Շաբաթվա ընթացքում անընդհատ մտածում էի ինչի մասին գրել։ Ոչ թե նրա համար, որ գրելու բան չկար, չէ, դա չէր պատճառը։ Ժամանակն էլ ոչինչ, չեմ ասում կա, բայց մի կերպ կարելի էր «յոլա գնալ»։ Բայց տրամադրություն, ավելի շուտ հավես չկար։ Չգիտեմ, ինչ-որ ոչ մի բան չէր ուրախացնում, չնայած գարուն է, ծաղիկ, փառք Աստծու, տուն, երեխաներ։ Հետո գիտակցում կար, թե ամեն ինչ սկսում է վերածվել «նվնվոցի»։ Իսկ վերջին բանը, ինչ պիտի անի մարդը, դա նվնվալն է։ Դրանից ոչինչ չի փոխվում, այն չի էլ օգնում, հազիվ թե հոգու հանգստություն է բերում։ Հետո շաբաթը չգիտեմ ինչու, ավելի շուտ գիտեմ, շատ հոգնած, ֆիզիկապես հոգնած ստացվեց։ Այն ինչ մի երկու երեք շաբաթ առաջ անում էի մի քանի ժամում, հիմա շատ է ձգվում, անկախ ինձանից, շատ է ձգվում։ Հետո ինքս էլ չեմ հասկանում ինչ է կատարվում։ Հենց հիմա տղաս հարցրեց, ինչ ես գրում, ասի չգիտեմ, ինքն էլ թե՝ քեզանից դուրս բաներ ես գրո՞ւմ։ Երևի թե ճիշտ է ասում, ինձանից դուրս բաներ, ինձանից դուրս շաբաթ։ Ինչ-որ շատ «դուրս»։
Զգացում կար, որ դուրս ես իրադարձությունների ընթացքից, ավելի շուտ ինչի մեջ դու ես, հազիվ թե իրադարձություն հնարավոր լինի անվանել։ Չնայած հազիվ թե շրջապատում ինչ-որ իրադարձություն եմ տեսնում, որի մեջ արժեր ներգրավվել։ Ընկճվածության նման մի բան է, զգացում չէ անգամ, ինչ-որ մի բան, որը հանգիստ չի տալիս։ Կարծես դու ես ու դու չես։ Չես ընկալում ու գիտակցում, ուր, ինչի համար, հանուն ինչի, արժե արդյոք այս ամենը այն, ինչ արժե, արդյոք դու այս ամենի մեջ ինչ որ բան արժես, ավելի շուտ չարժես։ Կրկնում եմ, չեմ բողոքում, չեմ նվնվում։ Միգուցե սա մյուսների համար այդպիսին է կարդացվում, ամեն դեպքում այդպիսին չէ ինձ համար։ Բլոգն էլ, ուրիշների համար չէ, ինձ համար է։
Շաբաթն արդյունավետ էր երկու աշխատավայրում էլ, չեմ ասում կատարյալ կամ գեփ-գերազանց, այդպես շատ հազվադեպ է լինում ու այսօրվանից էականորեն տարբերվող կոնյուկտուրայի դեպքում, բայց շաբաթը տեսանելի արդյունքով էր։ Հասցրել եմ անգամ ընկերներիս օգնել, նրանց հոդվածները խմբագրել (օգնության իմ ոլորտն ու հնարավորությունն է այդպիսին)։ Սակայն դրա հետ մեկտեղ հոգում ինչ-որ դատարկ էր, անգամ մեկ-մեկ ծխելն (պապս կասեր «ֆստացնելը») ու միջանցքում կամ մինչև կանգառ կամ մանկապարտեզ կամ մի աշխատավայրից մյուսը քայլելը չի օգնում։ Մտածեցի խմել, բայց թե ամեն մեկի հետ չես խմի, դրա համար նվազագույնը Ղուկասյան է պետք։ Շաբաթվա կեսին Օվանիտասի բլոգում ինչ որ հետաքրքիր հղում կար,Դավիդ Օհան անունով մի երգչի վրա, շանսոն էր երգում։ Վերջերս, չգիտես ինչու, շանսոնը մի տեսակ այլ կերպ եմ ընկալում, 19 համարի ավտոբուսի մեջ, իրիկունը որ տուն եմ գալիս, մի ջահել վարորդ կա, ինքն է լսում, ես էլ հետը լսում եմ։ Պատկերացրեք մեկ-մեկ օգնում է, բայց այս շաբաթ դա էլ չօգնեց։ Դավիդ Օհանն էլ չօգնեց։ Առաջ Մոցարտն էր օգնում, չեմ ուզում ինչ-որ իմիջ, թե տեսեք-տեսեք ես դասական եմ լսում, թիթիզությունից զզվում եմ, ռոք էլ եմ լսում։ Գիտեմ ռոք է, որովհետև մեր Վահեն է երգերը տալիս, իսկ ինքը ռոքի մոլի սիրահար է։ Գլախո Զաքարյան եմ շատ հավանում, հետո Արուս Գյուլզադյան, հետո Արթուր Մեսչյան, հետո Լ.