Դիրքը կյանքի նկատմամբ միշտ «գերազանցիկի» է եղել՝ դու աշխատում ես ինչքան կարող ես ու աշխարհը գնահատում է քեզ։ Այսպիսի գերազանցիկության մեջ «դասարանի ավագի սինդրոմ» չկա. դու ինքդ քեզ հետ ես ու վստահում ես միայն քեզ։ Աշխարհը պասիվ ընկալող է։ Ժամանակ առ ժամանակ խնդիր է առաջանում իհարկե, աշխարհը դադարում է ընկալունակ լինել, բայց թե դա հեչ։ Ամեն ինչ անցողիկ է, ներառյալ գերազանցիկությունը։
Դիրքի «լավ-վատը» չեմ քննարկում։ «Լավ-վատը» հարաբերական է, անցնում է, հետո պետք էլ չէ։
Այս ամենը պարզ ու հասարակ ապրել է։ Մի օր լավ, մի օր՝ ավելի լավ, մի օր՝ լավից էլ լավ, մինչև տեսնես ինչ է լինում։ Որպես կանոն ոչ մի բան էլ չի լինում։ «Լինել-չլինելը» անհատական գնահատման խնդիր է, որը պիտի չափես Աստված գիտի թե ինչով, ու ամենից առաջ, թե առավոտյան ինչպես ես արթնացել։ Մարդ ես, երեկոյան մի գավաթ գարեջրից հետո կարող է գլուխդ ցավում է կամ էլ իրիկունը պարզել ես, որ մարդկանց չես էլ ճանաչում։ Կյանք է, ամեն ինչ կպատահի։
Գլուխը պիտի կախել («կախգլխության» հետ կապ չունի, չնայած հենց դրանից է գալիս) ու անել այն, ինչ անում ես։ Ու չսպասել աշխարհին։ Աշխարհին իր դարդն էլ է հերիք՝ տապակվելու համար։
Լավատեսությունը, ախր, լավ բաներ գրելը կամ խոսելը կամ անընդհատ ժպտերես լինելը չէ։ Անգամ պայծառ ապագային պայծառ նայելը չէ։ Հոռետեսությունն էլ միշտ խառնված հոնքերը չեն ու այն, ինչը մյուսները «նվնվոց» են անվանում։
Իսկ աշխարհը հասկանալ փորձելը երբեք չպիտի դադարեցնել, հակառակ դեպքում՝ աշխարհը կգնա, ու այդպես էլ չես իմանա, թե ինչու էիր այստեղ։
Երեքշաբթի, Մարատ
--
No comments:
Post a Comment