Tuesday, October 10, 2017

Ու էսպես

Վերջինը չեմ էլ հիշում երբ էր. իհարկե, գիտես, բայց էնքան ժամանակ է անցել, որ թվում է մի ամբողջ կյանք։ Բայց որ նախորդը չես, էդ արդեն հաստատ։ Քո մեջ նախորդն ես, իհարկե, բայց շատ բան վերանայել ես, անգամ գրելու ձևը, որովհետև էլ կարևոր չէ, իրականության հետ կապը կարևոր չէ։ Մի անգամ դու ես սահմանափակել կապը այդ իրականության հետ, մյուս անգամ ինքն է քեզանից խուսափում — խանգարում ես։ Ինքն է քեզ խանգարում, դու ես իրեն խանգարում, բոլորն իրար խանգարում են։ Ու ստացվում է մեծն դասականի գաղջը։

Մտածել չի ուզում ոչ ոք։ Սուտ է, թե մտածում են։ Մտածելը գործել էլ է նշանակում, իսկ գործ չկա, հետևաբար միտք էլ չկա։ Ինչ կստացվի, կստացվի։ Մի բան հո կլինի, չի կարող չլինել։ Եթե մյուսը քո փոխարեն մտածում է, էլի լավ է, ու էնպես չի, որ ուրիշի փոխարեն մեկ ուրիշն է մտածել, նրա փոխարեն էլ մեկ ուրիշ ուրիշը, իսկ վերջինը, որը պիտի մտածեր, նստած իր համար սիգար է ծխում ու մտածում, որ, կամ չմտածում, որ մի բան կլինի, հո էսպես չի մնալու։

Ու էսպես։

Էս չի նշանակում, որ եկա։ Չէ։ Չեմ հիշում երբ, բայց հոգու հետ պայմանավորվածություն կա։ Նա ինձ չի խանգարում, ես իրեն։ Ինքն իր համար է ապրում, դու քո համար չգիտես ինչ ես անում։ Պտտվում ես, սպասում ես որ արև լինի, մի քիչ արևկող տաս, կամ քամի լինի, կամ աշուն գա, կամ գարուն գա, կամ տաք լինի, կամ մի քիչ հովը չէր խանգարի, էս սիրուն է, էն չէ։ Քո համար, քո համար։

Դե։

Երևի իմաստությունը էս է։ Էլ երեխա չես, չես ուզում հրճվել կյանքով, շարունակել բացահայտել այն, մեծացել ես։)

Ուրիշի մահն անգամ նրա համար է, որ կտրվես ինքդ քեզանից, քոնը էլ չեմ ասում։

Երեքշաբթի, առավոտ

No comments:

Post a Comment