Ուրբաթ, չնայած ոչ իրիկուն, կեսօրին մոտ, արևոտ, ու չարացած ու բարկացած, բայց նաև չարությունն ու բարկությունը նստացրած, չհանդարտված, բայց խախանդին մոտ, անորոշ, իր լավն ու բարին կորցրած ու փնտրել ցանկացող ու ձգտող, իմաստազուրկ, անգամ բովանդակազուրկ, խառը՝ պատուհանից մեկ-մեկ դուրս նայող։
Հակադիր ու հակադարձ այսպիսի վիճակ, չգիտեմ, միգուցե և մի հինգ-վեց տարի առաջ էր, բայց թե հանգուցալուծումը տեսանելի էր, գիտեի, կամ/կամ էր։ Հիմա ոչ մի բան չէ, ոչ մի բան, չնայած էլի կամ/կամ է, բայց հանգուցալուծումը չկա, չի էլ երևում։
Չնայած հանգուցալուծում չէ, սկիզբ է, վախենում ես, զգուշանում, չնայած չես վախենում, միայն զգուշանում ես, բա որ մի բան հանկարծ ... այս տրամաբանությամբ, ոչ ռիսկային ու զգուշավոր տրամաբանությամբ։
Իհարկե, չգիտես, չես էլ կարող իմանալ, պետք էլ չէ իմանալ, բայց, դրա հետ մեկտեղ, բայց ... կանխատեսելի՞, իհարկե, դա էլ է միայն ցանկությունների ոլորտից, բայց ... հետևողակա՞ն. վերջերս մարկետինգային գուրուներից մեկը, ով Yahoo!-ն սատկացրեց, պնդում էր, թե «հետևողական»-ը հին է, հին մտածելակերպ, հին վարվելակերպ, հին, արդիական չէ, պետք չէ դրանով ապրել, հրաժարվել դրանից, անընդհատ փոխել, շարժվել, տեղափոխվել։
Իհարկե, իրականության համար էր պնդում, որը շատ հեռու է մերը լինելուց, բայց որը կարող է մերը դառնալ, եթե մենք ստեղծենք այդ իրականությունը։ Կուզե՞նք կամ կուզենա՞նք ստեղծել այդպիսի իրականությունը։ Ինչպեսը կգտնվի, ինչպեսը թերևս ամենահեշտն է, ինչքան էլ այն բարդ ու դժվարին թվա։
Կարծում եմ, չենք ուզում, ամեն մեկը կորցնելու ինչ որ բան ունի։ Ամենավերջում՝ սթափությունը, քաջությունը, խիզախությունը կորցնելու վախ։
Ի՞նչ կտա փոխելը, պե՞տք է արդյոք փոխել։ Դե երևի, եթե այդ բառը կա։
Որտեղ ու ինչը փոխել։ Շրջապատը՝ ամենահեշտ պատասխանն ու տարբերակն է։ Բայց ամենադժվար փոխելին։ Ավելի հեշտ է չշրջապատը, ընդհանուրը փոխել, հետո շրջապատն ինքն իրեն կփոխվի։ Շրջապատը կոնկրետ մարդիկ են, սոցիալական կապեր ու պարտավորություններ ու փոխհարգանք ու և այլն և այլն։ Շրջապատից հեռու։ Ուրիշ բան փոխեք։
Սեփական օրինակո՞վ։ Բարդ է, շատ բարդ։ Կամք է պետք, անկոտրում, շատ անկոտրում։ Հետո ջանք ու եռանք, շատ ավելի շատ, քան կամքը։ Ու հետո հավատ է պետք, նախորդ երկուսից էլ շատ։ Հավատ, որ պետք է, որ պիտի, որ տեղին է, որ ժամանակին է։ Ունե՞ք այսքանը։ Հետո ցանկություն՝ անելու, անելու, անելու ... ու չնայելու, ոչ ոքի չնայելու, որովհետև ընտրել ես այն, ինչ ընտրել ես։
Հետադարձ կա՞պ։ Միգուցե պետք էլ չէ, հետադարձ կապը պարտավորություններ են, պարտավորություններ, էլի սոցիալական կապեր ու էլի շրջապատ։
Մե՞ծ է հնարավորությունը, որ կհայտնվես ինչ-որ մի տեղում, ուր չէիր ուզո՞ւմ։ Իհարկե մե՛ծ է, սա էլ ռիսկն է, ներդրման քո ունակությունը, քո կապիտալը։
Գրելը հեշտ է, ամենահեշտը, ինչ կա այս պահին։ Պատուհանից կտրվում ես, կտրվում ես իրականությունից ու թաղվում ինչ-որ մի տեղ, որտեղ պարպում ես այն, ինչ ունես այդ պահին։ Իմաստով պարպո՞ւմ ...
Սպասել, վռազել, ինչպես հաշվել ու հաշվարկել հարաբերակցությունը ժամանակի հետ։ Միգուցե պետք չէ ժամանակային առանցքի մեջ դիտել։ Միգուցե, չգիտեմ։
Ի՞նչ եմ ուզում։ Ո՞վ գիտի, միգուցե հուշե՞ք։ Հուշե՛ք խնդրեմ։
Մարատ
Հ.Գ. Զրույցից ու Ուստազի սաստումից հետո չեմ կարողանում տեղս գտնել, չեմ կարողանում։ Ուստազի՞ց, սաստումի՞ց։ Միգուցե ճի՞շտ էր Ուստազը, չգիտեմ, ամեն դեպքում, Ուստազը նա է ... Իսկ Ուստազն ասում էր՝ ջահել եք, մի քիչ էլ սպասեք։
--
No comments:
Post a Comment