Քայլում էր՝ անմիտ, անմիտ։ Բոլորն էին քայլում։ Նայում էր դեմքներին։ Աչքերի մեջ նայել չէր ստացվում։ Իր աչքերը չէին բարձրանում։ Մյուսներինն էլ չգիտես թե ուր էին նայում։ Դեմքերը շատ էին։ Միատեսակ։ Կամ էլ ինքը չէր տարբերում ու բոլորը նույնն էին թվում։
Չգիտեր ինչի համար էր այս ամենը։ Ոչինչի համար էլ չէր։ Ինքն իր համար էր։ Ինչին էր պետք։ Ում ինչին էր պետք։ Ում էր պետք։
Հայացք էր փնտրում։ Հեռու-հեռու՝ որ չվերջանար մի քայլ այն կողմ։ Որ աչքերը չզորեին հեռուն ու անզորությունից թացանային, ջուր գնար։
Միտքն էլ կգնար հայացքի հետ։ Կգնար, կգնար ու կկորեր հեռուների մեջ։ Չէր փակվի իր մեջ, չէր կկոծվի, չէր խեղճանա ու ինքն իրեն չէր կորցնի։ Կգնար, տեղ կգտներ հոսելու։
Կորցրել էր մյուսներին։ Կորցրել էր երեխայի անփութությամբ։ Խաղացել էր, խաղով ընկել ու մոռացել։ Չէր հիշում երբ ու ուր է թողել։ Չէր էլ հիշում, որ ունեցել է՝ եղել են մյուսներ։ Հիշո՞ւմ էր, չէր հիշում՝ գլուխ չէր հանում։ Մշուշ էին մյուսները։ Խաղն էր միայն մնացել ու թվում էր՝ միշտ է մնալու։
Պատուհան էր թվում շուրջը։ Թվում էր ապակուց է նայում։ Փաթաթվել է ապակիներով ու իրական չէր թվում ոչ մի բան։ Խաղ էր թվում, որից վաղուց է դուրս մնացել։
Մարատ, կիրակի
No comments:
Post a Comment