Wednesday, April 27, 2011

«Այս երկիրը երբեք հնարավոր չի լինի սիրել:( Պետք էլ չէ, երևի»

Մոտ մի շաբաթ առաջ էր, աշխարհից չարացած Facebook-ում գրեցի, հեռախոսից՝ «ays erkiry erbek hnaravor chi lini sirel :( petk el che, erevi»: Պատասխանը չուշացավ. «Shoushan Arshakyan - Isk indz tvum a amaena mets Hayatyacnery amena mets Hayrenasernern en»: Իմը նույնպես՝ «Marat Yavrumyan - Երբեք չեմ մտածել դրա մասին, միգուցե, պետք էլ չէ մտածել։ Բայց առանձին գրվածքի թեմա պիտի որ լինի, փակցնեմ, բլոգում, Ձեզ կուղարկեմ, անպայման։ Շնորհակալ եմ»: Գլխի ընկաք, ենթադրում եմ, ինչի մասին է լինելու:

Գրելիս մտածում էի, որ որոշ կատեգորիաներ իմաստափոխվել են, կամ իմաստի որոշակի զարգացում են ապրել, այլևս այն չեն, ինչպիսիք դրանք ներկայացվում էին, ասենք, օրինակ 19-րդ դարավերջի գեղարվեստական գրականության մեջ, ու, հատկապես, պատմական վեպերում: Մտքումս «հայրենիքն» էր, ու քանի որ այն նույնանում էր «ՀՀ»-ի հետ, ապա շատ արագ և վերածվեց «երկրի»:

Մտածում էի, պիտի սիրել «երկիրը» այն կերպարանքով, ինչպիսին այն հիմա է, թե կերպարանքն ընդհանրապես կարևոր չէ, այն պարզապես պիտի սիրել: Հետո մտածում էի, պիտի արդյոք «սիրել», թե ուրիշ մեծությունների կարիքն ունի այդ երկիրը, ասենք՝ «կառուցել, զարգացնել, շենացնել»: «Կյանքը զոհել»-ը չեմ ընդունում, չպիտի հասցնել կյանքը զոհելուն, կյանքը կարևոր արժեք է, ենթադրում եմ՝ երկիրը նույնպես պիտի որ այդպիսին լինի: Այս երկուսի միջև համեմատականներ անցկացնել կամ առաջնության մասին գրելն անիմաստ է, դատարկ ինքնաբանավեճի է վերածվելու: Չնայած, կյանքը ... Աստված գիտի ...

Մտածում էի, որ «սիրելը» շատ է անորոշ, պիտի ինչ-որ մի բան անել: Հետո մտածում էի, թքած՝ մի քանի կյանք չենք ապրելու, եթե այն արժանապատվություն չի պարգևում այս երկրում, միգուցե երկիրը պիտի փոխել, կամ արժանապատվության ընկալումը: Մեկ ուրիշ բանի անունը դնել արժանապատվություն ու ինքդ քո հետ հաշտ ու խաղաղ արդեն «արժանապատիվ» ապրել այս «երկրում» ու Facebook-ում էլ նման «չակերտավոր մտքեր» չթողնել։ Ահա և ամբող նախապատմությունը կամ նապատրամադրվածությունը՝ իմ տողերի:

Շատ էի չարացած, վերջերս շատ եմ չարանում, չեմ հասկանում ինչու, իմ վրա եմ չարանում, չնայած գիտեմ ու գիտակցում եմ, որ չարությունն ահավոր ախտ է: Դեռ Գերմանիայում էի, հիշում եմ, շատ էի մտածում չար ու ոչ այնքան չար լինելու մասին, Արմենի հետ շատ էինք խոսում, ու փորձում էի Արմենին, իմա՝ ինձ, բացատրել, որ ոչ մի բան կյանքում առիթ չի կարող տալ չարանալու, ոչ մի բան: Շատ բան չի փոխվել այդ տարիներից՝ իմ մոտեցումներում, իհարկե, իսկ մնացածը ... :)

Երկիրը սիրել երևի պետք չէ, երկրի հետ հաշտ ու համերաշխ ապրել է պետք, երևի, միգուցե, միթե հնարավոր չէ, չեմ կարծում, չէ որ շատերն են ապրում, ինձ չեմ հիշում, ինչ հիշում եմ, համերաշխ չեմ, չնայած «շատերի» մասին միգուցե տեղին չեն իմ պնդումները, ինչ իմանամ:

