Կոտրած տաշտակը հիշում եք։ Ճպուռին էլ եք հաստատ հիշում։ Ժամանեցինք, ավելի շուտ՝ հո՛պ, հասանք։ Իսկ ինչ էինք ուզում՝ սա Ֆեյսբուք չէ, որ նստես, նայես դիմացդ, հավանես, մի երկու տող գրես, պարպես ինչ կար ներսումդ, գոհ դեմքով սպասես, մինչև մյուսները հավանեն։ Հետո մի քիչ էլ ծիծաղես կամ «բոցես» ու գնաս տուն՝ ընթրելու։ Ոչ էլ խոհանոց կամ ակումբ, որ երեկոյան, մի շիշ գարեջրի շուրջ՝ «երկիրը երկիր չէ» ասես։ Չէ, եղբայր, սա Հայիթի չէ, անգամ Հոնդուրաս չէ։
Հայ լինելու հետ կապ չունի երևի, բայց բոլորը սթափվում են միայն այն ժամանակ, երբ արդեն տաշտակի առջև են։ Մինչ այդ ինքնամոռաց խրախճանք է։ Իսկ տաշտակը հեռու չէ՝ փետրվարի 18-ի երեկոյան, Հանրային հեռուստատեսության եթերով։
Տաշտակի առաջ ես եմ։ Դուք՝ չգիտեմ։ Ենթադրում եմ՝ նաև դուք։ Եվս անհեռանկար մի քանի տարիներ։
Մի հարցող լինի՝ ինչ էիր սպասում։ Հեռանկար էի սպասում։ Ումի՞ց։ Ինձանից ու ձեզանից։ Միայն եսը քիչ եմ։ Միայն եսը շատ ավելի հեշտ է լուծում հեռանկարի հարցը։ Սկսում է Նժդեհ կարդալ ու Նժդեհ մեջբերել, նվազագույնը։
Չէ՛, եղբա՛յր, Նժդեհ չեմ ուզում։ Իրավունք ունե՞մ չէ. հուսամ՝ դեռ։
Մնացածը դատարկաբանություն է։ Չնայած՝ վերևում, իհարկե, Աստված կա ու հնարավոր է, անգամ հարյուր քայլ է հնարավոր, բայց ոչ ձեզ հետ, պարոնա՛յք։ Վճռականության ձեր կոչերը ոչինչ են։ Շնորհակալ ենք։ Շատ ենք շնորհակալ։
Մա՞ղձ է, չէ։ Իհարկե։ Բայց թե, առայժմ սա ունենք։ Իրականը հենց սա է։ Իմ ու ենթադրում եմ նաև ձեր վրա մաղվող տարափը չէ՝ թե լավ է լինելու։ Չի՛ լինելու։
Ամենահեշտը դուռը շրխկացնելն է։ Բայց պետք է շրխկացնել։ Գոնե մեկ անգամ։ Բոլորին ի տես՝ ես էլ կարող եմ շրխկացնել, եթե հերթը դրան է հասել։ Իսկ հերթը հասել է։ Շրխկացնել է պետք։
Պարզ ասած՝ չընտրել։ Միևնույն է՝ ես ու դուք չենք որոշելու ընտրությունների ելքը։ Ելքը որոշվելու է առանց մեզ։ Մենք գլխաքանակն ենք, դամ պահողը։ Ինչ էլ ասեն, միևնույն է՝ էլի գլխաքանակ ենք։ Ես գլխաքանակ լինել չեմ ուզում։ Առանց ինձ, խնդրում եմ։
Վճռակա՜ն, բա՜ն, ընտրենք, որոշենք մեր ապագա՜ն... ծանոթ է, շատ է ծանոթ։
Պիտի լրջանալ, ու ավելի լավ է՝ փետրվարի 18-ից առաջ։ Թե չէ՝ տաշտակը կա ու կա։
Մարատ, ուրբաթ
--
No comments:
Post a Comment