Monday, April 11, 2011

Աստված գիտի, ինչ է ուզում հոգին

Չգիտես ինչու միայն անորոշ է գրվում, ինչ գրվում է անցյալ հունիսից: Դե, ավելի շուտ գիտեմ, անցյալ հունիսին առաջին անգամ զգացի, թե ինչպիսին կարող էին լինել անցած 5 տարիները՝ մի փոքր ես ոչ ավելի ակադեմիական ու ոչ ավելի «ճիշտ» լինեի ... ու ինչպիսին են այդ տարիները հիմա: Տարբեր են ... միգուցե բարին էլ հենց դա է, միգուցե, Աստված գիտի ... Շուկան չգիտես ինչու հզոր բառի է վերածվում, շատ հզոր: Ու մտածում ես, միթե պիտի ամեն ինչ հենց այդ շուկան կարգավորի ու հենց այդ շուկան թելադրի: Չեմ ուզում, ինչքան չեմ ուզում ...

Հեռուստացույցը, մոնիտորը, աշխարհ է աշխարհի մեջ. աշխարհ, որը կարող ես թերթել ու թերթել ու թերթել։ Իրական աշխարհ, գունավոր, արագ, ամենատես ու ամենահաս ու սարսափելի. ոչ քո իրականությունից, ոչ քո իրականությանը համաչափ, ամեն ինչ այնքան գունավոր ու հատվածատված. գույն ու հատված, գույն ու հատված. կադր, կադր, կադր ... Քո մոտ էլ է սկսվում ամեն ինչ կադրային դառնալ, ոչ մի կապ կադրերի միջև, խճանկար, որը անընդհատ հավաքում ես ու չգիտես անգամ ինչ կստացվի, չես էլ ուզում երբեմն իմանալ ինչ կստացվի: Միևնույն է, չի ստացվելու այն ինչ ուզում էիր, կամ միգուցե չես կարողանում իմաստավորել ու գնահատել այն, ինչ արդեն իսկ ստացվել է: Բառախաղ է հիշեցնում, միտքն է միգուցե բառախաղ, միտքն է միգուցե հատվածական ու կադրային ու այս ու այն կողմ ...

Իրական չէ ամեն ինչ, իրական չէ ... ուժ չկա, կամք չկա, զոռ տալ չկա, զոռով անել չկա, ամեն ինչ այնքան նուրբ, նրբանկատ, զզվել կարելի է, ջան ու ղուրբանությունից ... Նկատել եք, ինչքան է ջան հնչում ամեն մի անունից հետո ...

Տեսե՞լ եք, ինչպես են գերանդիով խոտ հնձում: Իսկ երբ դաշտը մեծ է ու վերջը չի երևում: Կամք է պետք՝ գերանդին ծեծելու, սրելու, հետո նորից ու նորից, ու առավոտյան ու կեսօրին ու երեկոյան ու իրիկունը ու նորից ու վերջն էլի չի երևում, իսկ անելու դեռ ինչքան բան կա ... Թե չէ չորս պատ ու աթոռ ու հեռախոս ու մոնիտոր ու չգիտես ինչ ... Ամեն ինչ այնքան իրական է ու ոչ իրական:

Կհիշեք ինչ եք իրականում արել մինչ հիմա, այնպիսի բան, որով եթե ոչ հպարտանալ, գոնե անունը տալիս գլուխը չեք կախի (եթե իհարկե համեստ եք ձեր էությամբ) ... Իսկ երբևիցե ուզել եք կամ ձգտել, շատ ու շատ, մասնակցել մի այնպիսի բանի, որն իրական է, շատ իրական ու շատ կարևոր, նույնքան կարևոր, որքան դիզած խոտը: Ու ինչ եք զգացել դրանից հետո, կամ իրիկունը, քնելիս, երբ ավարտել եք, կամ դեռ այդ իրականի ընթացքի մեջ եք:

