Sunday, February 10, 2013

Է՜, թամաշից նախագահ կընտրվի՞

Միանգամից սկսեմ, առանց մուտքի։ Նախագահական ընտրություններից սպասելիքներ չկան։ Լավ է լինելու՝ ահա միակ իրական սպասելիքը։ Սկզբում հույս էլ չկար, որ գոնե թամաշա կլինի։ Գոնե թամաշայով կմխիթարվեինք։ Բայց այստեղ էր, ո՜ր…

Թամաշան իրեն երկար սպասեցնել չտվեց։ Քարոզարշավի մեկնարկի առաջին իսկ օրը։ Հանրապետականների թխկու տերևը շատ արագ վերածվեց կանեփի տերևի ու՝ դեպի ուրախ Հայաստան… Մեջտեղում «Յա Գարեգին Նժդեհը» հայտնվեց, բայց թե մեղավորը մենք չէինք, մեղավորը Հրաչ Քեշիշյանն էր։ Էլի ուրախ էր։

Հետո չգիտես ինչու խիարը երկրում սկսեց թարս բուսնել։ Այդպես էլ չհասկացանք, «խիարն» ի՞նչ կապ ուներ արտագաղթի հետ։ Մյուս կողմից էլ՝ պա՜հ, վախացրիք ձեր արտագաղթով։

Ավելի ուշ սկսվեց՝ «եկել ես ստեղ, որ ինչ անես»։ Հետո Չեբուռաշկան ելույթ ունեցավ թեկնածուներից մեկի նախընտրական հանդիպմանը։ Մեկ այլ հանդիպմանը պարզվեց, որ նույն թեկնածուն կրակոտ էլ է եղել։

Հետո թեկնածուներից մեկի վրա՝ մահափորձ, մեկ ուրիշը՝ հացադուլը, երրորդը՝ Աստծու հետ է գործ բռնում, չորրորդը՝ բարևում է ում պատահի, հինգերորդը՝ չգիտի ինչ անի, որոշում է մի օր հացադուլ անել ու գնալ տուն, վեցերորդը՝ ոչ մի կերպ չի կարողանում 100 քայլ հաշվել։

Բա լրատվամիջոցները. մի նկարել է, որ նկարում են, վերլուծել է, որ վերլուծում են։ Ու «հո մի դվիժենի չէ՜» (հայտնի անեկդոտի նմանությամբ), մանավանդ տերևն էլ կա ու՝ դեպի ապահով Հայաստան…

Սա դեռ սկիզբն է միայն, դեռ ինչե՜ր են լինելու։ Ինչ վատ թամաշա է որ։

Հիմա կարելի էր գրել երկիր ապագայի, ընտրությունների ինստիտուտի կարևորության, պետականության կորստի վտանգի, արտագաղթի ահագնացող չափերի, քաղաքական ուժերի պատասխանատվության կամ ոչ պատասխանատվության մասին։ Հետո թեկնածուների ելույթներում իմաստ փնտրել, նրանցից մեկի հետ հույսեր կապել, հետո գնալ ընտրությունների, քվեարկել, գալ ու անհամբեր սպասել, թե ինչով այս ամենը կավարտվի։

Չէ, սա մեր դեպքը չէ։ Մեր դեպքը տանը նստելն է, սեփական գլուխը ներս քաշելն ու սեփական գործով բզբզալը։ Ու սպասելը՝ որ լավ կլինի։ Հետո Ֆեյսբուքում, տանը՝ խոհանոցում, ընկերների հետ քաղաքական անեկդոտներ պատմելն ու ծիծաղելը։ Մեկ-մեկ էլ՝ անհույս-անհավատ բողոքելը։

Մեր դեպքը նաև, Մաթևոսյանը կասեր՝ խեղճ սպասելն է, թե ինչ տոկոսներ կհայտարարեն, թե ինչ կլինի դրանից հետո, ով ինչ կասի, հետո մյուսը ինչ կպատասխանի, այսինքն՝ էլի թամաշա։

Ու ուզում եք որ ես, դուք, մյուսները, նախագահ ընտրենք։ Է՛, թամաշից նախագահ կընտրվի՞։

Մարատ, ուրբաթ, civilnet.am-ից։
--

No comments:

Post a Comment