Միանգամից սկսեմ՝ կառավարության գործունեության նոր ծրագրի ԱԺ-ում քննարկման, պատգամավորների ելույթների ու հաստատման ֆոնի վրա, հաշվի առնելով նաև կարկտահարությունը Արմավիրում, Լյուքս Ստեփանյանի սպանությունն ու հաջորդած իրադարձությունները, մասնավորապես՝ զինվորական ոստիկանության աշխատակիցների պահվածքը։
Այս ամենը տպավորություն է ստեղծում, որ երկրում «սոցիալական բունտ» է հասունանում։ «Բունտի» սպասել պետք չէ։ Այն միգուցե հասունանում է, բայց չի լինելու։ Պնդումը բացարձակ է, ծայրահեղ ու այսքանով՝ խոցելի, ինչպես և բացարձակ ամեն ինչ։
Բունտը միտք է պահանջում՝ գաղափար չասելու համար։ Այն նաև տեքստ է պահանջում, որն ամփոփում է հասարակությունում այս կամ պատճառով տվյալ պահին ինչ-որ շահերից դրդված ակտիվ հատվածի ցանկությունները։ Հատվածը կլան չէ, շահերը թալան չէ, ակտիվությունը դերասանություն չէ, ցանկությունները՝ երախայական կամակոր ուզել չէ։ Տեքստն էլ՝ երբեմն միայն օդում է պտտվում։
ԱԺ-ում չկար այս ամենը, ինչքան էլ Վահան Հովհաննիսյանի ելույթը մեծ խանդավառություն առաջացներ գոնե ֆեյսբուքահայության շրջանում։ Այն նույնքան բացարձակ էր, որքան Գալուստ Սահակյանինը, Արմեն Աշոտյանինը կամ Էդուարդ Շարմազանովինը։ Դրանով իսկ՝ նույն հարթությունում ու նույնքան անտարբեր ժողովրդի դարդ ու ցավից (եթե այդպիսին, իհարկե, կա)։ Ու իզուր չէր, որ Գրիգորիչը հակադարձում էր ընկեր Վահանին, թե «դուք ինչ կլինեիք, եթե նախագահը չլիներ...»։ Այս առումով ամեն ինչ հարթ էր ու տրամաբանված, իր տեղում։ Ավելորդ հույսերի ակնկալիք չկա անգամ։
Արմավիրում չգիտեմ ինչ կլինի, ամեն դեպքում՝ ոչ մի բան էլ չի լինի։ Մի մասը բախտը այլ վայրում կորոնի, մյուսը՝ բախտն ու կարկուտը կանիծի, երրորդը մի քիչ ճանապարհ կփակի, ու բոլորով գլխահակ կգնան՝ ամեն մեկը իր գլուխը քորելու, ինչպես ժողովրդական իմաստությունն է իմպերատիվ պահանջում։
Լյուքս Ստեփանյանի սպանության շուրջ. այն հուսահատության ճիչ էր։ Սարսռեցնող։ Բայց այն ճիչ էլ կմնա։ Ցավոք, կմոռացվի ու կմնա հերթական ընտանիքի հերթական ծանր ցավը։ Ծնողների հոգին ամեն օր կրծող ու անհասկանալի ցավ։ Գիտեք ինչո՞ւ։ Որովհետև դեպի Երևան նրանց ճանապարհին ոստիկաններն էին՝ մարդիկ, հասարակ, մեզանից յուրաքանչյուրի պես պարզ մարդիկ, որոնք պատրաստ էին շուռ տալու դին՝ միայն թե Երևանի ճանապարհը փակ մնար։ Մարդիկ էին, որոնք անմասն էին ցավից, որովհետև Լյուքս Ստեփանյանը իրենց որդին չէր, իրենց հարազատը չէր, ցավը իրենցը չէր։ Մյուսներինն էր, բոլորին էր, չգիտես ումն էր, գլխավորը՝ իրենցը չէր։
Ու այսպես ամենուր, տարիներ շարունակ։ Ցավը չի միավորում, բողոքը չի միավորում, վաղուց արդեն ապրելը չի միավորում, երկիրը ոչ միայն երկիր չէ, այլև տրվել է կարճաժամկետ՝ մի պաշտոնի չափով, սպառման կամ թալանի։ Ոչ մի բան ընդհանուր չէ, անգամ պատմությունն ու հիշողությունն է ընդհատված ու հատվածական։ Առաջին հանրապետությունը չգիտես ինչու դաշնակներինն է (ոչ անգամ դաշնակցականներինը), երկրորդը կոմունիստական էր ու Մոսկվայինը, երրորդը չգիտես էլ ումն է, թեև սկզբում այն ՀՀՇ-ինն էր, հետո ղարաբաղցիներինը, հիմա՝ աստված գիտի ումը, հետո... (խտրականության քարոզ չկա այս տողերի մեջ, միայն առողջ ցինիզմ)։ Ու ոչ մեկը մյուսի ժառանգորդը չէ, անջատ է, ասես վերցրել ու հանկարծ չգիտես որտեղից հայտնվել է՝ հո՛պ, ես հանրապետություն եմ։
Վերջում, հիմար հռետորական՝ տեսնես ի՜նչ է լինելու այս ամենի վերջը։
Մարատ, ուրբաթ
--
No comments:
Post a Comment