Friday, August 23, 2013

իմմեր ամ բալլ բլայբեն

Մի պրոֆ ունեի (հիմա էլ ունեմ՝ դե իր մոտ էի սովորում), ամերիկացի էր ու լրիվ արաբագետ, չնայած արաբագետներից մի բանով հստակ տարբերվում էր. շատ էր գրում, անընդհատ գրում էր։ Արաբագետները գրել չեն սիրում։ Խոսել ու գյալաջի անել՝ ինչքան ուզես։ Բայց հենց հերթը հասնում է գրելու... Իսկ նա գրում էր։

Ամեն ինչ չափում էր գրելու վրա ծախսվող ժամանակով։ Չնայած մեկ-մեկ էլ գյալաջի էր անում։ Մեկ-մեկը բառացի պիտի հասկանալ՝ տարին մեկ կամ երկու անգամ։ Չնայած վերջերս փոխվել էր, մեծացել էր երևի։ Չէի ասի՝ տխրել էր մի տեսակ (մի տեսակ տխրելը երևի միայն մեզ է բնորոշ), բայց անընդհատ խոսել էր ուզում։ Ինչ-որ բան էր փոխվել, հասկացել էր, որ գրելը՝ հէչ, եթե կարդացող չունի, եթե աշակերտ չունի, եթե ուսանող չունի, ի վերջո՝ եթե հետը սուրճ խմող չունի։

Բայց թե՝ գրում էր ու գրում։ Հիմա էլ երևի գրում է, խաբար չեմ։ Հաստատ Աֆրիկայում կլինի՝ Չադ կամ Սուդան կամ Նիգերիա։

Նախավերջին անգամ, որ տեսա նրան (հեծանիվով էր, պատահական հանդիպեցինք), իջավ, նայեց-նայեց (խոսալուց ուժեղ չէր, գերմաներեն էր խոսում ու այպես էլ չէր հաշտվում այս լեզվի հետ), ժպտաց, հարցրեց՝ տուն (Հայաստան) ես գնում, ասի՝ հա, բա թե՝ լավ է լինելու, ինչ արել ես՝ չթողնես, հեշտ չի լինելու, կարևորը՝ միշտ գնդակի մոտ մնա, ինչպես ֆուտբոլում (իմմեր ամ բալլ բլայբեն)։ Մինչև հիմա հիշում եմ։

Վերջին անգամ՝ է՛լ լավատես չէր։ Ասեց՝ ընկճվել ես։ Ասի՝ արի մեր մոտ մի երկու շաբաթով։ Ասեց՝ դատարկ տեղը չեմ գա, կոնֆերանս-բան՝ կգամ, թե չէ... Գրում էր։

Չգիտեմ հիմա ինչ է անում։ Գրում է երևի։ Չնայած գիտեր՝ կարդացող չունի։ Ու մի բան էլ ասեց՝ հիմա նոր-նոր եմ սկսում հասկանալ (արաբագիտությունը նկատի ուներ)։ Պրոֆը գրել սկսել է 1980-ականներից ու այնքան, որ ոչ-ոք այդքան չի գրել։ Ու նոր է սկսում հասկանալ։

Ինչի եմ գրում։

Գնդակի մոտ երկար մնալ չհաջողվեց։ Մի տարուց արդեն փոխարինողների նստարանին էի։ Եվս մի տարուց՝ հանդիսատեսի։ Եվս մի տարուց՝ արդեն մոտերքում։ Հիմա՝ ոչ մի տեղ։ Գնդակ պետք էլ չէ։ Ոչինչ պետք չէ։

Ինչի՞ համար էր այդ ամենը։ Ո՞ւմ էր պետք (Աշոտյանի հայտարարություններին չհավատաք)։ Ազնիվ է պետք լինել. նախ ինքն իր հետ։ Պատրանքներում ապրել պետք չէ։

Մտածում էի՝ ափսոս էին տարիները։ Չնայած ափսոս չեն։ Մարդիկ էին։ Գիտելիք։ Կապեր։ Ու արաբագետի էթնոսին պատկանելու զգացում։ Արաբագետ լինելը մինչև վերջ կմնա։ Պրոֆի հետ սուրճն էլ կմնա։ Իսկ մնացածը (նրա գրածները ներառյալ) ...

Մարատ, ուրբաթ
-- 

No comments:

Post a Comment