Tuesday, May 10, 2011

Միևնույն է, թե ...

Ինչ-որ մեկը կարող է գիտե, դեպի ուր է գնում այս կամ մեր երկիրը, տեղյակ պահեք խնդրում եմ, ասեք, միգուցե ճանապարհը ես եմ կորցրել, ես փոխեմ ճանապարհը, ես էլ ձեր հետ գամ, կարևոր չէ, թե ուր, գլխավորը կգամ, դադարից գոնե դուրս կգամ, մնացածն էլ կարևոր չէ, սար ու ձորով էլ է հնարավոր քայլել, նույնիսկ հաճելի է ու օգտակար: Չես հասկանում, «վռոդի բը» վատ չէ, աշխատանք, ընտանիք, առողջ, փառք Աստուծո ու թու թու ու թու, ընկերներ, հարազատներ, բայց թե ախմախ վիճակ է, ուրիշ բառ չի լինում գտնել ավելի ճշգրիտ նկարագրելու համար:


Այս հատվածից հետո դադար տվեցի ու մտածում էի, շաբաթը անցավ, իսկ ոչ մի բան չեմ գրել, ոչ թե ցանկություն կամ միտք չկար, այլ ժամանակ: Իրավիճակը, առօրյան կտրուկ փոխվել է կամ փոխվում է, դրա հետ մեկտեղ նաև տրամադրությունը կամ տրամադրությունները: Ամեն դեպքում, առաջին պարբերության ցասումը այս պահին չկա, ժամանակը բթացնում է, չի բուժում, հաստատ:

Հետո այս ընթացքում հանդիպեցի «հին» բարեկամիս հետ, ում հետ չնայած դժվար (:)), բայց մեկ ընդհանուր լեզվով ենք խոսում, հետո զրուցեցինք մեկ բաժակ սուրճի շուրջ, որն այդպես էլ չխմեցինք, հետո խելք-խելքի ու միտք-մտքի տվեցինք, հետո պայմանավորվեցինք էլի հանդիպել, հետո դրանից հետո կարծես թեթևացած դուրս եկա սրճարանից որ միգուցե այնպիսին չէ երկիրը, ինչպիսին նկարագրում էի առաջին պարբերությունում, միգուցե, ինչ իմանամ :(

Հետո էլի մտածեցի, որ ամեն ինչ ընկալման խնդիր է, աշխարհը, ամեն դեպքում, անտրոպոցենտրիկ է (մարդակենտրոն), լեզուն այդ ցենտրիկ-ությունն արտացոլելու հիանալի գործիք:

Հետո մի հատ էլ դադար, որի ընթացքում կտրուկ փոխվեց առօրյան. նոր իրավիճակ ու նոր խնդիրներ ու նոր մարդիկ ու այդ ամենին նորովի արձագանքելու անհրաժեշտություն: Ամեն դեպքում, փակցվածքի շարունակությունն արդեն այն չէ, ինչ կլիներ սկզբում: Երկար լարվածությունից հետո կարծես թե մի փոքր թեթևացած վիճակ, երբ էլ ոչ մի բան չես ուզում անել, ու չես էլ ուզում մտածել, ամեն ինչ միայն հոսանքի մեջ, առանց որևէ լրացուցիչ ջանքի, անկամք, միևնույն է, թե ուր կքշի հոսանքը:

Վերջ երևի:

Չեմ հիշում էլ ինչ իրիկուններ, Մարատ

Հ.Գ. Ի դեպ, ու փակցվածքի հետ կարծես թե կապ չունի, բայց լծակ պիտի տալ այնպիսի մարդու, որը գոնե չտես չէ, ու լծակն ընկալում է որպես պարտավորվածություն ու պարտավորություն ու ոչ թե մուննազ-զունաթ ու իր կարևորությունը շեշտադրելու միջոց: Նոր համաբնակչի ու ոչ մի դեպքում հարևանի հետ շփումից եմ հերթական անգամ եզրակացնում :)
--

No comments:

Post a Comment