Monday, June 13, 2011

Չեմ հասկանում, էլի արծրունիություն անե՞նք

Հիմա էլ չեմ հիշում ով, բայց շրջապատում մեկը պնդում էր, թե առաջին արձագանքը ամենաճիշտն է, նաև ամենատեղինն ու ամենաադեկվատը: Իհարկե, ինչ հաջորդելու է, ամենաառաջինը չէ, մի գիշեր արդեն իսկ անցել է, առաջինը էլփոստի միջոցով, իհարկե մի փոքր ինքնագրաքննված արդեն իսկ ուղարկել եմ, բայց հոգիս ինչ-որ հանդարտ չէ, ոչ մի կերպ չի հանդարտվում, չի խաղաղվում:

Կա նաև այս պատմության առաջին հատվածը: Իհարկե, գիտեի, որ լինելու էր այնպես, ինչպես եղավ, բայց հոգու ամենաահեռու անկյունում մի փոքր հույս էի պահում ու այդ հույսի վրա մասնագիտական գործունեության ու ընդհանրապես, հասարակ առօրյայի ու ապագայի առաջիկա վեց տարին էի ծրագրում:

Բայց դե գիտեք, արաբագիտությունը շատ քչերին է հուզում, Մերձավոր Արևելքը՝ նույնպես: Ընկերներից մեկը կատակում էր, թե մի վեց տարուց Մերձավոր Արևելք չի լինի (Ռ.Մ.©), երևի նրանք ավելի հեռատես էին, քան մենք, մեր ամբողջ ամբիոնով:) Ի վերջո, քաղաքականություն իրենք են անում, իրենք էլ ֆինանսավորում այդ ամենը ու լիբիացի ապստամբների հետ նավթի պայմանագրեր կնքում: Աստված լիբիացիների հետ, Կադդաֆիին շարունակում եմ հարգել ...

Ստանդարտ ու հասարակ ու պարզագույն մի իրավիճակ է, սովորական, կասեի ես անգամ մասնագիտական կյանքի մերօրյա իրողության համար: Գրում ես հայտ, որի վրա բավականին երկար ժամանակ ու ջանք ես ծախսում, որն անում ես ուրիշ բաների հաշվին՝ հանգստանալու, գիշերը կարճացնելու, երեխաների, մյուս գործատուի, նյարդերի, հոդվածի, ուսանողների, սեփական գործով զբաղվելու հաշվին ու հետո այդ հայտը ներկայացնում ես ու հետո քեզ հարցազրույցի են հրավիրում, սովորաբար Թիֆլիսում գտնվող կենտրոնական գրասենյակի ներկայացուցչի մասնակցությամբ, իսկ վրացիներից ես միայն խոհանոցն եմ սիրում ու պարերը, թե չե մնացածը ... ու հետո ստանդարտ տեքստով նամակ է գալիս, որում քեզ մասնագիտական հետագա հաջողություններ են ցանկանում:) Ու ամեն ինչ սկսվում է նորից:

Սովորաբար չեմ բարկանում, ԵՄ-ում ամեն ինչ պարզ է, այլ հավասար պայմանների դեպքում ԵՄ քաղաքացիները օրենսդրությամբ առավելություն ունեն, իսկ արաբները որպես բրածո, որպես պեղվածք ԵՄ պրոֆեսորների համար ավելի կարևոր են, քան մյուսները: Ամեն դեպքում, մասնագիտական կայացման ճանապարհը դժվարին է, ջանքերը, երբեմն սիզիֆյան:

Այս անգամ ինձ պարզապես հունից հանեց մասնագիտական հետագա հաջողություններ ցանկացող նամակի բովանդակությունը, որում կասկածի տակ էր դրվում գիտեք ում՝ Կ.Վերստեղի (K.Versteegh) մասնագիտական ունակությունները: Ով արաբագիտությունում ու արաբերենի հետ փոխկապացված գիտություններում մի փոքր արևմտյան գրականություն է կարդացել, 1970թ. ի վեր հենց նա է գիտական խոսույթ թելադրում միջկիտագարկային արաբագիտական ուսումնասիրություններում: Ավելի քյառթու՝ Վերստեղը հետերկրորդաշխարհամարտային եվրոպական արաբագիտության ՊԱՊԱներից է, եթե ոչ ՊԱՊԱՆ:

