Monday, May 16, 2011

Երազանք ունե՞ք դեռ ...

Բլոգի աջ հատվածում հղումներ կան այլ բլոգների վրա. դրանցից յուրաքանչյուրը հետաքրքիր է իր ոճի մեջ. նրանց ոմանց մոլի ու մշտական ընթերցողն եմ: Հեղինակները և մեր իրականությունից են և՝ արևմտյան: Արևմտյաններն մի տեսակ այլ հետաքրքրությամբ են կարդացվում, ոչ թե արևմտամոլ եմ կամ էլ «դեպի արևմտյան արժեքներին ինտեգրման եմ ձգտում» :), այլ նրանցում ինչ-որ յուրօրինակ տեմպ կա, տեմպ, որը կարծես թե անհասանելի է: Գրեցի «կարծես թե» ու մտածեցի, «կարծես թե»՝ այո, թե՞ «կարծես թե»՝ ոչ:

Տեմպի զգացողությունը տարօրինակ է. երբեք չես իմանա, ինչպիսի տեմպ ես ուզում: Երբ այն արագ է, սիրտդ հանգիստ է ուզում, երբ հանգիստ է, չգիտես ինչու ամեն ինչ այնքան անկենդան է թվում, Աստված գիտի:

Տեմպի մեջ շարժման ինչ-որ յուրօրինակ զգացում կա, հետևողական շարժման զգացում: Մեկ այլ հարց է, թե արդյոք շարժում է այն իրականում, թե շարժման պատրանք: Հետևողականը հենց այն է, ինչը ինչ-որ քայլերի ինչ-որ հաջորդականությունը շարժման է վերածում: Ընդհատված ավանդույթների, իրադարձությունների, հետևողականության մասին խոսելու ու խորհրդածելու բազմաթիվ առիթներ են եղել ու էլի կլինեն: Մղումը միշտ էլ եղել է հնարավորինս խուսափել ընդհատումից։ Մղումը մեկ բան է, իրականությունը՝ մեկ այլ:

Ուզում էի հարցնել, ունե՞ք արդյոք ծրագրեր կամ ծրագիր կամ նպատակ կամ երազանք, դեպի ուր հետևողականորեն քայլում եք: Քայլում եք կարճ կամ երկար, արագ կամ դանդաղ, բայց զգացում ունեք, որ հենց այդ ուղղությամբ եք քայլում: Իհարկե, կհոգնեք նաև ճանապարհին, դադար էլ կտաք, միգուցե կմոլորվեք էլ, բայց դրանից չի կորի այն, դեպի ուր քայլում էիք:

Երբ ավարտում էինք դպրոցը, շատ-շատերը ուղերձներ ու բարեմաղթանքներ էին ուղղում: Գիտեք արդեն՝ «կանաչ ճանապարհ», «կյանքի բարդ ու դժվարին ուղիներում» ու էլի այս տրամաբանությամբ: Բառերի իմաստը տասներորդցիներից ոչ մեկը և չէր հասկանում, եթե անգամ հասկանում էլ էր, ապա ի վիճակի չէր պարզապես ընկալելու: Ամեն դեպքում այդպիսին էին մենք, կամ նվազագույնը՝ ես:

Բայց մինչև հիմա մի բարեմաղթանք եմ հիշում, որը չգիտես ինչու տպավորվեց հենց այդ պահին իմ մեջ, չեմ մոռանում մինչև այսօր: Հորս ընկերներից մեկը մեզ մաղթեց, որպեսզի մենք երբեք չմոռանանք երազել ու զգուշացրեց, որ երազելու կարողությունը կորում է տարիների հետ ու ինքը «նախանձում» է մեզ, որովհետև հավատացած է, որ հենց այդ պահին մեզանից յուրաքանչյուրը անթիվ անհամար երազանքներ ունի:

Չգիտես ինչու ինձ թվաց, թե երևի բարեմաղթանքներից ամենահեշտ իրականացվողը պիտի որ հենց սա լիներ ...

Կիրակի իրիկուն, Մարատ
--

No comments:

Post a Comment