Նախընտրական քարոզարշավը կիսվեց։ Կիսվեցին նաև սպասումները, թե ինչ պիտի ակնկալել խորհրդարանական այս ընտրություններից, ավելի շուտ բյուրեղացան սպասումները, ինչպես և բյուրեղացավ ասելիքը, ինչն այս պահին առաջարկում կամ կարող են առաջարկել արշավում հայտնված կուսակցությունները։
Կիսվեց, բայց այդպես էլ չպարզվեց, որն է կուսակցություններից յուրաքանչյուրի համար ընդունելի այն սահմանը, որի դեպքում ընտրությունները հայտնվելու են ազատ, արդար ու թափանցիկ դաշտում։ Միգուցե սահման չկա, միգուցե ազատ ու արդարն ու թափանցիկը միայն ընթացքն է։ Ես չգիտեմ, ես չեմ կարող այս հարցի պատասխանը տալ կուսակցություններից յուրաքանչյուրի համար, իսկ նրանք չեն շտապում պատասխանել։ Ու կրկին անորոշ է՝ երբ է ընտրությունը իրոք ընտրություն. ընտրություն՝ քաղաքացու համար, ընտրություն՝ կուսակցության համար։
Իսկ կուսակցությունները, ընտրարշավի կանոններով, դեռ քվեներ են հորդորում ու պահանջում. պահանջում են քվեարկել ու 30 վայրկյանի ընթացքում փոխել երկիրը։ Ոչ ՀՀԿ-յան կատեգորիաներով՝ հավատում եմ իմ 30 վայրկյանին, բայց չեմ հավատում, որ այդ վայրկյանները ընտրատուփում հայտնվելուց հետո կծառայեն իրենց նպատակին։
Կուսակցությունները պահանջում են վստահել իրենց, իրենց պատասխանատվություն քվե տալ։ Քաղաքացին, որը պատրաստ է վստահել ու պատասխանատվության քվեն հանձնել, ևս պահանջ ունի։ Նա պահանջում է շարունակել իր 30 վայրկյանը, շարունակել, երբ ինքն արդեն ընտրատարածքում չէ, շարունակել, երբ խորհրդարանական ընտրության արդյունքների վրա ազդելու իր հնարավորությունները սպառվել են, երբ արդեն գալու է կուսակցությունների 30 վայրկյանների պահը։
Ինչ կանեն կուսակցությունները իրենց 30 վայրկյանների հետ, ինչպես կօգտագործեն դրանք։ Այստեղ է, որ ավելի շատ հստակություն է անհրաժեշտ։ Կասեք՝ կգա ժամանակը, կպարզվի։ Իհարկե, կգա ժամանակը, իհարկե, կպարզվի։ Իսկ ինչ կլինեն իմ 30 վայրկյանների հետ, որոնք ես ծախսել եմ այդ կուսակցություններին իմ ու պետության ու երկրի ապագայի պատասխանատվության քվեն հանձնելու համար։ Զո՞ւր ... Այստեղ է, որ պատասխաններ հորդորելու ու պահանջելու հերթը քաղաքացունն է։
Ժամանակն է, երևի, փոխադարձ պատասխանատվություն ստանձնելու համար։ Բարի ցանկությունների ու խոստումների, խոհանոցային ու բազմոցային ընդդիմությունների, այսր- ու անդրկուլիսյան պայմանավորվածությունների ժամանակները կարծես անցել են։ Ավելի անկեղծ է պետք քաղաքացիների հետ լինել, մեկընդմիշտ որոշել, որ պետք է անկեղծ լինել։ Պարզ ու բաց ու հրապարակային խոսել քաղաքացիների հետ, ընդհանուր նպատակներ հռչակել ու քաղաքացիների հետ ու քաղաքացիների քվեով, իրական քվեով գնալ այդ նպատակների իրագործմանը։
Նկարե՞լ ... միևնույն է Սուրենյանցից ու Մինասից շատ եք հեռու ...
Երեքշաբթի, Մարատ
Civilnet.am-ից։
--
No comments:
Post a Comment