Monday, May 16, 2011

«Իմը գողականը չէ, իմը մարդկայինն է …»

Փակցվածքները, որոնք կարդում եք այստեղ ու որոնք հետո հավանում եմ ես ինքս, գրվում են զգացումների պոռթկումների պահին։ Այդ պահին բանականությունը, իհարկե, տեղի չի տալիս, պարզապես ավելի անկեղծ է գրվում ու ավելի իրական ու ավելի մարդկային։ Մարդկային բառի հետ ինչ որ հուշեր կան, 1996-ից, երբ կուրսում ու թաղից կամ քուչից ոմանք պնդում էին, թե իրենցը գողական չէ, իրենց մարդկայինն է. հետաքրիր տարիներ էին ։)

Երբեք չեմ դադարի զարմանալ մարդկանց պահվածքից, հավանաբար, չեմ դադարի զարմանալ, եթե անտարբերությամբ այլևս չնայեմ այդ պահվածքին։ Մինչև վերջերս ավելի կտրուկ էին դասերի սահմանագծերը մարդկանց դասակարգման աղյուսակում։ Հստակ վերաբերմունք կար նաև այդ դասերի նկատմամբ. սևը իրոք սև էր, սպիտակը իրոք սպիտակ ու մարդիկ, որոնց հետ եթե պետք էլ լինի, առ ու տալ չես էլ անի՝ «իրա շառը իրա հետ»։

Չգիտես ինչու ու ինչ-որ մի պահի հանկարծ գույները խառնվեցին, սահմանները կորան, «խերն ու շառը» հազիվ են տարբերվում միմյանցից, եթե տարբերվում էլ են։

Չգիտես ինչու, հանկարծ սկսեցի եթե ոչ հարգել, ապա ավելի հարգալից վերաբերմունք ցուցաբերել իմ այն հասակակիցների նկատմամբ, որոնք ավելի, ինչպես ես եմ ձևակերպու, «պրաբիվնոյ են»։ Այդպիսիք իմ աչքին այլ գույն ու հարգանքի բոլորովին այլ աստիճանի վրա էին ընդամենը մի քանի ամիս առաջ։ Ու հանկարծ՝ բախ՝ ու բոլոր աստիճանները խառնվեցին միմյանց։

Միգուցե և գիտակցում եմ, ինչու խառնվեցին … տարօրինակ է, որ այն, ինչ ինչպես և իմ ուսուցիչը ես ակադեմիականություն եմ անվանում կամ նրանից եմ սովորել, բոլորովին չի տեղավորվում խառնված այս աստիճաններից և ոչ մեկի վրա։ Ցավալի է, իրոք ափսոսալու չափ ցավալի։

Ափսոսանքը ինչ-որ տհաճ զգացում է, այն մսխած հնարավորությունների ու կորցրած տարիների զգացում է, դրանով իսկ անչափ տհաճ։

Ամեն դեպքում, մտածում ես, արդյոք «պրաբիվնոյը» կյանքի այս տեմպի պահանջը չէ։ Արդյոք այսօրը հենց սա չի պահանջում՝ արագ արդյունք, կարճ ժամանակահատված, նվազագույն ջանք, ծափեր, բավարարված ամբիցիաներ։

Ամբիցիայի նկատմամբ վերաբերմունքն էլ է խառնվել. այն միանշանակ բացասականից ինչ որ անհասկանալի վայրում է հայտնվել։ Համեստությունը, իրականության նկատմամբ համեստ պահանջները հենց այն էին, ինչ պիտի որ անհրաժեշտ լինեին մարդուն, կամ մարդու հիմնական տեսակի համար, այն տեսակի, ինչպիսին ինքս էի պատկերացնում։ Ու հանկարծ, պիտի ինչ որ այդ պահին չափազանց կարևոր թվացող զրույցի (իրոք թվացյալ, որովհետև հոգևոր առումով դատարկ է այդ զրույցի արդյունքը, նպատակը, առաքելությունը) ընթացքում հիմնավորել սեփական ամբիցիաները, որովհետև այդպիսիք միմիայն ու շատ կարևոր երանգավորում են ստանում. ամբիցիոզ մարդիկ են, պարզվում է, պահանջվում այս այս տիպի հասարակությանը։

Իսկ ուր մնաց տեսակը, որը լուռ է, որը պահանջելու ու սպառնալու ու հավակնելու ու հավակնոտ հավակնելու փոխարեն երկար ու հետևողականորեն լուռ քայլում է, գիտի ուր է քայլում, ինչու է քայլում, հաստատուն քայլերով է քայլում, րոպեական արդյունքի չի ձգտում, «կպցնելովի» ու «հարց լուծել» չի ուզում։

Չեմ բացառում, որ հասարակությունը փոխվել է, գիտակցումն է մի փոքր ուշ գալիս, հասարակությունը արագ հակազդակ ու արդյունք է ուզում, չեմ բացառում։

Մնում է կրկին «խաղալ» արագության հետ ու պնդել, թե տարբեր են արագության չափման համակարգերը բանասիրական կամ հումանիստական մտքի ու կիրառական ոլորտների համար։ Միգուցե և այդպիսին է. քրիստոնեությունը երկու հազար տարվա պատմություն ունի, միաստվածականության գաղափարը՝ շատ ավելի հին է։ Իսկ ահա KDWIN-ն ու MS Office-ը հազիվ թե այդքան ապրեն, բայց թե միջուկային էներգիան էլ այլ է, արագացուցիչները նույնպես, բայց թե քրիստոնեական կամ իսլամական կամ ընդհանրապես՝ այն ինչ կրոնական է անվանվում կամ հոգևոր, միտքն ուրիշ է ու երկար ու երկար ու անհուն ու անհուն։ Չնայած կավե տախտակները կամ մագաղաթը կամ թուղթը կամ սեպը կամ փետուրն ու եղեգից գրիչը կամ գրիչը կամ մատիտը, էլի նույնքան հին են։) Ինչ իմանամ ...

Չգիտեմ ու ամեն դեպքում, «պրաբիվնոյ» լինել կամ չլինել կամ ձգտել կամ չձգտել ու «հարցեր լուծել» ու հետո դեմքի չափազանց խորը ու բազմ«իմաստ» արտահայտության «փիլիսոփայել», թե «իմը գողականը չէ, իմը մարդկայինն է» … չգիտեմ, ամեն դեպքում։

Երկուշաբթի իրիկուն, Մարատ

Հ.Գ. Կարելի է և «պրաբիվնոյ» լինել, միգուցե և արժե …
--

No comments:

Post a Comment