Երբ հնարավորություն ընձեռվեց Մոնթե Մելքոնյանի այրուն՝ Սեդա Մելքոնյանին հարց ուղղել, երկար էի մտածում, արդյոք պետք է հարցնել։ Չհարցրեցի։ Մտածեցի՝ կվիրավորեմ նրանց։ Իսկ պիտի հարցնեի՝ ի՞նչ է կարծում, սա այն էր, ինչ ուզում էր Մոնթեն։ Ինչ կասեր Մոնթեն, եթե տեսներ այն, ինչ կա այսօր, ինչով զբաղված են այսօր շատերը, որոնց հետ նա կողք կողքի էր։ Մտածում էի հարցնել՝ արդյոք կկռվեր, եթե իմանար, ինչ կլինի հետո (հարցը հիմար թվաց այդ պահին, հիմա էլ է հիմար թվում)։ Չնայած Սեդա Մելքոնյանը այս կամ այն չափով պատասխանեց բոլոր այս հարցերին, կարող եք նայել այստեղ։
Զուտ երեխայական հետաքրքրասիրություն էր, տեսնել, թե ինչպես են մյուսները գնահատում իրենց անցած ճամփան, ինչով են չափում այդ գնահատականները։ Կապրեին նույն կյանքը, եթե նորից ապրելու հնարավորություն տրվեր նրանց։
Պարզ հարցեր են սրանք, նույնիսկ՝ պարզունակ։ Արժե՞ քո ու ուրիշների ձեռքով կառուցել տունը, որը հետո քո իսկ ձեռքով ավերելու ես։ Ավերելու ես դանդաղ, հետևողականորեն։ Ու քեզ թվալու է, թե տունը միայն քոնն է, դու կռվել ես, ուրեմն իրավունք ունես, շատ իրավունքներ ունես...
Երբ հերթը հասնում է բացատրություններին, արդարացնել կարելի է ամեն ինչ։ Մատնությունն էլ կարելի է արդարացնել։ Եթե անգամ ինքդ քեզ ես մատնել։ Մատնել ես՝ հանուն քեզ։
Սերունդը, որը իմ ու իմ երեխաների համար որոշում կայացնելու ու արժանապատիվ ապրելու իրավունք (ոմանք սա անկախություն են ավանում) պահանջեց ու ձեռք բերեց, այսօր մատնում է իրեն։ Ժառանգել չի ուզում։ Ոմանք հոգնեցին (ափսոս), մյուսները հաջողություն մաղթեցին ու գնացին, մնացին նրանք, որոնք պատրաստ են մատնել իրենց։ Ու հիմնավորել իմ շահով, իմ երեխայի շահով, չմոռանալով, իհարկե, ազգի շահը։
Այս ամենը, իհարկե, «նվնվոց» է՝ վերլուծություն չէ, հաղթողի տրամաբանություն չէ, մրցակցային առավելություն չէ, մրցունակություն չէ, մանր քաղաքական ժուլիկություն չէ, ի վերջո՝ հայրենասիրություն չէ, հատկապես, երբ աջուձախ տնտեսական ճգնաժամ է մոլեգնում, մյուսներն էլ հա՛ քնում, հա՛ արթնանում, հա՛ մտածում են ինչպես են քեզանից քո Ղարաբաղը խլելու։ Էլ բան ու գործ, դարդ ու ցավ չունեն, միակ «մախաթը» Ղարաբաղն է։ Ու դու էլ հա՛ քնում, հա՛ արթնանում, հա՛ մտածում ես ազգային անվտանգության մասին՝ թուրքը մի կողմից, ադրբեջանցիները՝ մյուս, վրացիները՝ մարդ դուրս չեկան, իրանցիները՝ պարզ չէ, Ռուսաստանն էլ չի ուզում ձեռքը քո վրայից վերցնել, Եվրոպան էլ դեռ լեռները բարձրացող նավեր չի հնարել... Իսկ դու՝ հա՛ քնում ես, հա՛ արթնանում, հա՛ մտածում... տեսնես մտածո՞ւմ ես արդյոք։ Հազիվ թե մտածելով այսքան ապրեինք։ Ուրեմն չմտածելը մեր մրցակցային առավելությունն է։ Իսկ համաշխարհային տնտեսական բարդ պայմաններում մրցակցային առավելություն ունենալը լավ բան է, որովհետև դու չես մտածում, բայց հա՛ քնում ես, հա՛ արթնանում ես, իսկ Ղարաբաղը դեռ քոնն է ու քոնը...
Ցինիզմ։ Դե ուրիշ բան չկա, մի քիչ ցինիզմով յոլա գնանք, հետո կերևա։
Մարատ, ուրբաթ, իրիկուն
No comments:
Post a Comment