Monday, July 29, 2013

Մինչև տեսնենք ինչ ենք անում

Վերջերս ՀՀ դատախազությունը նշեց 95-ամյակը։ Մինչ այդ Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) էր։ Սա նշանակում է, որ գոնե երկու այս գերատեսչությունները իրենց նվազագույնը 1918-ից են իմաստավորում։ Լավ է, թե վատ՝ այլ խնդիր է, բայց ամյակները միանշանակ չէին ընդունվել շատերի կողմից։

«Սա նշանակում է, որ սրանք ուղղակիորեն սերում են Ձերժինսկիից ու Տրոցկուց և ոչ մի կապ 91թ. անկախության հռչակման հետ ՉՈՒՆԵՆ։ Փաստորեն Հայաստանի 95-ամյակը շուտով կնշենք». ֆեյսբուքյան (թող թույլ տրվի՝ անանուն) այս գրառումը հանրային որոշակի տրամադրություններ է կրում։

2009-ին ԵՊՀ-ն էր նշում իր հիմնադրման 90-ամյակը (1919թ.)։ Տրամադրությունները նույնը չէին, ավելի շուտ կոնյակային էին՝ ինչքան հին, այնքան լավ։

Այստեղ խնդիր կա, ժառանգականության ու պատմության հատվածական՝ ընդհատ ընկալման հետ։ Նաև պետությունը հասկանալու, իմաստավորելու խնդիր կա։ Ի դեպ, նույն շարքից են հայկական հազարամյակների գենի մասին պատմությունները կամ Նավասարդը Գառնիում նշելու փորձերը։

Բանն այն չէ, որ թե՛ դատախազությունը, թե՛ ԱԱԾ-ն դեռ սովետական տրամաբանության տարիներով են գործում (իհարկե, սա լավագույն դեպքում)։ Նրանք որոշակի ավանդույթների կրող են, որոնք վաղուց արդեն աղերսներ չունեն իրականության հետ, ահա որտեղից բացասական ընկալումը։ Իսկ ժառանգականության առումով նրան շատ ավելի լավ դիրքերում են. գոնե գիտեն, որտեղից են սերում, ինչ են շարունակում։

Խնդիրը ոչ այնքան լավի ու վատի միջև է, որքան անցյալը գնահատելու ու գնահատական տալու մեջ։ Նույնը, ինչքան էլ տարօրինակ թվա, կա նաև 1915-ի, կամ շատ ավելի լայն՝ 19-րդ դարավերջի ու 20-ի առաջին կեսը հասկանալու առումով։ 1915-ը դեռ բռնաբարված տատեր են, սպանված պապեր, գաղթականներ, մորթված հայեր ու Արաքսի փրկարար արևելյան ափը։ Մինչ այդ՝ օրհնվի էն սհաթը, ավելի վաղ՝ Տիզբոնում խաբված հայ թագավորներ։ Ահա պատմությունները, որոնք դեռ դպրոցական դասագրքերում են պատմվում։ Նշանակում է՝ մի քանի սերունդ էլ ենք բաց թողնելու իրականությանը ավելի իրական նայելու հնարավորությունը։ Ու այս ամենի մեջ ինչո՞ւ ենք 1991-ը փորձում ջրբաժան տեսնել, ամեն ինչ չափել 1991-ով։ 1991-ը աշխարհի սկիզբը չէր, հատկապես, երբ նոր չես այս աշխարհում։

Ամենացայտունը այստեղ քաղաքներն են ու ճարտարապետությունը։ Գյումրին շատ ավելի է հին քաղաք, քան Երևանը։ Երևանը պատմություն չունի։ Քանի հազարամյա ուզում է լինի՝ չունի։ Ուրարտական Դալմայի այգիներում այսօր առևտրի կենտրոն է ու շուտով մայրուղի։ Պատմություն պատմող շենքերի, բակերի, մայթերի, մեկը մյուսի հետևից ասֆալտապատվող սալահատակ փողոցների մասին էլ չասեմ։ Ու մենք, բոլորս միասին, ջնջել ու ջնջում ենք պատմությունը։ Ոչ ոք իրեն ժառանգորդ չի զգում։ Ոչինչ ոչ մեկինը չէ (սեփականության մասին չէ խոսքը)։ Խնդիրն անգամ իշխանությունները չեն։ Ի՞նչ է, իշխանությունները երկնքից են ընկել, իշխանավորները ընտանիքներում չեն դաստիարակվել, ոմանք անգամ այլախոհների... Մի՞թե սա էր իրական հայկական այլախության դեմքը...

Նույնը արձանների մասով։ Մի՞թե Ղուկաս Ղուկասյանին Վիկտոր Համբարձումյանով փոխելով ավելի հայրենասեր ենք դառնում ու անկախությունն ավելի ենք գնահատում։ Իսկ Փարպեցու փողոցում հազիվ թե Փարպեցին է ապրել, Կողբացին էլ՝ Կողբացու, չնայած Պուշկինն էլ այս կողմերում չի եղել։ Այդ դեպքում Գրիբոյեդովն ի՞նչն է անում Երևանում։ Չէ, չնայած նա «սովետից» չէր։

1700 տարուց ավելի է, քրիստոնյա ենք, եկեղեցի ունենք։ Ձեր տանը լսվո՞ւմ է մոտակա եկեղեցու զանգերի ձայնը, քաղաքի վրա իշխո՞ւմ են զանգերը։ Քրիստոնեությունն է՞լ ինչպես է լինում...

Հեղափոխություն ենք ուզում։ Հեղափոխությունն ամեն վայրկյան է ու ամեն քայլի։ Ամենահեղափոխականներն էլ դեռ իշխանություններն են, որովհետև ամենամրցունակն են նրանք այսօր։ Ափսոս միայն, որ կարճ են մտածում, մի կյանքի չափով, լավագույն դեպքում՝ իրենց երեխաների կյանքի չափով։ Այն էլ այն կյանքի, երբ իրենք են ողջ...

Երկուշաբթի, Մարատ
--

No comments:

Post a Comment