Պիպոյան, SOD ու այսպես շարունակ։ Սրանք միայն անուններ չեն, սրանք տրամադրություններ են, սրանք իրականության նկատմամբ վերաբերմունք են։ Բայց շաբաթն էլի խառն էր։ Ոչ մի բան լսել չէր լինում։ «Սարի գելինը» քաշեցի, բայց լսել չհասցրեցի, միգուցե օգներ։
Խառը, թքած խառի վրա, անիմաստ է լինում շաբաթը մեկ-մեկ։ Ցավի զգացումը միգուցե այդ անիմաստության մեջ է։ Անիմաստ է, ընդ որում, ամեն ինչ, սկսած սեփական եսից, ու վերջացրած էլի սեփական եսով։ Եսամոլ չեմ, պարզապես փորձում եմ անիմաստության գերադրականությունը փոխանցել։ Ու ի՞նչ, ոչինչ կարծում եմ, երևի ոչինչ կամ հաստատ ոչինչ։ Հուսամ ոչ երկար ժամանակով։
Դարման, դեղատոմս, սուտ բաներ են։ Մեծ-մեծ բաներից գրելն էլ է սուտ բան, մեծ-մեծ ու «հեղինակավոր» գրքեր կարդալն էլ չի օգնում, սուտ են անգամ ուրիշների մեծ-մեծ գրածներն ու հայտարարությունները։ Մայիսի 9-ն էլ, Հայրենականն էլ, Շուշին էլ ինչ որ տարօրինակ ու անտարբեր է թվում։ Հաղթանակներն են սկսում անտարբեր թվալ, ձեռքբերումները, գործերը, հաջողությունները, այս ամենը սկսում է անտարբեր թվալ, անարժեք։ Անգամ ուրախությունները, ասենք ուրախացար, հետո ի՞նչ։ Խնդիրը կամ պատճառը միգուցե գնի (ոչ դրամական համարժեքի, թեև դրան պիտի արժեքների կոնվերտացման մեխանիզմի նայել՝ ասենք ժամանակը թատրոնից ստացած բավականության կոնվերտացնելու մեխանիզմ) մեջ է, ինչի գնով է այս ամենը։ Միգուցե գինն այնպիսին է, որ ձեռքբերումը, արդյունքը արդյունքում անիմաստ է։
Ու էլի նույն հարցը, ու ի՞նչ։ Երևի ոչինչ, առավոտյան արթնանալ, լվացվել, սափրվել, ատամները մաքրել, որդուդ հետ վայելել մինչև մանկապարտեզ 5-7 րոպեն, որը նրա հետ ընկերություն անելու ամենահարմար ժամանակն է, հետո աշխատանքի, հետո էլի աշխատանքի, հետո տուն, ընթրիք, որը նաև նախաճաշ է ու ճաշ, հետո քնել, հետո ... մինչև, ինչպես Դավիթն է ասում, մինչև շաբաթ-կիրակի։ Ու ի՞նչ։ Երևի ոչինչ, երևի փորձել չչարանալ, քո, մյուսների, իրականության, ամեն ինչի վրա։ Փորձել իմաստ որոնել, որոնել այնտեղ, որտեղ այն որոնել պետք չէ կամ պետք է։ Ինչ-որ մի պահի պետք է կանգ առնել ու փորձել կոտրել երևի։ Բայց ի՞նչ կոտրել, կոտրել այն, ինչ չկա, միգուցե հնարավոր է, չգիտեմ։ Փորձել է պետք, կամ ավելի շուտ խմել է պետք, մի քանի օր իրար վրա, ու գինի։ Միգուցե օգնի ինչ-որ բան գտնել, որը մինչև հիմա չես գտել կամ չես տեսել։
Չգիտեմ, հիմար, անիմաստ շաբաթ էր, «երկիրդ երկիր չէ» երևի։)))
Կիրակի իրիկուն, Մարատ
Iroq lavn er... indz tvuma, dzer mot kisagexarvestakan esseyatip banery lurj hodvacneric bazmapatik hajox en stacvum :)
ReplyDeleteP.S. Mi qani or anyndmej xmeln el chi ognum... en el gini...