Friday, April 6, 2012

Խաղը պարտվողի համար է

ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու «Ժառանգության» միջև միջկուսակցական միասնական ընտրական շտաբ ձևավորելու համաձայնությունից ու գործընթացում ՀՀԿ-ՕԵԿ (ինքնա)չեզոքացումից հետո խորհրդարանական մինչքարոզարշավային դասավորումները նոր փուլում հայտնվեցին։

Միգուցե թվում է, որ դրանք նոր փուլում հայտնվեցին։ Կարևորը, որը կուսակցական հարկադրված դաշնակիցներն առժամանակ մի կողմ են հրում (չեն դնում) որոշ հավակնություններ ու պայմանավորվում միասնաբար գնալու արդար ու ազատ, նախօրեին ավելացան՝ թափանցիկ, եվրոպական չափանիշներին հարիր խորհրդարանական ընտրությունների։

Կհիշեք երևի. աննախադեպ ազատ ու արդար ընտրությունների մասին խոսում էին նաև ՀՀԿ-ականները՝ նորաթուխները, եթե հիշողությունից թույլ չեմ։ ՀՀԿ-ն մի կողմ։ Իսկ տպավորությունն առայժմ այնպիսին է, որ այս ամենը (միջ)կուսակցական շահեր են, անգամ քաղաքական շահեր չեն, չեմ ասում պետական կամ համահայկական։ Միգուցե հետո հասունանան մինչև քաղաքականի, ժամանակը ցույց կտա։

Բայց սա իրականության մի կողմն է միայն, որում թելադրողի ու առաջարկողի դերում նրանք ենք, ովքեր ինքնահռչակվել են ներկայացնելու մեր բոլորի շահերը և պաշտպանելու այդ շահերը։ Նրանք առայժմ մտահոգ են ուղիների հստակեցման հարցում, որոնք պետք ու անհրաժեշտ են իրենց ինքնահռչակումն անխափան կյանքի կոչելու համար։ Նրանցից յուրաքանչյուրի համար կարևորը իր պատկերացրած ուղին է՝ արդար կամ կեղծվող, ու առայժմ թելադրվող կուսակցական առաջնայնություններով ու օրակարգով։

Շան կամ ձկան կամ չգիտեմ ինչի գլուխը հենց այստեղ է, որը քաղաքացուն վերածում է ընտրողի, պատվիրակումը՝ ընտրության, պատվիրակվողին՝ «պատգամավորի», ջրբաժան ստեղծում քաղաքացու ու ընտրողի, պատվիրակվողի ու «պատգամավորի» միջև։

Բայց. քաղաքացին իրեն ընտրող ու ընտրազանգված չի զգում, չի ուզում զգալ, չի ուզում իրեն որպես այդպիսին իմաստավորել մայիսի 6-ին։ Չի ուզում խաղալ այն կանոններով, որոնք անխուսափելիորեն իրեն ընտրողի են վերածելու, պատվիրակումը՝ ընտրության։

Ճանապարհը փակուղային է։ Պատվիրակումում չի արտահայտվում շահը, որը տեսնել ու պատվիրակել է ուզում քաղաքացին։

Թույլ տվեք մեկ անգամ ևս հիշեցնել, քաղաքացու անունից հիշեցնել, ընտրվողներին (միասնական, թե անմիասնական շտաբից)՝ քաղաքացուն պետք չեն կուսակցականացված կամ կուսակցականացվող «պատգամավորներ», քաղաքացիներին պետք են մարդիկ, պատվիրակվողներ, որոնք կարող են (հասարակական ու քաղաքացու) կյանքին նոր իմաստ առաջարկել՝ նոր օրակարգ ու նոր մեծ նպատակ։ Ու քանի դեռ այդ ամենը չկա, քաղաքացին մնալու է ընտրազանգված, պատվիրակվողը՝ «պատգամավոր»։

Նրանք գիտեն՝ ընտրողը բողոքելու է, հեգնելու, բայց այդուհանդերձ, գնալու է ու քվեարկելու իրենց օգտին՝ լավագույն դեպքում։ Վատագույնի դեպքում՝ ընտրողի փոխարեն իրենք են քվեարկելու՝ իրենց օգտին և ով ինչքան կարողանա։

Եվ ուրեմն՝ չեմ ընտրում՝ խաղը ի սկզբանե պարտվող ընտրողի համար է։

Մարատ, ուրբաթ


Տե՛ս civilnet.am -ում։
--

No comments:

Post a Comment