոլովակներից մի քանիսը երևի տեսած կլինեք, եթե ոչ՝ YouTube-ում հաստատ կգտնեք։ (Հաջորդող շարադրանքը տեղին է, եթե հոլովակներից մի քանիսը գոնե նայել եք, եթե ոչ՝ կարդալն անիմաստ է)։

Պարզ էր, որ պիտի քննարկում լիներ՝ ֆեյսբուքահայության (կամ վարչապետի պատկերացրած Հայկական աշխարհի) մեջ։ Ի՞նչ տոնայնությամբ, գուշակում եք երևի— ինչպե՞ս, ինչպե՞ս կարելի էր, հայրենասիրությո՛ւն, ա՛զգ, եռամիասնությո՛ւն, սրբությո՛ւն, պղծել։ Ու էլի շատ բառեր այս շարքից։

Հայաստանյան իրականությանը իրականում մի երկու բան է հուզում. նրան դանդաղ ու քնկոտ ու ալարկոտ նիրհից հանում են միայն նախագահական ընտրությունները, աղանդների ու արվամոլների մասին քննարկումները, մեկ էլ Նժդեհ-նժդեհականությանը ծուռ աչքով նայելը։ Մնացածը՝ ձեռքի հետ, փոթորիկ է մեկ քառորդ պակասից էլ բաժակ ջրում։

Իսկ Գարեգին Նժդեհը՝ նա, նրա գործը, նրա պատկերացումները, իրականում ոչ մի կապ չունի այս Նժդեհ-նժդեհականության հետ։ Բայց թե կարևորը դա չէ։ Կարևորը նժդեհականություն պարտադրելն է։ Արանքում, իհարկե, տուժում է իրական Գարեգին Նժդեհը։

Ու քանի որ նախագահական այս ընտրություններն ու որոշ թեկնածուներ ցավալիորեն չեն արդարացնում համաժողովրդական թամաշայի հույսերը… մնում է այն, ինչ մնում է։

Իսկ «Յա Գարեգին Նժդեհ»-ը տեղին էր։ Այն այսօր շատ ավելի տեղին է, քան մեկ այլ միջոց, գործիք, խոսք։ Գործը, իհարկե, շատ բան կփոխեր, բայց թե ո՞վ է հիմա իր գործով զբաղված։

Ինձ այլ բան է զարմացնում (մտահոգում, հուզում— սրանք հայկական իրականությունից չեն)։ Կուրությունը։ Միթե չեն անցել անհատի պաշտամունքի, կուռքերի, դոգմաների, անվերապահների ժամանակները (փրկիչներն ու մարգարեները այլ շարքից են)։ Միթե կուրացել է հումոր ու երգիծանք տեսնելու ունակությունը։ Միթե կուրացել է հետ, անցյալին, պատմությանը քննական նայելու ցանկությունը։ Իսկ «Յա Գարեգին Նժդեհ»-ը հենց այդ քննականությունն է (ուզում էի քննականության «սաղմ» կամ «ծիլ» գրել, բայց անհույս բարոյալքված են այդ բառերը)։

«Յա Գարեգին Նժդեհ»-ը «Ազգային ջոջերի» ու «Ընկեր Բ. Փանջունու» այսօրվա թրեյլերն (trailer) է ու/կամ մաքուր հայերենով՝ նախակարապետը։ Ուրիշ ոչինչ։ Ուրիշ բան մի փնտրեք։ Ուրիշ բանը կամ «ինչպե՞ս, ինչպե՞ս կարելի է, հայրենասիրությո՛ւն, ա՛զգ, եռամիասնությո՛ւն, սրբությո՛ւն, պղծել»՝ այս ամենը նժդեհականությանը ուղղեք։ Հեշտ է նրանց տարբերակել՝ արծիվ ունեն կրծքներին։

Ազատությունը միայն մահի հետ չէ, որ բևեռացված երկհակադրվում է։ Այն կարելի է և չհակադրել՝ զգալ, ապրել ու երբեմն էլ ծիծաղել։ Ծիծաղել անլուրջ լրջության վրա։

Ոչ այնքան վաղ անցյալում մեզանից շատերին ոգևորում էր Ավգյան ախոռները մաքրելու հեռանկարը։ Բայց ամենաիմաստունը ժողովուրդն է, չնայած նա էլ գնալու է «նախիրի մեջ էշի ճակատը պաչելու»։

Այնպես որ՝ «Յա Գարեգին Նժդեհ»։

Մարատ, ուրբաթ։
--

No comments:

Post a Comment