Վերջին անգամ երբ եք բնության գրկում եղել. կարծեք շարադրություն գրեմ, դպրոցական ու տրիվիալ՝ բնության գրկում ... Երբ եք վերջին անգամ լիաթոք շունչ քաշել, որ օդի սառնությունից ու առատությունից քիթն ու թոքերը մռմռան, իսկ գլուխը թթվածնի առատությունից պտտվի ու օդն էլ համ ու հոտ ունենա ... Վերջին անգամ երբ եք նույն այդ բնության գրկում անիմաստ այս ու այն քայլել, անիմաստ թափառել, քայլել ու քայլել, թափառել ու թափառել:

Իսկ մեջքը տվել սառը գարնանը արևից տաքացած քարերին ... Անընդհատ նույն բանի մասին է ու նույն բանի ... Նայելու ու չտեսնելու կամ տեսնել չցանկանալու ու վազելու, չգիտես ուր ու ինչի համար ու հանուն ինչի, ու պետք էր որ, ու արժեր որ, ու ... ու ... ու ... հետո՞ ... վերջը ... էլի նույնի մասին:

Վերևում մի փոքր «ոչ ճիշտի» մասին էի գրում: Ավելի շուտ համառության, բայց այնպիսի համառության, որը, բառը չեմ գտնում, բայց բացասական է այդ բառը, բացասական տարրեր ունի: Չնայած բացասականն էլ, այնպիսին է այդ բառը, որը զարտուղի, կողմնակի, շեղվող լուծումներ է պարունակում, բայց այդ զարտուղին, կողմնակին, շեղվողը արդար, ավելի շուտ արդարացի չեն, քո ջանքի արդյունքը չեն:

Մանկուց մի բան գիտեմ, ամեն ինչ պիտի ինքնուրույն անել, ոչ մեկին նեղություն չտալ, աննշան ու հանգիստ ապրել, ոչ ինքդ քո համար, այլ աննշան, առանց գլուխը ցցելու, հանդարտ. կյանքն ամեն ինչ իր տեղում կդնի, ու չակնկալել, ոչ մի բան չակնկալել: Ինքդ քո հետ ու քո հույսին: Եթե հաջողվում է գտնել այպիսի մարդկանց նաև շրջապատում, ապա նաև օգնող ձեռքեր ունես, ում շնորհակալ ես: Շնորհակալ լինելը ոչ մի բանով չի արտահայտվում, բացառությամբ մինչև հոգու խորքը բարի խոսքով, որը միայն շեշտադրություն կամ առոգանություն է ցանկացած բառի մեջ, որը վերաբերում է այդ մարդկանց: Միգուցե պասիվ ու եսասիրական, ավելի շուտ ԷԳՈԻՍՏԱԿԱՆ պահվածք է սա, միգուցե, բայց մանկուց ես նաև ուրիշ կոնցեպտների վրա եմ մեծացել՝ «օրշնել», «օղօրմի տալ անցավորներին»: Սրանք կոնցեպտների են, որոնք աշխատում ենք հենց այդ պահին, երբ արտասանվում են. հաջորդ իսկ վայրկյանին դրանք չկան: Բայց դրանից դրանց կարևորությունը չի նվազում, չգիտեմ ... միգուցե և անպիտան է նման շնորհակալությունը, չգիտեմ:

Ինչ է ուզում հոգին, Աստված գիտի ...

Շաբաթ իրիկուն, Մարատ

Հ.Գ. Ցողամարգում ընկերս տուն ունի, տան հետևում փոքր մի առու կա, ափին՝ ուռենիներ, տան դիմաց հիանալի ռեհան է աճում, լավաշ էլ կա տանը, պանիր նույնպես, իսկ կարտոֆիլ ջրելը բարդ է, երբ պիտի դույլերով դա անել, ու դու 10-րդում ես, ու սիրտդ ուրիշ բան է ուզում, իսկ կարտոֆիլ ջրելը անեծքին հավասար պատիժ ... (կարծում էինք նույն այդ 10-րդում):
--

No comments:

Post a Comment