Նոր նայեցի «Կորուսյալ սերնդի» մասին հերթական սյունակը։ Ձևակերպումը, զգացումը ու դրա շուրջ ներամբիոնային մեր գյալաջիները հիշում եմ նվազագույնը 2006-ից։ Մյուսները՝ դրանից ավելի վաղ էլ կհիշեն, հաստատ։
Զգացումը ծանոթ է, երբեմն չափազանց ծանոթ, հատկապես, երբ գիտակցում ես, որ գնում են լավագույն ջանքերը ինչ-որ մատյան լրացնելու ու նման հազար-հազարավոր մանր-մունր գործողությունների վրա, որոնց ներհամակարգային նշանակությունն է թերևս միայն պարզ, ո՛չ բովանդակությունը, առավել ևս՝ իմաստը։
Երբ չես զգում գործի կարևորությունը, որին անմիջականորեն մասնակից ես, հետո, ինչ-որ ժամանակ անց, ամեն ինչ քեզ թատրոն է թվում ու բնականաբար սկսում ես ընդդինամալ, որովհետև դերասան չես՝ թատրոն սիրում ես, բայց ոչ իրական կյանքում, դերասանությունն էլ քեզանից հեռու է։
Ու հետո սկսում ես քեզ տալ պատեպատ, երբեմն նաև իրական պատերով։ Ստացվում է ... չի ստացվում, զայրանում ես, բողոքում, էլի զայրանում, էլի ճակատդ սկսում է ցավել, հետո ասում ես՝ հէրն էլ անիծած՝ թատրոն եմ խաղում, բայց դե դերասան չես ... ու նորից։
Ու հետո սկսում ես մտածել բախտ որոնելու մասին, բախտը, որն ամենուր է ու ոչ քեզ մոտ։ Չգիտես որտեղ է, դրա համար էլ որոնում ես։ Բայց թե բախտն էլ անհայտ տեղերում թաքնվելու բնավորություն ունի ու նա երբեմն թատրոն ու դերասաններ է սիրում, իսկ դու էլի դերասան չես։
Ու հետո որոշում ես մյուս կողմից գալ ու իմաստ տեսնել։ Ու սկսում ես իմաստ փնտրել այն ամենի մեջ, ինչ կա շրջապատում, անգամ քարերի, հողի, համի, հոտի, թիկունքը արևին տալու ու էլի չգիտեմ ինչերի մեջ։ Ու հետո ստացվում է, որ Արաքսի այս կողմում ծիրանը աշխարհի ամենահամովն է, իսկ մյուս ափում՝ հէչ համով չէ։ Սա արդեն ուրիշ թատրոն է, որն անգամ անիրական կյանքում չես ուզում։
Ու հետո ... ու հետո՝ չգիտեմ ինչ։
Սերունդներից յուրաքանչյուրը կարող է իրեն կորուսյալ համարել, սա ուրիշ ֆենոմեն է. ո՛չ հիմա ու ո՛չ այստեղ։
Ուրբաթ առավոտ, Մարատ
Հ.Գ. Ու երբ գրում էի թե նա, որ իրեն ուզում է քաղաքականությունում տեսնել, պիտի կարողանա քաղաքացուն ու հասարակությանը կյանքի նոր իմաստ առաջարկել, հենց այնպես չէր։ Թե չէ հենց այնպես հավատալ, պահանջել, վստահել ու հիմա վճռական է, որ հիմա կարող ենք փոխել ու ... ու ...
---
No comments:
Post a Comment