Sunday, February 20, 2011

Հավերժականի մասին

Երեխա-ծնող հարաբերությունները սովորաբար շատ բարդ են ու խճճված, իսկ կոնֆլիկտների մեղավորին գտնելը շատ դժվար է: Ծնողն ուզում է, որ լավ լինի, բայց նրա կամեցած լավը հաճախ երեխայի համար անհասկանալի է ու անընդունելի:

Տասնչորս տարեկան երեխայի համար լավը սովորելն է, լավ գնահատականներ ունենալը, գիտելիքներ ստանալը, կիրթ ու զարգացած մեծանալը, որ լավ մասնագետ դառնա, բայց կարող ես բացատրել երեխային, որ աչքերը փակի ու չտեսնի, որ ճիշտ է` քաջ նազարի երկիր է, անգրագետը բիզնես ունի, տուն է պահում, լավ է պահում, բայց այսպես չի մնա, լավ մասնագետը երբեք չի կորի. երեխային չես համոզի: Նրա համար լավ է համակարգչի առաջ նստելը, одноклассники մտնելը, ընկերների հետ skype-ով գյալաջի անելը, youtube-ով H.T. Hayko-ին նայելը:

Հետևում ես կոնֆլիկտին:

Ծնողը բացատրում է, երեխան իր փաստարկներն ունի, պահանջում է, երեխան չի ենթարկվում, գոռում է, պատժում է, երեխան հակառակվում ու ավելի անկարգ բաներ է անում: Քանի որ ավելի երիտասարդ ես, հասկանում ես, որ այդպես չի կարելի, նա անձ է ու պետք է հաշվի նստել հետը, ծնողին ասում ես խոսիր հետը, նա արդեն երեխա չէ, մեծ տղա է, ու շատ հաճախ հարվածը քեզ վրա ես ընդունում: Ու քեզ համար որոշում ես, որ դու երբեք երեխայիդ հետ նման կերպ չես վարվի, որոշում ես, իսկ հաջորդ պահին արդեն վստահ չես. գուցե երեխադ այնպիսի մի բան բստրի, որ ավելի բարձր գոռաս: Ի՞նչ իմանաս…

20 տարեկան աղջկան հայրն ասում է շորդ կարճ է: Մեկը խելոք երկար շոր է հագնում, մյուսը դուրս է գալիս տանից, գոտին ծալում կարճացնում ու իր ուզած չափի շորով գնում իր ուզած վայրը: Երրորդն էլ բողոքում է, դժգոհում, պահանջում հարգել իր եսը ու ուղղություն ցույց չտալ. ինքն արդեն մեծ է: Ծնողն իր սկզբունքներն ունի, իր ճիշտը, աղջիկն` իր: Էլի միջամտում ես, աղջկան ասում դե հայրդ չի սիրում, դու էլ մի հագիր, մեծ բան չի, ասում ես ու հարվածը քեզ վրա ընդունում, այս անգամ աղջկա, ոչ թե ծնողի: Ու էլի որոշում ես, որ չես արգելի, աղջիկ է, ուզում է գեղեցիկ հագնվել, բայց էլի կասկածում ես, բա որ…

Մեզանից յուրաքանչյուրի կյանքում լինում են նման պահեր, պահեր, երբ ուզում ես ինչ-որ բան փոխել, համոզված ես, որ հենց քո ու քո երեխայի հարաբերություններն ուրիշ պիտի լինեն, բայց մեկ է կասկածում ես, բա որ…

Այսօր ծխախոտից ես հետ պահում երեխային, բացատրում ես, հասկացնում ես, պահանջում ես, պատժում ես, վաղը գուցե ավելի վատ բանից պաշտպանելու կարիք լինի, ու դու պատրաստ չես լինի, ու ինչպես մեր բոլորի ծնողներն են ասում` կիմանաս ծնողի ղադրը, կհասկանաս` ինչ դժվար է երեխա դաստիարակելը…

Հիմա ես նստած տատիկ-տատիկ դատողություններ եմ անում, իսկ երեխա ունեցող մարդիկ կարդում են իմ` գուցե դեռ շատ խակ մտքերը ու ժպտում են ներողամիտ ժպիտով, այնպիսի մի ժպիտով, որն ասում է` կիմանաս դեռ ծնող լինելն ինչ է…

Կիրակի իրիկուն, Մարիա
--

2 comments:

  1. Samvel Karabekyan04 March, 2011 13:48

    Քիչ էր մնում շփոթվեի, Мария Владимировна :) ընդամենը այն պատճառով, որ գծիկը չես դրել՝ "Երեխա - ծնող հարաբերությունները" ուզում էիր ասել, հետո հասկացա։ Թե չէ մտածում էի, Երեխա ծնող հարաբերությունները առանձնապես շատ բարդ ու խճճված չեն :)

    ReplyDelete
  2. Hovhannisyan Mary04 March, 2011 13:49

    դրեցի գծիկ :)
    Մարատը փոխել է նկարը... ինչու՞

    ReplyDelete