Շուշան Արշակյանի պատասխանը ինձ ուրիշ ուղղություն հուշեց. չնայած նա «հայատյացը» հակադրում էր «հայրենասիրությանը»՝ հավանաբար «հայասեր» նկատի չունենալով: Ամեն դեպքում, «հայրենատյացի» ու «հայրենասերի» միջև է նրա հակադրությունը. այսպիսին է նրա տողերի իմ ընկալումը:

Շուշանի պնդման առնչությամբ. չեմ ասի, որ «-ատյաց» եմ կամ «-սեր», ինչ-որ անտարբեր/չեզոք եմ երկուսի առնչությամբ էլ, միգուցե անտարբեր, նայած ինչպիսի բարդումներում են «-ատյացն» ու «-սերը»:

Ինչ վերաբերում է հայրենիքին. պարզապես չեմ հասկանում որն է այդ հայրենիքը, որտեղ է այն, ֆիզիկական է այն ու մարմնեղեն, թե ինչ որ տեղ օդում, մտքում, հոգում, ինչու պիտի սիրել կամ չսիրել հայրենիքը, չեմ հասկանում, խուսափել է պետք երևի նման բարդ բաներից: Չնայած «հայրենիք»-ի հետ միանգամից իմ ծննդավայրն է գալիս, իսկ այն բոլորովին այլ միջավայրում է ու այլ զգացումներում: Ղուկասյանը քննարկումից դուրս է:

Իսկ խոսքը հայրենիք-երկրի մասին է, ու այն ատելով սիրելու մասին:

Ասում են ժամանակները փոխվել են, ամեն ինչ փոխվել է ու փոխվում է, հեղափոխական ժամանակներ են (արաբական պետություններում կատարվողը նկատի չունեմ, չնայած հիանալի օրինակ է մտածելակերպի փոփոխության. Հաֆեզ ալ-Ասադի կիսանդրին ճոճող ու տապալող ամբոխն իրոք փոփոխությունների հիանալի նշան է): Հետո ասում են այդ ամենն այնքան արագ է, որ եթե անգամ հասցնում ենք հետևել փոփոխություններին, դրանք միևնույն է, չենք ընկալում, չենք գիտակցում, չենք հաշտվում, դրանք ցավոտ են, տհաճ, ամեն դեպքում հաճելի չեն, փոխում են իրադարձությունների «ավանդական» ու դասավորված ընթացքը, նոր քայլեր, մտքեր, գաղափարներ, գործեր են պահանջում: Չգիտեմ ...

Հիմա նույնը հայրենիքի առնչությամբ. միթե այն հենց այն է, ինչն այսքան փոփոխությունների մեջ անփոփոխ է մնացել կամ մնալու ... Միթե սիրելը կամ ատելը այն մեծություններն են, որոնցով պետք է չափել լոյալությունը հայրենիքի հանդեպ, կամ պետք է արդյոք լոյալություն: Ինչպիսին պիտի լինի անհատի կապի տեսակը ամբոխային/խմբային/կլանային/հանրութային կազմավորումների հետ, ինչպիսիք կարող է կամ պետք է ընտրի կամ ընտրության այլընտրանք ունենա հենց այդ անհատը:

Ինչպիսին է այն արժեքը, որն առաջնորդում է կամ պիտի առաջնորդի անհատներին կամ կազմավորումներին ... գլուխ չեմ հանում, ահա թե ինչու էի գրում «պետք էլ չէ երևի», Աստված գիտի ...

Կիրակի իրիկուն, Մարատ

Հ.Գ. Վերջերս հանդիպումներից մեկի ժամանակ զրուցակիցներիցս մեկը զարմացավ, երբ պնդեցի, որ գյուղում շատ ավելի պարզ է կյանքը: Իրոք պարզ է այնտեղ կյանքը, խոսքը հեշտի մասին չէ: Կյանքն այնտեղ ահավոր դժվար է, բայց ոչ բարդ: Էլի եմ պնդում, կյանքն այնտեղ պարզ է ... եթե հաշտ ես այդ պարզի հետ ու կարողանում ես գնահատել այն:
--

No comments:

Post a Comment