Սկսելը դե կսկսեմ, բայց թե ուր կգնա հետո, այդ դա է հարցը. երկար է, ինչ դադար էր ու ընդմիջում, ոչ առօրյայում ու ոչ էլ մտքում, ոչ գաղափարներում ու ոչ էլ քննարկումներում, վերջիններիս նկատմամբ հիմա շատ ավելի սառն եմ, անտարբեր, ավելի շուտ։
Հետաքրքիր բառ է երկարը, մտածում էի դարձնել «երկար ժամանակ», բայց հետո մտածեցի՝ «ժամանակը» այն չէ, ինչով այդ երկարը արտահայտել կլինի (ոչ չափել)։
Զարմանալ ու չզարմանալ էլ չկա, չես էլ հասկանում, հոգնած ես թե ոչ, ինչ-որ անորոշ է. ուր, ինչու, երբ, ինչ արագությամբ։ Վերջերս իմ լավ բարեկամներից մեկը իրադարձությունների զարգացումների ինչ-որ շղթա ուրվագծեց, ավարտվում էր նիհիլիզմով։ Չգիտես ինչու, այն, ինչ նա նիհիլիզմ բնորոշեց, ինձ ինչ-որ մի ծանոթ, շատ ծանոթ բան հիշեցրեց ...
Շոգ էր, երևանյան շոգը գիտեք, տոթ, որը սպանում է ամեն ինչ, նույնսկ սթափ ընկալելու ունակությունը։
Հետո մարդիկ ու մարդիկ ու մարդիկ ու էլի այդպիսիք. տարբեր՝ արտաքինով, մազերի գույնով ու հասակով ու ցանկություններով ու ընկալումներով ու նպատակներով։ Գալիս էին ու գնում ու գալիս ու գնում։
Դադայի ատամներից առաջինը սկսել է շարժվել, շատ ավելի ուշ, քան Սոնայի դեպքում էր, ամեն դեպքում, արագ է ամեն ինչ, այնքան արագ։
Ինչ էր փնտրում մարդկանցից յուրաքանչյուրը այդ հոսանքի մեջ, Աստված գիտի ինչ էր փնտրում նրանցից յուրաքանչյուրը։ Ինչ էի փնտրում ես, ինքս, Աստված գիտի, ոչ ես, գլուխ չես հանի, չգիտես, ավելի շուտ՝ «չիդես»։ Տարօրինակ է, երբեք չես իմանա, թե ինչու են նրանցից շատերն անում այն, ինչ անում են։
Շնչելը ծանր է, օդ չկա, ինչ, չես հասկանում։ Հովոն Լենինգրադում է։
Երբևիցե ձեզ բրածոյի դերում զգացե՞լ եք, հասկանում եմ, որ գնալով ավելի ու ավելի բարդ է լինելու, չեմ հասկանում միայն, ինչո՞ւ էլ ավելի բարդացնել այն ամենը, ինչն իրականում առանց այն էլ բարդ է։ Չգիտես ինչու շրջապատը ինչ-որ ակնկալիքներ ունի, ինչո՞ւ ունի, հիմնավորվա՞ծ արդյոք ունի, ունենալու իրավունք ունի՞, ունենալու արժանիք ունի՞, իսկ իրավունք ու արժանիք անհրաժեշտ է ընդհանրապես, թե ունի ու վերջ, դա ունենալու իր իրավունքն է։
Չգիտեմ, ինչ-որ ոչ մի տեղ էլ չի գնում, կանգ է առել ...
Ուրբաթ իրիկուն, Մարատ
Հ.Գ. Herbert Grönemeyer - Der Weg
--
No comments:
Post a Comment