Friday, May 31, 2013

Գաղջոտները

Ֆորումներից մեկում, որտեղ քննարկվում էր՝ Հեմինգուեյ կարդալ, թե Ռեմարկ, ահա թե ինչ հանդիպեցի. «Գնա Ռեմարկ կարդա, երևի իրա մեջ էն ա դուրդ եկել, որ երկու էջը մեկ զռոցը գցում ա, փսլինքներն էլ կախում, իսկ Հեմինգուեյին կհասկանաս տարիքի հետ («Ծերունին և ծովը» նկատի ուներ – Մ.Յ.)»։ Իհարկե, պետք էր կողքով անցնել, եթե միայն չլինեին «զռոցն» ու «փսլինքը»։ Ու շրջապատում անընդհատ չհնչեր՝ «նվնվոց», «հոռետես/վատատես», «անհաջողակ», «մրցունակ չէ» որակումները բոլոր նրանց նկատմամբ, ովքեր իրականությունը «գաղջոտ» են տեսնում կամ երբեմն ընկնում «մաղձի» մեջ։ Ու ցավ պատճառելու չափ իրականության արտացոլանքը չվթար։

Խնդիրը, պարզ է, Հեմինգուեյն ու Ռեմարկը չեն։ Նրանք, նվազագույնը, տարբեր են, սրանով իսկ համեմատության թեման սպառված է։ Խնդիրն անգամ հանդուրժողականությունը, ավելի շուտ անհանդուրժողականությունը չէ, որը կար այդ գրառումում։ Ավելի շուտ Հեմինգուեյի ու Ռեմարկի ընկալումն է, այն տրամադրության ընկալումը, որը նրանք են բերում իրենց հետ։

Իսկ ընկալումը պարզունակ է՝ մինչև վերջին շունչը մաքառող ծերունի (նրա մասին հոգ տանող տղան բոլորովին չի տեղավորվում այդ պատկերացման մեջ) ու կյանքի իմաստ փնտրող նախկին զինվորներ՝ պատերազմից հետո։

Պարզունակությունն էլ դեռ մի կողմ։ Ինձ ավելի շուտ արհամարհանքը զայրացրեց (զայրանալը սուբյեկտիվ է, բայց ավելի չեզոք բառ չեմ գտնում)։ Արհամարհանքը ապրելու համար ինչ-որ բան փնտրողների նկատմամբ (ծերունին, իհարկե, նույնպես նույն խնդիրը ուներ, բայց թե վերոնշյալ տողերի հեղինակը դա բաց էր թողել)։

Համագոյակցության խնդիր կա պարզ երկու այդ տողերի մեջ։ Ի դեպ, «գաղջի» մեջ էլ կա նույն այդ խնդիրը։ Կգրեի մարդկային տեսակների համագոյակցության, բայց մի տեսակ ամպագոռգոռ ու արհեստական է հնչում ու այն չէ։ Ավելի շուտ նվազագույն, տարրական, «առօրեական», պարզ ու անկեղծ հարգանքի խնդիր է։

Գաղջոտները, պարզվում է, խանգարում են ապրել։ Ավելին՝ զռռում են, նվնվում են, նրանցից փսլինք է հոսում, հոռետես են, չեն հասցնում, մրցունակ չեն, մի տեսակ տխուր են (Րաֆֆին չէ, Րաֆֆին իրավատեր էր ու հէչ էլ տխուր չէր, պարզվեց), մյուսների տոնն են խանգարում. մնում է միայն՝ ապրում են որ ի՞նչ անեն...

Մարատ, ուրբաթ
--

No comments:

Post a Comment