Friday, October 11, 2019

Մնալ հողի վրա

Հատուկ ես ուզում գրել. ինչ-որ բաներ ամրագրելու համար։ Նախորդները հենց այս նպատակով են գրվել, հետո կարդալու, ծիծաղելու, հավանելու, փորձել հիշելու, թե տեսնես ինչի ես գրել, կամ գրելիս ինչ ես մտածել։ Հիմա էլ է։ Ճիշտ այդպիսի պահ է։ Վերջին երկու տարիները։

Մտածում էի, որ Վահագն Գրիգորյանի «Տեղատվությունը» հենց այն է, ինչ կա։ Մտքի, թռիչքի վրա զարմանում ես, ապշում, ինչպես կարող է սա գրվել։ Հարցրել եմ Վահագնին, ինքն էլ չգիտեր։)

Վազել, վազել, ոչ ֆիզիկապես, ֆիզիկապաես իրականում հակառակն է, միշտ բարկ արև ես փնտրում ու սառն օդ։ Իսկ մտքերով ամենուր ես ու ոչ մի տեղում։ Ինչ անել, ինչի համար է այս ամենը,— նույնիսկ իմաստ չունի հարցնել։ Ուրիշ բան է պետք հարցնել։ Իսկ թե ի՞նչ... Եթե միայն հնարավոր լիներ իմանալ, թե ինչ։ Հետո կպարզվի, որ իրականում ոչ մի բան էլ պետք չէր հարցնել։ Գնալ էր պետք պարզապես, քայլել։ Քայլել քայլելու համար։ Չնայած Աբեն ասում էր աշխատելը աշխատանքով աշխատանք հաղթահարելու համար է։ Լեմը գրում էր, թե այս ամենը միայն նրա համար է, որ անես այն, ինչը բանականությամբ ոչ իմաստ ունի անել, ոչ էլ հնարավոր է թվում այդ պահին, բայց բանականությունը հենց դրա համար է, որ հենց դա անես։ Սա ինդուստրիալ է, շատ ինդուստրիալ։ Չնայած ամենաշատը կոտրված հեռագրասյուներ եմ սիրում, օդում կախված, առանց հիմք, հողից կտրված, ու հայկական աշնանային վառված դաշտերում բարձրավոլտ մետաղական էլեկտրասյուների շարքը։ Ձմռանն էլ են դրանք սիրուն։ Ու ինչքան խճճված, այնքան լավ։

Մնալ հողի վրա։ Ու լավ է՝ բոբիկ։

Ուրբաթ

No comments:

Post a Comment