Ու վրացական կենտրոնից անգլերեն նամակում հանկարծ նշվում է, թե մեր հայտում նշված արևմտյան մասնագետը (իմա՝ K.Versteegh), ով ԵՊՀ-ում, մեզ հետ, փորձելու էր արաբագիտական նոր ուսումնական ծրագրեր մշակել, ուսանողների հետ աշխատել, ասպիրանտերի ու մագիստրանտների գիտական համա/ղեկավար լինել, սեմինարներ ու մաստերկլասներ կազմակերպել, պարզապես քննարկել ու քննարկել ու գյալաջիեվել, ու հետո, մեկ տարի անց Ջ.Օուենսը (J.Owens՝ մեր Հովոն), ու հետո, էլի մեկ տարի անց Պ.Լառշեն (Հովոյի P.Larcher-ն), հետո էլի մեկ տարի անց Ռ.Բաալբակին (լիբանանցի R.Baalbaki-ն) ու հետո... ու հետո ..., հանկարծ՝ նրանք բոլորը մեկ վայրկյանում վերածվում են «ոչ ռելեվանտ մասնագետների»:

Պնդումը մեղմ ասած աբսուրդ է, ցնդաբանությունը, ոչ մի ուրիշ արձագանք չկա, եթե զգացմունքներին ազատություն չես տալիս ու չես հիշում ֆրանկ պապերի ու ֆրանկ ծերունիների յուրօրինակ, մյուսների հավատն ու մարմնի ամենատարբեր մասեր կասկածի տակ դնող յուրահատուկ բառապաշարը:

Մեկ այլ ցնդաբանություն նույն նամակից՝ ամբիոնին պիտի ինչ-որ մեկը դրսից կարողանա օգնել վերանայել ուսծրագրերի ու ուսպլանների կառուցվածքը, ռեդիզայն անել դրանք: Ենթադրում եմ, նրանք նամակում ռեդիզայնը նկատի ունեին տեխնիկական մասով, ոչ բովանդակային: Եվ սա այն դեպքում, երբ EU TEMPUS HERE-ի հայաստանյան փորձագիտական խմբի չորս անդամներից մեկը հենց նույն մեր ամբիոնի դոցենտ է: Սա ամենապարզագույն հակափաստարկը նամակի ցնդաբանության դեմ, էլ չեմ ասում, որ ամբիոնում շատերը դիզայնի հետ վատ չեն (մեղմ եմ գրում, շատ, անչափ, ահավոր անչափ մեղմ):

Ավելի օբյեկտիվ լինելու համար. նամակի հաջորդ կետը Արևմուտքում գիտական/ակադեմիական ինչ-որ աստիճան ստացած հետազոտողների մասնագիտական մակարդակի ու ներգրավվածությանն մասով էր: Երեք թեկնածուներից (PhD+PhD+MA) մեկը ես էի, նրանց երկուսի մասով նշվում էր, թե պիտի ավելի սերտ ինտեգրել (էլ չեմ մանրամասնում չհիմնավորված պնդում-ցնդաբանությունները) ու մյուսը՝ անգլերենի իմ իմացությունը բարելավելու անհրաժեշտության մասին էր :)

Լավ, անգլերեն Հովի պես չեմ խոսում ու չեմ էլ խոսի, Հովի պես հիմա չեմ գրում, հուսամ երբևիցե կգրեմ (մասնագիտական մակարդակի մասին էր խոսքը հիմա), բայց դա լեզվի իմացության հետ կապ չունի: Լեզուն գործիք է, որը կարելի է հղկել մի երկու-երեք ամսվա ընթացքում, եթե այդ գործիքը քեզ անհրաժեշտ է ու կարելի է լեզուն մոռանալ, էլի մի երկու-երեք ամսվա դեպքում:

Չեմ շարունակում, կատաղած եմ, գիտեմ էլի դրանց անգլերենները, իմ՝ «հաշուլխան հազե գադոլ մեոդ»-ից կամ էլ Սպիտակցի Գոռի «հայուդույուդու»-ից այն կողմ հազիվ թե անցնում է (առաջինը՝անգլերեն չէ, եբրայերեն է:) ... Գիտեմ նաև շատ-շատերին, ով արդեն իսկ ընդգրկված է նախորդ տարիների ծրագրերում ու գիտեմ, թե ինչքանով են նրանք իրապես (ոչ թղթերով ու հայտերով) ընդգրկված բարձրագույն ուսումնական հաստատություններում ու ինչքանով է նրանց իրական ներդրումը բուհական կրթության զարգացման մեջ, երկիրը, ամեն դեպքում, փոքր է, մասնակիցները՝ ԵՊՀ-ում: Ամեն դեպքում ծրագրի անունը HESP-AFP – HIGHER EDUCATION SUPPORT PROGRAM - ACADEMIC FELLOWSHIP PROGRAM էր, թեև անգլերենով, բայց ամեն դեպքում առաջին հատվածը ESP չէր՝ ասենք ENGLISH SUPPORT PROGRAM: Աստված անգլերենի հետ ...

