Thursday, February 28, 2013

Համալսարանյուգենդի հրամայականը

Համալսարանական ինքնավարության մասին շատ է խոսվել։ Գործողության մեջ այն դեռ չի հաջողվել տեսնել։ Միգուցե թեթև մի բացառությամբ՝ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի պաշտոնանկությունը, նրան հաջորդած «ուսանողական ընդվզումը», ֆեյսբուքյան քննարկումները, դատական լսումները ու հետո տարօրինակ ինչ-որ լռություն։

Ինքնավարություն նվաճելու հերթական անգամը, «Բարևի հեղափոխության» ալիքի վրա, կարող են լինել ուսանողների դասադուլների դեռ անորոշ փորձերը։ Կհաջողվի արդյոք այն վերածել ուսանողական իրական ընդվզման, դեռ ժամանակը ցույց կտա։

Բայց հիմա սա չէ կարևորը։

Համալսարանները իշխանական մյուս բուրգերից ոչ մի բանով չեն տարբերվում, անգամ օլիգարխիկ «պահերով», մեծ ու փոքր իշխանիկներով, երբեմն բդեշխներով, կատարածուներով, ծաղրածուներով ու ինչպես վերջերս պարզվեց՝ նաև այրուձիով կամ մատյան գնդերով: Մի խոսքով՝ ամբողջական փաթեթ ու վարչահրամայական ուղղաձիգ՝ բառի բուն իմաստով ու բոլոր հետևանքներով հանդերձ։

Սա էլ կարևոր չէ, չնայած՝ քանի որ «հեղափոխական պահեր» են, իրերը պիտի իրենց անուններով կոչել։

Մեկ օր առաջ, օրինակ՝ կարևորը ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանն էր, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի օգնական, «ԵՊՀ արծաթե» ու «ԵՊՀ ոսկե» մեդալակիր Միհրան Հակոբյանը, ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը, «ախլքալաքցիների զորքը»: Դասադուլներն արգելելու նրանց փորձերը կարևոր էր այնքանով, որ համալսարան- ու վարչապետ- ու հանրապետականյուգենդ կարիերիստների համար մոտ ապագայում գոնե երեք նոր թափուր աշխատատեղ է բացվելու։ Իսկ «ախլքալաքցիները», ու ոչ միայն նրանք, սկսելու են մտածել՝ գնալ արդյոք դասադուլ ցրելու, թե չգնալ։

Այս ամենը, իհարկե, տխուր է (չքաղաքականացնել «տխուր» բառը)։ Բայց պիտի ծիծաղել։ Այնքան ծիծաղել, որ նրանց մտքով անգամ չանցնի հաջորդ անգամ իրենց այս կերպ պահել։ Ռեկտորը իրեն յուգենդներով շրջապատելուց առաջ մի փոքր մտորի։ Մտորեն նաև կառավարությունում՝ ռեկտորների թեկնածուներ ընտրելու ու նշանակելու հարցում։

Հիմա կարևոր չէ՝ ինչքանով կհաջողվի դասադուլը։ Բայց փորձել է պետք, որովհետև ամեն մի փորձից հետո մենք ծիծաղելու ենք, շատ ենք ծիծաղելու, իսկ մյուս կողմում պայթելու են հերթական պղպղջակները։ Սկզբում փոքր, հետո փոքրոտ, հետո՝ ավելի մեծերը։ Ու մյուս մեդալակիր «համալսարանականները» ամեն քայլից առաջ զգուշանալու են, վախենալու են, հանկարծ մի բան այն չանեն։ Վախենալու են իրենց կաշվի համար կամ էլ կաշվե իրենց աթոռիկների համար։ Միգուցե մի օր էլ հոգնեն վախի մեջ ապրելուց ու սկսեն մեզ հետ ծիծաղել։ Չնայած՝ հազիվ թե։

Հիմա կարևոր չէ անգամ ժողովրդական իմաստությունը՝ ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում։ Կարևորը նոր աշխատատեղերի հրամայականն է՝ գոնե յուգենդի համար։

Հ.Գ. Ինչո՞ւ են հենց նրանք «համալսարանական»։

Մարատ, հինգշաբթի
--

No comments:

Post a Comment