Thursday, April 22, 2010

Ապրիլի 24-ի, պապերիս, կապույտ աչքերի ու կորցրած գեների մասին

Որոշել էի գրել Հայոց ցեղասպանության մասին, բայց հետո փոշմանեցի, հետո նորից փոշմանեցի ու հիմա գրում եմ։) Այս դեպքում օրիգինալ կամ յուրօրինակ լինել հնարավոր չէ, ես էլ նման հավակնություններ չունեմ։ Գրում եմ նախ հասկանալու համար թե ինչ է իմ համար, իմ ընտանիքի ու շրջապատի համար ապրիլի 24-ը։ Հայոց ցեղասպանության մասին միֆերը, լեգենդները, առասպելները, պատումները և էլի մի քանի -ները բազմաթիվ են։ Ցեղասպանության պատամգրության ու նկարների չափազանց հաջողված մի խտասկավառակ (DVD) եմ տեսել «ՏՏ և կրթություն» հիմնադրամում, որից հետո ես հասկացա ցեղ ու գեն բառերի իմաստը՝ սպանություն ու ֆոնդ բարդացումների մեջ։ Ահա թե ինչի մասին եմ հիմա գրելու։
Ցեղասպանությունը շատերիս համար ապրիլի 24 է։ Շատերը նկատի ունեմ շրջապատը որտեղ ապրում եմ ես՝ և՛ երևանյան, և՛ շիրակյան։ Այն ծիսակարգի պես մի բան է, պիտի ապրիլի 24-ին պարտադիր բարձրանալ Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ դնել ու իջնել։ Այդ ընթացքով շատերն են անցել, գիտեն ինչպիսին է այն՝ ոստիկանություն, հրահանգեր, խցանումներ, շտապ քայլեր, հետո տուն հասնելու հետ բարդություններ, փակ ճանապարհներ և այլն։
Հիմա մեկ այլ միտում կա, բացի աղբալյանական ջահավառությունից, որն իմ համար, էլի եմ կրկնում, ֆաշիզմ է, ոչ ոգեկոչում՝ նաև ՀԱԿ-յան միտումը։ ՀԱԿ-ն առանձին երթ է կազմակերպում դեպի Ծիծեռնակաբերդ, իմա՞ստը։ Ես հակաՀԱԿյան չեմ, ավելի շուտ պրոՀԱԿյան եմ, բայց էլի իմաստ չեմ տեսնում, ապրիլի 24-ի դեպքում չեմ տեսնում։ Դա ժողովրդի ապրիլի 24-ն է, հարգանքի տուրք է, գերեզմաններ գնալու կամ շիրմաքարին խունկ ծխեցնելու պես մի բան։ Կամ գնում ենք բոլորով միասին, կամ չենք գնում, կամ էլ քարկոծում, խարազանում ու վերջում էլ (մի հատ լավ բառ կար, բայց չհիշեցի այս պահին) այս միտումը։
Բայց սա մի կողմ. ինչ է ապրիլի 24-ը իմ համար։
Նշածս DVD-ում նկարների մի մեծ արխիվ կա, որոնցից մեկը ինձ պարզապես մեղմ ասած ապշեցրեց, սառը ցնցուղն այդ բառը չէ։ Նկարներում հիմնականում «դասական հայեր» էին, կարճ, մեծ գլուխներով, չարչարված։ Դրանցից մեկում սակայն, կանանց մի խումբ էր, հայ կանանց մի խումբ, որոնք մարդաբանական կառուցվածքով կտրուկ տարբերվում էին մյուսներից՝ ավելի թուխ էին (չնայած նկարները, ինքներդ եք հասկանում, սև-սպիտակ էին) երկար ու բազմաթիվ մանր հյուսված մազերով, ինչպիսիք միայն եթովպուհիների մոտ եմ  տեսել՝ Կահիրեում։ Հերթական անգամ սիրտս ցավեց՝ առաջին անգամ իրոք, ինչպես  մտերիմներիցս մեկն է ասում, մինչև ենթաստամոքսային գեղձս հասկացա, որ ոչ միայն մարդիկ, մշակույթ, հող, տներ, եկեղեցիներ, հոգևոր արժեքներ՝ երգ, լեզու, այլ գենոֆոնդ ենք կորցրել, ԴՆԹ-ների ինչ-որ յուրահատուկ հաջորդականություն, որը վերականգնել հնարավոր չէ, կորել է, չկա, չես գտնի, չես փոխանցի այդ գեները։ Ցավալին այստեղ է։
Բայց այդ զգացումից հետո իմ մոտ հպարտության ինչ որ տարօրինակ բան առաջացավ։
Հայրական տատս արևմտահայ է. հայրական գերդաստանում մենք երկու ճյուղ ենք կրում՝ իմ հայրական գենոֆոնդը, որը տիպիկ հայկական է՝ մեծ գլուխներով, կարճահասակ, և իմ հորեղբոր գենոֆոնդը՝ որը էլի կարճահասակ է (սովորական հայկական միջինով։), բայց՝ կապուտաչյա ու բաց գույնի մազերով։ Այդպիսին են իմ մյուս բոլոր բարեկամները հայրական տատիս գերդաստանում՝ Ալաշկերտից։ Նրանք թիկնեղ են, ջլուտ ու շատ ուժեղ։ Այդպիսին են հորեղբորս դեռևս երկու տղա թոռները։ Նրանք ինձ համար, ամեն ինչից զատ, Արևմտյան Հայաստանի մի կտոր են, կարոտն առնելու հնարավորություն, ինչ որ տարօրինակ հպարտության զգացում։ Զգացում, որ մենք կրում ենք գեների մի հատված, որը կարևոր է մեզ, ձեզ, բոլորի, մեր հիշողության համար։