Պիտի մի փոքր անկեղծ լինել ու նման նամակներում գրել իրականությունը, որ գիտեք ինչ, պետք չի մեզ, որ ձեր մոտ արաբագիտություն լինի, մի փոքր շնչել կարողանա, առավել ևս մեր փողերով: Արաբագիտությունն ու Մերձավոր Արևելքը մերն են, գիտությունը մերն է, գաղափար առաջադրելու ու քննարկման դնելու մենաշնորհը մերն է, դուք պիտի վազվզեք, սոցիոլոգիական հարցումներ անեք, մարդկանց՝ ամբոխի պահվածքի հոգեբանության մասին մեր պատկերացումները փորձարկեք ու իրավական այն ակտերն ու նորմերը կիրառեք, որոնք մեր հավանությանը կարժանանան: Նորմալ է, երրորդ է աշխարհը, երրորդ, լրիվ նորմալ:

Հայերն ավելի վրացի են, քան հենց վրացիները, չեմ հասկանում, միթե մեր մեջ ավելի կաթոլիկ լինելու սինդրոմը բնածին է, միթե այդ Փակ հասարակության ինստիտուտում ոչ ոք չի գիտակցում, որ կարելի է մի քիչ ավելի հայ առաքելական լինել, Գարեգին Բ-ի հետ կապ չունի, բայց ամեն դեպքում Ռատցինգեր-Բենեդիկտոսի ու Համայն վրաց Իլյա Բ-ի հետ էլ կապ չունի: Միթե ջիպով տուն գնալու համար կարելի է ավելի 16-րդ կամ Բ-ոտ մնալ ամբողջ կյանքում:

Չեմ հասկանում, միթե ոչ ոք այս երկիրը չի սիրում, միթե ոչ ոք առավոտ արնթնալիս Արարատին չի նայում, միթե ոչ ոք Անիին նայելիս ցավ չի զգում, միթե ոչ ոք Կարսին նայելիս միանգամից Գյումրին չի հիշում, միթե ոմանց համար անգլերենն ավելի կարևոր է, քան հայերենը: Չեմ հասկանում՝ էլի արծրունիություն անենք, վեր կենանք ու գնանք մի հատ էլ Կիլիկիա սարքենք: Չեմ հասկանում նրանց, չեմ հասկանում, չնայած հասկանում եմ ... աստված նրանց հետ:

Աստված նաև Վերստեղի ու Հովի ու Լառշեի ու Բաալբակիի ու Արամի ու Սոնայի ու իմ ու վրացիների ու Սորոսի ու Փակ հասարակության ինստիտուտի ու նրանց ջիպերի հետ:

Լավ կլինի, ապե ... աշխարհը կլոր է, ոմանք հիշաչար, շատ, անչափ հիշաչար:

Ուրբաթ գիշեր ու շաբաթ առավոտ կանուխ, Մարատ

Հ.Գ. Այ հենց այս պահերին եմ մինչև ենթաստամոքսային գեղձս զգում (Ս.Բ.©), թե ինչ է նշանակում ապրել ոչ լեգիտիմ իշխանություն ունեցող երկրում ու աշխատել հաստատությունում, որը օբյեկտիվ ու ոչ այնքան օբյեկտիվ պատճառներով պարապ ու փուչ հաստատություն է, ֆուտլյար՝ ինչպես ևս ես:)

Հ.Հ.Գ. Հիմա պիտի Վերստեղին գրեմ, թե գիտես ինչ Sehr geehrter Herr Prof. Versteegh, Lieber Kollege, ի վերջո՝ ապե, Փակ հասարակության ինստիտուտի համար «դու մի փոքր ոչ ռելեվանտոտ ես» ։) (իսկ հիստերիկ ծիծաղը ինչ-որ սմայլիկ ունի՞, երևի :ՃՃՃՃՃՃՃՃՃՃՃ)
--

No comments:

Post a Comment