Saturday, July 13, 2013

Յավրումները շատ են հանգիստ

Գնում ես առանց աջուձախ անելու, գնում ու գնում ու գիտես, որ տեմպն այլանդակ է, բայց ոչինչ կարևոր չէ։

Ասենք՝ արևելագիտություն, Եգիպտոս, մագիստրոս, ընտանիք-Լիլիթ, Սոնա, Գերմանիա, Դավիթ, Dr. phil, Հայաստան-ԵՊՀ, «Կապիտալ», Գերմանական համալսարան, «Սիվիլիթաս» ու հիմա «Յավրուհրատ»։

Արևելագիտություն-Եգիպտոս-մագիստրոս՝ թվում էր, հենց ավարտեմ, նախագահ եմ դառնալու՝ նվազագույնը։) Բայց ճանապարհ էր ու ուսուցիչ՝ Ս.Բ.։

Գերմանիա՝ Հովն ու Դավիթ ու Dr. phil ու հիմա՝ նոստալգիա։ Ու այն, ինչ կամ հիմա ես՝ բարդ ու բարդ։

Հայաստան-ԵՊՀ՝ վերադառնալը երևի թե իզուր էր ու է, բայց թե անցածն անցած է։ Բան դուրս չեկավ սրանից, չնայած բարեկամություն մագիստրոսների հետ, մագիստրոսական երկու ծրագիր ու համալսարանական մագիստրոսական ծրագրերի կաղապարը՝ շնորհիվ Ս.Բ.-ի։ Չնայած հետո պարզվեց՝ «մրցունակ» չէր այս ամենը։ Մահամերձ է ու հոգեվարքի մեջ ու խռխռում է։

«Կապիտալում» երկար էր ու բարդ, բայց տուն ունեցանք, ու հետո պարզվեց ու հարթվեց ու մնաց միայն բարի հուշը ու «Կապիտալի» դիզայնը ու հայերեն խմբագրելը։ Կորեց ոգևորությունը, կորցրեցի (չ)ունեցած ընկերներին, եկան նորերը։ Առաջին անգամ հոգնեցի, շատ։

Գերմանական՝ իմ հանդիպած ամենաբարի ու ամենաիմաստուն պրն Սարոյանը։ Այնքա՜ն նման ենք ու լավ է։ Ափսոս չէր ստացվելու, անկախ ջանքերից։ Ափսոս քիչ եմ զրուցում պրն Սարոյանի հետ հիմա։ Պիտի ճամփա գնալ նրա հետ։

«Սիվիլիթաս»՝ «Օրակարգ» ու սկիզբ՝ նորից, ու ընթացք, ու սկիզբ՝ նորից, ու փորձ, միգուցե ճանապարհ։

«Յավրուհրատ»՝ ահա թե ինչի համար եմ գրում այս ամենը։ Տարին անցավ, 50 էլեկտրոնային գիրք, անվճար ու վճարովի ու այդքան փնտրվող իմաստ՝ յաշիկը ու երրորդ երեխան ու մեր բոլորի առողջությունը չհաշված։ Ու մարդիկ՝ տարբեր-տարբեր։ Գլխավորը՝ գրքեր, ափսոս ընտանիքի հաշվին, չնայած՝ փախուստ՝ անգամ ինքս ինձանից։ Ու մտորումներ, մտորումներ, մտորումներ։

Պապս չկա։ Հիմա եմ հարգում նրա համբերությունը։ Իմաստուն էր՝ առօրյա պարզ ու հասարակ գյուղական չարքաշ ու անկին տուն մեծացնող կյանքից եկած իմաստությամբ։ Ամբողջ իմաստությունը համբերության մեջ էր։ Տխուր էր միշտ, միշտ ծխելով եմ հիշում։ Չէր կատակում, պատմություններ էր պատմում։ Վերջում, ավելի շուտ երբ ես ավելի հասուն էի, շատ ավելի տխուր էր։ Նրա համար էլ էր երևի անիմաստ։ Ինչպես և քրոջ։

Չգիտեմ, ինչ-որ շատ է «տնտեսություն, շահույթ, մրցունակ»-ը խառնում կյանքը։ Չի թողնում ապրել մի տեսակ։ Երբեմն շատ եմ ափսոսում, որ բանակ չեմ գնացել։ Չնայած բանակը հազիվ թե ուղղեր։ Յավրումները շատ են հանգիստ, հույսը ժամանակի վրա են դնում, ու գիտեն, քչերն են երկար-երկար մտածում։

Շաբաթ, Մարատ

Պապս։

--

No comments:

Post a Comment