Հպարտության նույն զգացումը, սակայն ես չունեմ իմ դեպքում։ Ասեմ ինչու. ես, իմ եղբայրները, մեր երեխաները մեր արևմտահայ պապերի երրորդ ու չորրորդ սերունդն ենք։ Բոլոր խնդիրներն, ահա, սկսվում են այստեղից։ Մենք, բացի գեներից, համարյա ոչինչ չենք կրում մեր պապերից՝ արևմտահայերենը, նրանց երգերը, սովորույթները, այս ամեն ինչ կամ արդեն կորել է նրանց մահով կամ էլ կորում է։ Նրանք քրդերեն էին խոսում, նաև հայերենի հետաքրքրի մի բարբառով, երգեր էին երգում, պարեր պարում, սեղան այլ կերպ նստում ու վեր կենում, այլ կերպ քայլում, այլ էին նրանք։ Ես դեռ մի փոքր հիշում եմ՝ պապիցս, (տատիս չեմ տեսել), հորս քեռուց, մեր հարևան Անիգ մամից։ Տղաս հաստատ չի հիշելու, փոխանցման իմ օղակը թույլ է, շատ թույլ է։ Աղջիկս դասագրքերից ու Ծիծեռնակաբերդից գիտի ցեղասպանության մասին, բայց ոչ ինձանից, ոչ իմ պապերից, ոչ մեր բարբառից։
Ո՞վ է մեզանից, ապրիլի 24-ից բացի, գնում Ծիծեռնակաբերդ, գնում Ցեղասպանության թանգարան, ինչ որ մի բան անում Արևմտյան Հայաստանը, մարդկանց, մշակույթը, լեզուն, ադաթները, երգերը, տարազները պահելու համար առօրյա կյանքում տարին գոնե երկու օր (մի օրը Ծիծեռնակաբերդի օրն է՝ ապրիլի 24-ը) հատուկ ինչ-որ մի բան անում։ Քչերը, եթե ոչ՝ ոչ ոք։
Սա է հարցը, թե չէ երթեր անել, ջահեր վառել, հետո՞ ... երևի ելույթ ունենալ։
Մի քիչ երկարում է, բայց շարունակելու եմ գրել։
Մի կողմ էլ կա, որը ես միգուցե սկսեցի հասկանալ, միգուցե և ոչ միայն 2007թ., գործընկերներիս հետ մի քննարկումից հետո։ Քննարկում էինք պահանջատիրության վերաբերյալ ինչ որ հարցեր, հողերը կտան կամ չեն տա և այսպես շարունակ։ Անիի մասին էլ խոսեցինք, սա ուրիշ թեմա է։ Բայց՝ հիշում եմ, որ ես ոչ մի կերպ չէի կարողանում գիրք կարդալ, որտեղ նկարագրվում էին ջարդեր։ Գիրք կարդալ սիրել եմ, բայց դա չէր պատճառը։ Չէի կարողանում։ Չեմ կարողանում հիմա նաև ֆիլմեր նայել, որտեղ էլի ջարդեր են։ Հրեական Հոլոքոստի մասին ֆիլմեր նայում եմ, բայց հայկական ջարդերի մասին՝ չեմ կարողանում։ «Արտույտների ագարակը» իմ համար սարսափ ֆիլմից էլ վատ է։ «Ձորի Միրոն», «Կարոտը», «Նահապետը» այս շարքում են։ Իմ պապերը ևս երբեք չեն պատմել ցեղասպանության, ջարդերի, տեղահանումների, հայրենազրկման, իրենցից իրենցը խլելու, ինչպես ուզում եք անվանեք դա, դրա մասին։ Իմ հորը չեն պատմել, իմ հորեղբորը չեն պատմել, ոչ ոքի չեն պատմել։ Երգել են (հորս քեռին նույնպես երգում էր), քրդերեն են իրար հետ զրուցել՝ երևի կարոտն են առել, բայց չեն պատմել։ Երևի նույն զգացումն են ունեցել, ինչպես ես գիրքը վայր դնելու կամ ֆիլմն անջատելու պահին։ 
Ահա այդ քննարկման ժամանակ, հարց եղավ, թե ինչու այսքան տարի լռել ենք, անկախ քաղաքական իրավիճակից, հնարավորություններից։ Պատասխանն այսպիսին էր. հասարակ մարդու, հասարակ մահկանացուի համար, որն ապրել է այդ ամենը, դա վերք է, յարա՝ հոգում։ Ոչ ոք սեփական վերքի վրա սեփական ձեռքով աղ չի ցանի ու այն չի խառնի՝ ցավում է, շատ է ցավում։
Կուզենայի, որ այն չցավեր իմ երեխաների մոտ, որովհետև վերքը նրանք կամ մենք՝ նրանց համար, արդեն բուժած կլինենք։ Բայց կուզենայի, որ իմ տղան նույնքան հպարտանար իր եղբոր կապույտ աչքերով, ջլուտ ձեռքերով ու լայն թիկունքով, որքան ես՝ հորեղբորս համար։
Չորեքշաբթի իրիկուն, Մարատ

Հ.Գ. Լուսանկարի համար շնորհակալ եմ Ավետիս Ղազանչյանին։

2 comments:

  1. Չես դադարում հերթական անգամ հիացնել ինձ քո ճկուն վերլուծական մտքով կամ երեվի տաղանդով: Ես էլ քեզնով եմ հպարտանում այնքանով, ինչքանով դու՝ հորեղբորդ կապուտաչյա եվ բաց գույնի մազերով թոռներով:)))

    ReplyDelete
  2. Բայց թե դրանից կյանքը չի հեշտանում։))) no comment:)) Հեղինակին ճանաչում եմ, նրան առանձին բլոգ եմ նվիրելու։)

    ReplyDelete